Ելից գրքի մեկնություն 7։19

Ա․ Լոպուխին

19-20․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. «Ա՛ռ գավազանդ և տարածի՛ր ձեռքդ եգիպտացիների ջրերի վրա, , նրանց գետերի վրա, նրանց վտակների վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և դրանք արյուն կդառնան: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում փայտի ու քարե ամանների մեջ եղած բոլոր ջրերն արյան կվերածվեն»»: [19] Եվ Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես պատվիրեց Տերը. Ահարոնը բարձրացրեց գավազանը, փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին, և գետի բոլոր ջրերն արյուն դարձան: (Սինոդական թարգ․)
   
   Ջրի փոխակերպումն արյան նկատվում էր ամենուրեք՝ առաջին հերթին, ինչպես նշվում է, «գետերում», որոնց թվին էին դասվում նեղոսյան գետաբազուկները, «վտակներում», որոնք այն բազմաթիվ ջրացքներն էին, որոնց միջոցով լուծվում էր ողջ Եգիպտոսի ոռոգման խնդիրը: Ջրի փոխակերպության մյուս հանգրվանը «լճերն» էին՝ ջրի պահեստարանները և «նրանց բոլոր ջրակույտերը», ճահճոտ կամ տղմուտ վայրերը, ինչպես նաև ջրամբարները՝ կառուցված գետից հեռու ապրող եգիպտացիների կողմից: Իսկ երկրորդ հերթին այս վերակերպությունը մատնանշվում է ավելի լայն ընդգրկունությամբ՝ «եգիպտացիների ամբողջ երկրում արյուն էր», և վերջապես հիշատակվում է ջրհորներ փորելու մասին (Ելք 7:24):
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ առնի գաւազանը եւ ձեռքը մեկնի Եգիպտոսի ջրերի վրայ՝ նրանց գետերի վրայ, նրանց լճերի վրայ, նրանց ջրաւազանների վրայ, նրանց ջրակոյտերի վրայ, եւ ջուրը կը վերածուի արեան: Արեան պիտի վերածուի ողջ Եգիպտացիների երկրում գտնուող անգամ փայտէ ու քարէ ամանների մէջ եղած ջուրը»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և տարածի՛ր ձեռքդ եգիպտացիների ջրերի վրա, նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և դրանք արյուն կդառնան: Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում փայտի ու քարե ամանների մեջ եղած բոլոր ջրերն արյուն կդառնան”»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա ցԱհարոն. Առ զգաւազանդ եւ ձգեա զձեռն քո ի վերայ ջուրցդ Եգիպտոսի, եւ ի վերայ գետոց նոցա. եւ ի վերայ լճաց նոցա, եւ ի վերայ խաղից նոցա, եւ ի վերայ ջրակուտաց նոցա. եւ եղիցի արիւն: Եւ եղեւ արիւն յամենայն երկրին Եգիպտացւոց, ի փայտս եւ ի քարինս: