Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու:
Երկինքը հաստատված է իբրև ծուխ, ու երկիրը մաշվելու է շորի նման
Այստեղ սրանց գոյացությունն է համեմատում իրար հետ, որովհետև աղքատին հարուստ դարձրեց, իսկ հարուստին՝ աղքատ, որոնց խորհրդանիշն են «երկինք» ու «երկիր» բառերը: Տե՛ս, երկուսին էլ աղքատ է համարում: Մովսեսը հարուստ էր համարում երկինքը, իսկ Դավիթը՝ երկիրը: Եվ երկուսն էլ անավագ են, կրտսեր և աղքատ, քանի որ Աստված է առաջնայինը: Կարելի է և՛ ասել, որ երկիրն աղքատ է, քան հրեղեն երկինքը, և՛ ասել, որ երկնքի հաստատությունն է ավելի աղքատ, քան այս երկիրը: Բայց միևնույն ժամանակ երկուսն էլ հարուստ են. մեկը՝ թանձրությամբ, և մյուսը՝ հաստատությամբ: Դարձյալ հակառակ են իրար, որովհետև մեկը թանձր է, մյուսը՝ նոսր, մեկը տևական է, մյուսը՝ մաշվող: Սակայն բազում պատճառներով է երկինքը հաստատուն ծուխ համարում: Նախ՝ որովհետև ծուխը լուծվող է, և ոչ ոք չի կարող այն հաստատուն պահել, եթե ոչ միայն Աստված: Նույնպես և երկինքն ամրացված է Տիրոջ ամենազոր ձեռքով, Նրա՛, Ով ստեղծել է այն:
Երկրորդ՝ համաձայն երկնքի գույնի է այդպես կոչվում, քանզի այն կապույտ է, և երկինքը նման է ծուխի:
Երրորդ՝ ինչպես ծուխը նոսր է ու միայն աչքով է տեսանելի, նույնպիսին և երկինքն է, որ անշոշափելի է ձեռքով:
Չորրորդ՝ ծուխը թեթև է, նույնպես և երկինքն է երկրից ավելի թեթև:
Հինգերորդ՝ ծուխը վերընթաց է, նույնպես և երկինքն է բարձր:
Վեցերորդ՝ ծուխը շարժուն է, նույնպես և երկինքն է միշտ շարժման մեջ: Յոթերորդ՝ ծուխը օդ է՝ նյութերից բաժանված, և ոմանք երկինքը օդեղեն են ասում:
Ութերորդ՝ ինչպես նախ նյութն է երևում, և հետո՝ ծուխը, այդպես էլ նախ երկինքն է, և հետո՝ հաստատությունը, համաձայն Մովսեսի:
Իններորդ՝ քանի որ ծուխը ցամաք ու տաք է, իսկ հաստատությունը սրընթաց շարժումից է առաջանում, այդ պատճառով էլ ջրերի բազմությունը եղավ, որպեսզի նրանց բարեխառնի:
Տասներորդ՝ ծուխը հեռվից է տեսնվում ու զորեղին՝ Արարչին է ցույց տալիս, իսկ երկինքը երևում է ամեն կողմից և իր շարժումով, կարգով ու մեծությամբ դարձյալ ակնարկում է զորեղին՝ Արարչին, ըստ Դավթի. «Երկինքը պատմում է Աստծո փառքի մասին» (Սաղմ. 18։2):
Եվ երկիրը շորի նման մաշվելու է. նախ՝ որովհետև շորը ծուխից ավելի թանձր է, և երկիրն էլ՝ երկնքից ավելի թանձր:
Երկրորդ՝ ինչպես շորն է հնանում ու մաշվում, այդպես էլ երկիրն է զրկվում զորությունից ու գեղեցկությունից, ինչպես լինում է, օրինակ, ձմռանը, երբ երկիրը զրկվում է բույսերից, որի պատճառով Դավիթն ասում է. «Մաշվեց երկիրն ու բոլոր բնակիչները» (հմմտ. Սաղմ. 74։4), բայց և այնպես Արարչի զորությամբ սա կա հավիտենապես:
Երրորդ՝ շորը պահպանում է ցրտից ու տոթից. նույն գործառույթն է անում նաև երկիրն ինքն իրենով, և ձմռանը՝ բույսերին, ամռանը՝ աղբյուրներին, նույնպես և մարդուն ու կենդանիներին [տալիս] է նրանց անհրաժեշտ բաներն ըստ պահանջի:
Չորրորդ՝ որովհետև շորը մարմնի ծածկույթն է, իսկ երկիրն էլ, որպես մեզ համար մայր ու դայակ, ծածկում է ամեն տեսակ ապականություն, ինչպես, օրինակ, մեռյալներին ու մնացյալ բաները:
Հինգերորդ՝ ինչպես շորն իր վրա նաև վերարկու ունի, նույնպես և երկրի ջրերն իբրև զգեստ նրա վերարկուն են:
Վեցերորդ՝ թեպետ միայն որոշ մարդիկ են շոր հյուսում, բայց բոլորն են այն հագնում, այդ նույն կերպ նաև, թեպետ միայն ոմանք են մշակում հողը, բայց բոլորն են ճաշակում հողի բարիքները:
