Ա. Լոպուխին
14-15․ Սիոնում մեղավորները սարսափեցին, դող է բռնել ամբարիշտներին․ «Մեզանից ո՞վ կարող է բնակվել լափող կրակի մեջ, մեզանից ո՞վ կարող է բնակվել հավերժական բոցերի մեջ։ [14] Նա, ով քայլում է արդարությամբ և ասում է ճշմարտությունը, ով արհամարհում է անիրավության շահը, ով իր ձեռքերը հեռու է պահում կաշառք վերցնելուց, ով փակում է իր ականջները, որպեսզի չլսի արյունահեղության մասին, և ով փակում է իր աչքերը, որպեսզի չարը չտեսնի։ (Սինոդական թարգ․)
«Մեղավորները», որոնք Երուսաղեմում փոքր թիվ չէին կազմում (Ես. 1:28 ), չեն ցանկանում Աստծուն ընդունել որպես ահեղ Դատավոր, որը խստորեն պատժում է անօրենության համար։ Նրանք չեն ուզում բաժանվել իրենց արատավոր սովորություններից, մինչդեռ, ինչպես որ ասում է սաղմոսերգու-թագավորը 14-րդ սաղմոսում (1-2 հմր.), այդկերպ վարվելն անհրաժեշտություն է։ Միայն մաքուր և արդար մարդիկ կկարողանան ապահով ապրել Սիոնում՝ Դատավոր-Աստծո կողքին։
«Որպեսզի չարը չտեսնի», ասել է թե՝ բարի մարդն անգամ չի ցանկանում նայել չարիքին ու հանցանքին, էլ ուր մնաց թե՝ մասնակից լինել դրանց։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Անօրէնները մերժուեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին: Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բորբոքուել է, կամ ո՞վ պիտի յայտնի ձեզ յաւիտենական կայանի մասին:
(Արարատ թարգ․) Սիոնում սարսափում են մեղավորները, դողն է բռնել անաստվածներին. «Մեզնից ո՞վ կարող է բնակվել լափող կրակի հետ, մեզնից ո՞վ կարող է բնակվել հավիտենական բոցերում»։
(Գրաբար) մերժեցան ի Սիովնէ անաւրէնք. դողումն կալցի զամպարիշտս: Իսկ արդ ո՞ պատմեսցէ ձեզ եթէ հուր բորբոքեալ կայ. կամ ո՞ պատմեսցէ ձեզ զտեղւոյն յաւիտենից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: