Եսայու մարգարեության մեկնություն 23։13

Ա. Լոպուխին

13-14․ Ահա՛ Քաղդեացիների երկիրը։ Այս ժողովուրդը նախկինում չկար, Ասորեստանն այն հիմնեց անապատի բնակիչներից։ [13] Նրանք կանգնեցնում են իրենց աշտարակները, կործանում են նրա պալատները, և նրան ավերակի են վերածում։ Ողբացե՛ք, Թարսիսի՛ նավեր, քանի որ ձեր ամրությունը քարուքանդ եղավ։ (Սինոդական թարգ․)
   
   «Ահա՛ Քաղդեացիների երկիրը»։ Մեկնիչների մեծամասնությունն այստեղ քաղդեացիների մասին հիշատակությունն ամբողջովին անտեղի են համարում և այս հատվածում արտագրողի սխալն են տեսնում։ Նրանք առաջարկում են այստեղ ընթերցել կա՛մ «քանանացիներ» բառը, կա՛մ «Սոդոմ», կա՛մ էլ «Կիտտիմ» (եբրայերենում այստեղ դրված է «կասդիմ» բառը)։ Մինչդեռ բոլոր հնագույն թարգմանությունները՝ սկսած Սեպտուագինտայից, համաձայն են ներկայիս մասսորեթական տեքստի հետ, և այս վկայությունը ստիպում է մեզ ընդունել «Քաղդեացիների երկիր» ընթերցման ճշմարտացիությունը։ Սակայն ինչպե՞ս թարգմանել այս հատվածը։ Բաբելոնական թագավորության մասին այս հատվածում խոսք գնալ չէր դեռ կարող։ Մեզ թվում է, որ առավել նպատակահարմար է մարգարեի կողմից կիրառված արտահայտությունն ընդունել որպես խոսք Փյունիկիայի մասին։ Թե ինչպես են առաջացել փյունիկեցիների՝ ճշտությամբ հայտնի չէ։ Շատ հավանական է, որ մարգարեն տվյալ դեպքում ցանկանում էր ասել, որ Փյունիկիան բնակիչներ է «հավաքագրել» հնում Քաղդեայում ապրողների  միջից։ Այս պարագայում ամբողջ համարը կարելի է թարգմանել հետևյալ կերպ․ «Ահա՛ այն, քաղդեական շրջանը։ Այն ոչնչության է վերածվել․ Ասորեստանը (այսինքն՝ ասորեստանյան թագավորները, որոնք հարձակվել են Տյուրոսի վրա) նրան հանձնեց անապատի բնակիչներին (այսինքն՝ վայրի գազաններին – հմմտ․ Ես․ 13:21)։ Նրանք․․․» և այլն։

   «Ձեր ամրությունը», այսինքն՝ Տյուրոսը, որտեղ այդ նավերն իրենց համար ապահով հանգստարան էին գտնում։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ եթէ քաղդէացիների երկիրը գնաս, որը, սակայն, նոյնպէս աւերուած է ասորեստանցիներից, այնտեղ եւս քեզ համար դուլ ու դադար չի լինելու: Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա պարսպաբուրգերը,
(Արարատ թարգ․) Ահա քաղդեացիների երկիրը. այս ժողովուրդը դադարեց գոյություն ունենալուց. Ասորեստանն այն հիմնեց նավերում բնակվողների համար։ Նրանք կանգնեցրին նրա աշտարակները, նրանք քանդեցին նրա ամրոցները, ավերակ դարձրին այն։
(Գրաբար) Եւ եթէ յերկիրն Քաղդէացւոց. սակայն եւ այն աւերեալ է յԱսորեստանեայց. եւ անդ դուլ եւ դադար քեզ ոչ գտանիցի: Արկ զհիմն նորա Սիհիմ, ¡ կանգնեաց զմահարձանս նորա, եւ յարոյց զաշտարակս նորա. արդ անկաւ կործանեցաւ պարիսպ նորա: