Եսայու մարգարեության մեկնություն 35։2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծու:
   
   Հորդանանի անապատը ցնծալու է։

    Հորդանանի անապատն է հիշատակում, որպեսզի այնտեղ կատարված բոլոր հրաշքների միջոցով հեթանոսներին Եկեղեցի ուղղորդի։ Նախևառաջ հիշենք, որ Հովհաննեսն այնտե՛ղ տեսավ ու վկայեց Քրիստոսին, Որն «Աստծո գառն ու մեղքերը վերացնողն էր» (Հովհ. 1։29): Երկրորդ՝ որովհետև Քրիստոս այնտե՛ղ ջախջախեց վիշապի գլուխը: Երրորդ՝ որովհետև լեռներն ու բլուրները ուրախացան խոյերի մաքիների նման: Չորրորդ՝ մաքրեց ջրերը, որպեսզի մաքրի մեզ ևս: Հինգերորդ՝ որպեսզի ջրին կարողություն տա՝ մեզ իբրև Աստծո որդիներ ծնելու: Վեցերորդ՝այնտեղ բացվեց երկինքը, որ մինչ այդ փակված էր: Յոթերորդ՝ քանզի այնտեղ, ի խորհուրդ մեր որդեգրության, հայրական ձայնը վկայեց. «Դա է Իմ սիրելի Որդին»: Ութերորդ՝ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա (Հովհ. 1։32), Որից, իբրև գլխից, [շնորհը] հեղվեց մեզ՝ անդամներիս, այսինքն՝ հավատացյալներիս վրա: Այսպես Եկեղեցին, որ այրի և անարգ էր, դարձավ բազմորդի:
   

Ա. Լոպուխին

Այն պիտի ծաղկի ու պիտի ցնծա հիասքանչ ձևով, պիտի տոնախմբի և զվարճանա։ Նրան պիտի տրվեն Լիբանանի փառքը, Կարմելոսի և Սարոնի վայելչությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծո մեծությունը։ [2] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 35:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծու:
(Արարատ թարգ․) Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։
(Գրաբար) Եւ ծաղկեսցէ եւ ցնծասցէ անապատն յորդանանու. եւ փառքն լիբանանու տացի նմա, եւ պատիւն կարմելայ։ Եւ ժողովուրդ իմ տեսցէ զփա́ռս տեառն, եւ զբարձրութիւն Աստուածոյ մերոյ։