Յոթերորդ՝ թեպետ մենք փոխում ենք մեր շորերը, բայց իսպառ չենք մերկանում շորերից, նույնպես և, թեպետ փոխում ենք մեր բնակության վայրը՝ այստեղից այնտեղ գնալով, սակայն ուր էլ գնում ենք՝ երկրի մեջ ենք:
Ութերորդ՝ ինչպես ոմանք նույն [շորով] են, իսկ ոմանք էլ բազմաթիվ ու տարատեսակ շորեր ունեն, նույնպես և երկրի 1 վրա շատերը մտահոգ են ու զբաղվում են նմանատիպ արտաքին բաներով, այսինքն՝ պարտեզներով, այգիներով, վաճառքով, իշխանությամբ և այլն: Բայց ոմանք գոհանում են սակավ ունեցածով, այսինքն՝ կերակուրներով ու շորերով, համաձայն առաքյալի. «Շորեր ու կերակուրներ ունենք. դրանցով գոհանանք» (Ա Տիմ. 6։8): Այլև, ինչպես շորն է աղտոտվում ու երեք բանով մաքրվում՝ ոչնչացումով, ջրով ու կրակով, նույնպես այս երկիրն է, մեղքերից աղտոտվելով, մահվան, գերության հետևանքով զրկվում բնակիչներից ու դառնում ավերակ, երբեմն՝ ջրի հետևանքով, ինչպես Նոյի ժամանակ, երբեմն էլ՝ կրակով, ինչպես՝ Սոդոմում եղավ և վախճամի ժամանակ լինելու, երբ «Լեռները հալվելու են մոմի նման» (Սաղմ. 96։5):
Տասներորդ՝ ինչպես մեր ունեցած բազմատեսակ շորերից մահից հետո ոչինչ չենք կարող տանել, բայց միայն՝ պատանքը, չնայած որ այն ևս փտում է, ուստի մենք մերկ ենք հարություն առնելու, այդպես և այս բովանդակ երկրից ոչինչ չենք կարող մեզ հետ տանել, բայց միայն՝ մի քիչ հող, ինչը ևս թողնելու ենք գերեզմանում, որովհետև «ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչ էլ կարող ենք տանել» (Ա Տիմ. 6։7), ինչպես ասում է առաքյալը:
Ա. Լոպուխին
«Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք, և նայե՛ք դեպի ցած՝ երկրին․ որովհետև երկինքը ծխի պես կվերանա, և երկիրը հագուստի պես կմաշվի, ու նրա բնակիչները նույնպես կմեռնեն, իսկ Իմ փրկությունը հավիտենապես կմնա, և Իմ արդարությունը չի պակասի»։ [6] (Սինոդական թարգ․)
«Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք․․․ իսկ Իմ փրկությունը հավիտենապես կմնա»։ Այս համարում ներկայացվում է մարդկանց փրկության մասին Աստվածային ծրագրերի անփոփոխելիության ուժեղագույն համոզմունքը։ Սա մեծապես հիշեցնում է Փրկիչի հայտնի խոսքը․ «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մատթ․ 5։18 )։ Դրա հետ մեկտեղ լռելյայն (implicite) ակնարկվում է, որ իր համար նախատեսված ժամանակին «բացվող» Աստծո հավիտենական թագավորությունը գերազանցապես հոգևոր բնույթ է կրում, այն որևէ տեսակի կապերով կապված չէ իրական, զգայական աշխարհի հետ, այլ ունի իր սեփական, ինքնուրույն նշանակությունը, քանի որ այն կշարունակի գոյություն ունենալ նույնիսկ այդ զգայական աշխարհի կործանումից հետո (հմմտ․ Ես․ 40։8, 50։9, Մատթ․ 13։35, Բ Պետ․ 3։13, Եբր․ 1։11, Հայտ․ 21։1 և այլ տեղիներ)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու:
(Արարատ թարգ․) Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. որովհետև երկինքը պիտի փարատվի ծխի նման, երկիրը պիտի մաշվի ձորձի պես, և նրա բնակիչները մոծակների պես պիտի մեռնեն։ Բայց իմ փրկությունը հավիտյան կմնա, և իմ արդարությունը երբևէ չի պակասի։
(Գրաբար) Ամբարձէք յերկինս զաչս ձեր, եւ հայեցարուք յերկիր ի խոնարհ. զի երկինք իբրեւ զծուխ հաստատեալ են, եւ երկիր իբրեւ զձորձս մաշեսցի. եւ բնակիչք նորա իբրեւ զնոյնս կորիցեն: այլ փրկութիւն իմ յաւիտեան կացցէ, եւ արդարութիւն իմ մի պակասեսցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: