Ա. Լոպուխին
11-12․ «Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս ելեք այդտեղից, անմաքուր բանի մի՛ դիպչեք, դու՛րս ելեք դրա միջից, մաքրե՛ք ձեզ, Տիրոջ անոթները կրողնե՛ր»։ [11] «Որովհետև դուք արագորեն դուրս չեք գալու, և ոչ էլ փախչելու եք, որովհետև Տերը պիտի գնա ձեր առջևից, և Իսրայելի Աստված ձեր հետևից պահապան կլինի ձեզ»։ (Սինոդական թարգ․)
Այս խոսքերն իրենց մեջ բովանդակում են մարգարեական պատկերի նորագույն մանրամասնություններ, որոնք հիմնված են ինչպես պատմական հիշողությունների՝ Եգիպտոսից հրեաների ելքի և Արաբական անապատում նրանց թափառումների՝ վաղուց ի վեր տեղի ունեցած իրողության վրա, այդպես էլ ապագայի վրա, որն առնչվում է մարգարեի ժամանակակիցներին, և բացի այդ նաև անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վրա, որոնք վերաբերում են ա՛յն ժամանակաշրջանին, որի մասին մարգարեն այստեղ խոսում է (ասել է թե՝ Բաբելոնյան գերությունից հրեաների ազատագրման մասին):
Դեռևս Հերոնիմոս Երանելին էր դժգոհում այն բանից, որ ժամանակակից հրեա րաբբիներն այս երկու համարների տեքստերը վերափոխել են այս ձևով․ «Դո՛ւրս եկեք Բաբելոնից և թողե՛ք բաբելոնյան կուռքերին։ Դո՛ւրս եկեք նրա միջից և այն անոթները, որոնք Նաբուգոդոսորը Երուսաղեմի գրավման ժամանակ բերեց (Դ Թագ․25։13-14), Կյուրոսի կողմից Զորաբաբելի և Եզրասի մոտ գտնվող գերիների ազատագրումից հետո հե՛տ վարադարձրեք տաճար (Ա Եզր․1։7)։ Բաբելոնից դո՛ւրս եկեք ոչ այնպես, ինչպես նախկինում Եգիպտոսից եք փախչել՝ շտապելով և վախով, այլ՝ խաղաղությամբ և պարսիկների և մարերի արքայի կամքով, որի մեջ դրսևորվել է Տիրո՛ջ կամքը, Որը պաշտպանեց և հավաքեց ձեզ» (Հերոնիմոս Երանելի): Սակայն ինքը՝ Հերոնիմոս Երանելին, ինչպես նաև Թեոդորոս Երանելին և սուրբ Կյուրոս Ալեքսանդրիացին, հիմնվելով խոսքի համատեքստի վրա (7-րդ, 10-րդ համարներ), այստեղ հասկանում են կա՛մ հավատացյալներին առհասարակ, կամ էլ, ավելի ստույգ, առաքյալներին և ավետարանիչներին՝ «Երուսաղեմի սրբերին», որոնց Աստված պատվիրում է հեռանալ Երուսաղեմից՝ որպես մի ամբարիշտ քաղաքից, և գնալ աշխարհի բոլոր երկրներում Քրիստոսի մասին քարոզելու։
Անձամբ մենք կարծում ենք, որ տվյալ հատվածի ամենաճիշտ ըմբռնումը կլինի այս երկու մեկնաբանությունները համադրելը և ծանրության կենտրոնը ո՛չ թե պատմական, այլ բարոյական հիմքի վրա տեղափոխելը։ Նախորդ համարում հայտատարելով Մեսիայի համաշխարհային փրկչական թագավորության, այսինքն՝ նորկտակարանյան Եկեղեցու ստեղծման մասին՝ մարգարեն հավատարիմ Երուսաղեմի ճշմարիտ բնակիչներին հրավիրում է մտնել այդ թագավորության մեջ, սակայն նախազգուշացնում է, որ այդ թագավորություն մուտք գործելու համար պետք է իրագործել անհրաժեշտ պայմանները՝ սրբվել բոլոր տեսակի բարոյական թերություններից, ամբողջապես հրաժարվել մեղսավոր անցյալից, անխոցելի մնալ չարի առաջ և մաքուր պահել սրտի սրբությունն (որպես «Տիրոջ անոթներ») ու անմնացորդ նվիրվել Աստծո բարի և կատարյալ կամքին («Տերը պիտի գնա ձեր առջևից․․․ձեր հետևից պահապան կլինի ձեզ»)։ Իրականու, սակայն, այս բոլոր բարոյական ճշմարտությունները մարգարեն ուսուցանում է խորհրդանիշների և այլաբանությունների քողի ներքո՝ դրանք փոխառելով մասամբ Եգիպտոսից հրեաների ելքի պատմությունից, և գլխավորապես՝ բաբելոնական գերությունից ազատագրվելու հանգամանքներից։ Սրանով, իհարկե, ամենևին չի բացառվում քրիստոնեության առաջին քարոզիչների՝ Երուսաղեմից աստիճանաբար հեռանալու մասին հայրաբանական մեկնաբանության նշանակությունը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Հեռացէ՛ք, հեռացէ՛ք, ելէ՛ք այդտեղից եւ պիղծերին մի՛ մօտեցէք. ելէ՛ք այդ երկրի միջից եւ հեռացէ՛ք, դուք, որ վերցրել բերում էք Տիրոջ սպասքը:
(Արարատ թարգ․) Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս ելեք այդտեղից, անմաքուր բանի մի՛ դիպեք, դո՛ւրս ելեք նրա միջից. մաքո՛ւր մնացեք, ո՛վ Տիրոջ սպասները կրողներ,
(Գրաբար) Ի բաց կացէք, ի բաց կացէք. ելէք այտի, եւ ի պիղծս մի մերձենայք. ելէք ի միջոյ նոցա, եւ մեկնեցարուք` որ բարձեալ բերէք զսպաս Տեառն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: