Եսայու մարգարեության մեկնություն 11։10

Ա. Լոպուխին

Եվ այդ օրը կլինի այսպես․ հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իբրև նշան կանգնելու է ժողովուրդների համար, և Նրա հանգիստը փառքն է լինելու:  (Սինոդական թարգ․) [10]
   
   10-14-րդ համարներ․ Մեսիայի թագավորությանը մասնակից են դառնալու նախևառաջ հեթանոս ժողովուրդները, իսկ ապա նաև՝ տարբեր երկրներից վերադարձածները, որոնք գերի էին այդ երկներում, ասել է թե՝ հրեաներն ու իսրայելացիները, որոնք այդուհետև կատարյալ խաղաղությամբ պետք է ապրեն այդ թագավորության մեջ:
   «Հեսսեի արմատը»․ այժմ մարգարեն այսպես է կոչում Մեսիային, Որին ավելի վաղ անվանում էր Հեսսեի արմատի ճյուղ․ չէ՞ որ որ Մեսիան, իսկապես, ինքն իսկ է հիմքը կամ արմատը, որի վրա վերընձյուղված է Հեսսեի ամբողջ տան կամ Դավթի թագավորական տան բարեկեցությունը:

   «Կանգնելու է»…իր սեփական, ներքին, Աստվածային ուժով:

   «Իբրև նշան»․ մարգարեն այստեղ մատնանշում է Մեսիայի և՛ թագավորական, և՛ մարգարեական ծառայությունը, ա՛յն Մեսիայի, Որը լինելու է առաջին հերթին հեթանոս ժողովուրդների առաջնորդը (եբր.՝ «գոյիմ»-հեթանոս ժողովուրդներ):

   «Նրա հանգիստը»՝ Նրա բնակության վայրը, Քրիստոսի Եկեղեցին է (Եփ. 1:22-23):

   «Փառքը․․․», այսինքն՝ Նրա հանգիստը փառավոր է լինելու (Ես. 60:5):

   Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում նույնպես ասում է, որ սկզբում Քրիստոսի թագավորություն պետք է մտնեն ամբողջական թվով հեթանոսներ (Հռոմ․ 11:25):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այն օրը հեթանոսներն իրենց յոյսը դնելու են Յեսսէի արմատի վրայ, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, եւ նրա հանգիստը փառահեղ է լինելու:
(Արարատ թարգ․) Այդ օրը Հեսսեի արմատը ժողովուրդների համար կկանգնի որպես դրոշ, ազգերը նրան կփնտրեն. նրա հանգստավայրը փառավոր կլինի։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ արմատն Յեսսեայ, եւ որ կանգնելոցն է` իշխան հեթանոսաց. ի նա հեթանոսք յուսասցին: եւ եղիցի հանգիստ նորա պատուով: