Ա. Լոպուխին
«Հավաքվե՛ք ու եկե՛ք, մոտեցե՛ք ամենքդ, որ ողջ եք մնացել բոլոր ժողովուրդների միջից: Տգետներ են նրանք, ովքեր կրում են իրենց փայտե կուռքն ու աղոթում են մի աստծու, որը չի փրկում»: [20] (Սինոդական թարգ․)
20-25-րդ համարները, այսինքն՝ մինչև սույն գլխի ավարտը, խոսքն ուղղակիորեն վերաբերում է հեթանոսներին՝ նպատակ ունենալով նրանց դարձնել դեպի ճշմարիտ Աստված: Իր ընդհանուր բովանդակությամբ ու նույնիսկ առանձին արտահայտություններով այս համարները խիստ հարազատ են Եսայի մարգարեի գրքի այն բազմաթիվ հատվածներին, որոնցում խոսվում է հեթանոս ժողովուրդների հանդեպ Աստծո դատաստանի մասին և որոնք սովորաբար ավարտվում են հեթանոսների մեղավորության ճանաչումով, սակայն միևնույն ժամանակ նաև նրանց հանդեպ ներողամտությամբ ու հեթանոսների՝ դեպի Աստված դարձի գալով (հմմտ. Ես․ 24:1-23, 26:20-21, 27:1-7, 30:27-33, 23:1-10, 40:24, 41:11-12, 25, 43:13-15 և այլ հատվածներ):
«Հավաքվե՛ք ու եկե՛ք, մոտեցե՛ք ամենքդ, որ ողջ եք մնացել բոլոր ժողովուրդների միջից․․․»: Այս կոչն իր իմաստով նույնական է իրեն նախորդող նմանատիպ հայտարարությունների հետ (Ես․ 41:1 և 43:9): Այստեղ նորություն է միայն այն, որ այս կոչն ուղղված է ոչ թե բոլոր հեթանոսներին, այլ նրանց միջից «ողջ մնացածներին», այսինքն, ակնհայտորեն, նրանց, ովքեր ողջ էին մնալու մինչև ապագա մարգարեական պահը՝ Մեսիայի գալուստը։
«Մարգարեությունը տեսնում է այն ժամանակաշրջանը, երբ արդեն իսկ կործանված են սեմա-քուշեթական կոռումպացված միապետություններն ու երբ նրանց հետ միաժամանակ անկում է ապրել նաև նրանց կոռումպացված կրոնական համակարգը, որը մարդկանց դարձրել էր կեդանական բնազդով ապրող ինչ-որ արարածներ: Փրկված ժողովուրդները նրանք են, ովքեր Աստվածային նախախնամությամբ ենթարկվել են իրենց մեջ ապրող (Դ Թագ. 17:6, 24:15-16) գերյալ իսրայելացիների ազդեցությանը, որոնք իրենց հերթին «սթափվել» էին գերության տարիներին ու այլևս երբեք չէին վերադարձել դեպի կռապաշտությունը» (Վլաստով, V, 231):
«Տգետներ են նրանք, ովքեր կրում են իրենց փայտե կուռքն․․․որը չի փրկում․․․»: Կռապաշտության պախարակումը շատ նման է այս առիթով վերևում հիշատակված խոսքերին (Ես․ 40:18-20, 41:7 և 44:9): Այն մասին, որ ասորա-բաբելոնացի հեթանոսները կազմակերպում էին կրոնական հանդիսավոր տոնախմբություններ, որոնց ժամանակ ներկայացնում էին նաև օտարերկրյա տարբեր աստվածների, վկայում են ժամանակակից պեղումների ժամանակ հայտնաբերված հնագույն պատկերները, որոնց մասին խոսել են դեռևս Լեյյարդն ու Ռաուլինսոնը (The pulp. Commentary. P. 177):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) «Հաւաքուեցէ՛ք եւ եկէք միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ: Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց:
(Արարատ թարգ․) Հավաքվե՛ք և եկե՛ք, մոտեցե՛ք միասին, ո՛վ ազգերի փախստականներ։ Անգետ են նրանք, ովքեր կրում են իրենց փայտե կուռքը և աղոթք են անում այնպիսի մի աստծու, որ չի կարող փրկել։
(Գրաբար) Ժողովեցարուք եւ եկայք` խորհեցարուք ի միասին ապրեալքդ ի հեթանոսաց. ոչ ծանեան որ բարձեալ բերէին զփայտն դրաւշեալ. եւ կային յաղաւթս առ աստուածս որ ոչ փրկէին զնոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: