Ա․ Լոպուխին
1-2․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ մի աստված դարձրի փարավոնի համար, իսկ քո եղբայր Ահարոնը թող քո մարգարեն լինի: [1] Դու կհայտնես այն ամենը, ինչ որ քեզ կհրամայեմ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ նա իր երկրից արձակի Իսրայելի որդիներին: (Սինոդական թարգ․)
Մովսեսի այն խոսքին, թե՝ «փարավոնն ինձ ինչպե՞ս կլսի» (Ելք 6:30), Աստված պատասխանում է. «Ահա Ես քեզ փարավոնի համար մի աստված դարձրի: Փարավոնը քեզ համար սարսափելի մեկը չէ: Ես որոշեցի քեզ տալ, և իսկապես կտամ, մի այնպիսի իշխանություն, որ նա քեզանից կվախենա այնպես, ինչպես իր աստծուց է վախենում: Եվ եթե թագավորները հնազանդվում ու լսում են միայն իրենց աստծուն՝ նրան իրենցից բարձր համարելով, ապա փարավոնը, իրավամբ, վերջիվերջո կենթարկվի քեզ, և քո թոթովախոսությունն անգամ, որը դու պատճառ ես բերում իբրև խոչընդոտ փարավոնի՝ քո պահանջը կատարելու հարցում, այլևս որևէ նշանակություն չի ունենա: Քո փոխարեն, քո շուրթերով խոսողը քո մարգարե-եղբայր Ահարոնը կլինի»։ (Ելք 4:15):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․)Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ փարաւոնի համար մի աստուած դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարէն:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ մի աստված դարձրի փարավոնի համար, իսկ քո եղբայր Ահարոնը թող քո մարգարեն լինի:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ահա ետու զքեզ Աստուած փարաւոնի. եւ Ահարոն եղբայր քո եղիցի քեզ մարգարէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: