Ա. Լոպուխին
Մարգարեություն Մովաբացիների մասին. «Այսպես, գիշերով պետք է ավերվի Ար-Մովաբն ու ոչնչանա: Այսպես, գիշերով պետք է ավերվի Կիր-Մովաբն ու ոչնչանա»: (Սինոդական թարգ․) [1]
1-9-րդ համարներ. Եսային իր մարգարեական տեսիլքում իրենց մասին շատ մեծ կարծիք ունեցող մովաբացիներին տեսնում է ամենախղճալի վիճակում: Հյուսիսից մովաբական երկրի վրա հարձակվել էին թշնամիները, որոնք ավերում էին մովաբական քաղաքներն ու մովաբական պարարտ արոտավայրերը և ամենուր մահ էին սփռում: Մովաբացիների խղճահարություն հայցող բարձր աղաղակներն լսվում են նրանց երկրի մի ծայրից մինչև մյուսը: Անգամ մովաբացի զինվորներն են հուսահատության գիրկն ընկել, և մովաբացիների մի մասը խմբերով դեպի հարավ են փախչում՝ հույս ունենալով իրենց համար ապաստան գտնել հարավային ամրոցներում, իսկ մի մասն էլ անմիջապես դուրս է գալիս իր երկրի տիրապետության սահմաններից ու գնում է դեպի Եդոմի երկիր: Այս համատեքստում մարգարեն մովաբական քաղաքները թվարկում է ըստ իրենց կարևորության հաջորդականության:
Մովաբացիները բարեկամական կապեր ունեին Իսրայելի հետ (Ծննդ. 19:30-38), սակայն և՛ ներքին առումով, և՛ արտաքնապես նրան օտար էին ու գրեթե միշտ թշնամաբար էին տրամադրված, ինչի համար, իհարկե, առիթ էր հանդիսանում այն հանգամանքը, որ մովաբացիների տիրույթները հարակից էին Գադի (դեպի հյուսիս) և Ռուբենի (դեպի հարավ) ցեղերի տիրույթների հետ: Իսրայելի՝ Պաղեստինում բնակություն հաստատելուց հետո մովաբացիները դեռ երկար ժամանակ պահպանում էին իրենց ինքնուրույնությունը և անգամ իսրայելական Գոդոնիել դատավորի մահվանից հետո գրեթե 18 տարի ճնշում էին Իսրայելին (Դատ. 3:11-14), ու միայն Դավիթն էր, որ նրանց հարկատու դարձրեց (Բ Թագ. 8:2): Մովաբական Մեշա թագավորը Ք. ա. 900 թվին իր ժողովրդի համար նորից ինքնուրույնություն է ձեռք բերում (Դ Թագ. 1:1, 3:4 և այլն; հմմտ. պրոֆեսոր Խվոլսոն, «Քրիստոնեական ընթերցումներ» հոդված, 1870, Մեշա թագավորի հուշակոթողի արձանագրության՝ «Մեշա թագավորի նորակառույց հուշակոթողի» մասին) ու անգամ նվաճում է Գադի ցեղին պատկանող որոշ տարածքներ: Հետագա ժամանակահատվածում մովաբացիներն ավելի են ընդլայնում իրենց տիրույթները, որը երևում է այն բանից, որ Եսայի մարգարեն նրանց նկարագրում է իբրև Եսեբոն և Ելեիլա քաղաքների տիրակալներ, քաղաքներ, որոնք Մեշայի թագավորության ժամանակահատվածում դեռևս չէին պատկանում նրանց: Իսրայելական Հերոբովամ 2-րդ թագավորը որոշ ժամանակով վերականգնում է Իսրայելի գերիշխանությունը Մովաբի հանդեպ (Դ Թագ. 14:25), սակայն այս թագավորի մահվանն անմիջապես հաջորդող իսրայելական թագավորության թուլացումից հետո մովաբացիները կրկին զորանում են: Այդ գործում նրանց օգնում են նաև բնակչության այն վերաբնակեցումները, որոնք տեղի էին ունենում Իսրայելում ասորական Թիգլաթպալասար թագավորի օրոք (734 թ.) և ծառայում էին ի նպաստ Իսրայելին ենթակա ազգերի. Ասորեստան էին տարվում բազմաթիվ հրեաներ Հորդանանի շրջանից թե՛ վերոհիշյալ թագավորի (Դ Թագ. 15:29 և Ա Մնաց. 5:6, 26), և թե՛ ինչպես նաև Սարգոն արքայի օրոք (722 թ.): Այդ ժամանակ մովաբացիները գոռոզանում են, ու Եսայի մարգարեն միանգամայն ճիշտ ժամանակին նրանց է դիմում սպառնալից կանխատեսումներով:
«Մարգարեություն»․ տե՛ս 13:1:
«Այսպես», այսինքն՝ սա միանգամայն ճիշտ է:
«Գիշերով»։ Գիշերով հարձակումն ավելի սարսափելի է, քան թե ցերեկով հարձակվելը, քանի որ մարդիկ, քնից նոր արթնանալով, կատարյալ խուճապի մեջ են ընկնում:
«Ար-Մովաբ»-երկրի գլխավոր քաղաքը, որը գտնվում էր Արնոն գետի վրա («ար» բառը մովաբերեն նույն նշանակությունն ունի, ինչ եբրայերեն «իր»-ը, որ նույնն է թե՝ «քաղաք»):
«Կիր-Մովաբ»․ հարավում գտնվող մովաբական ամենաուժեղ ամրոցն էր, որը գտնվում էր բարձր և զառիթափ լեռան վրա (այժմ՝ Կերակ): Մեշա թագավորի արձանագրության մեջ այս բառը հիշատակվում է չորս անգամ ու բոլոր դեպքերում նույնպես «քաղաք» է նշանակում («Կիր»՝ եբրայերեն բառացի իմաստը՝ «պարիսպ»: 1-ին համարի գաղափարը հետևյալն է․ Մովաբական երկրի երկու կարևորագույն քաղաքներն ընկնելու են թշնամի զորքերի գիշերային հարձակումների ժամանակ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատգամ մովաբացիների մասին․
(Արարատ թարգ․) Պատգամ Մովաբի մասին։ Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։
(Գրաբար) Պատգամ ի վերայ մովաբացւոց: Գիշերի սատակեսցի մովաբացին. գիշերի կործանեսցի պարիսպ մովաբացւոյն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: