Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ: Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ:
Եվ Իմ բազուկը փրկեց նրանց, որովհետև ժամանակը հասել էր։ Եվ Նա, բոլոր դևերին ողկույզի նման ի մի հավաքելով, հնձանում միայնակ տրորեց նրանց, ապա երկնավոր զորքերը, Տիրոջ ձայնը լսելով, պատասխանեցին Տիրոջը և ասացին. «Տիրոջ ողորմությունը հիշեցի»։ Գիտենք, թե ինչ ասաց մյուս մարգարեների միջոցով՝ աշխարհ գալու և երկրի վրա մարմնով երևալու (Բարուք 3։38), մարդկանց Իր չարչարանքների միջոցով փրկելու մասին, ինչին որ և ականատես եղանք, այդ պատճառով էլ հիշում ենք Տիրոջ ողորմությունը:
Հարց. Այս մարգարեն ասում է. «Տերը բարերար դատավոր է»
Պատասխան. Արդ, տեսնում ենք ոչ միայն բարին, այլև՝ չար պատիժները, ինչպիսին է գեհենը, դրախտից արտաքսելը, ջրհեղեղը և այլ բաները: Որովհետև մարդիկ երբեմն բարիք են անում, իսկ երբեմն՝ չարիք, մինչդեռ Աստված միշտ բոլորին բարիք է անում, իսկ չարիք՝ ոչ, երբեք: Եվ այն, ինչ մեզ չարիք է թվում, իրականում բարերարություն է. գեհենը չար չէ, այլ բարի է երկու պատճառով. նախ՝ որովհետև այն մերժելով՝ զատեց, որպեսզի երկիրը և նրա մեջ եղած կենդանիները չվնասվեն: Երկրորդ՝ որպեսզի նրա ահից ոմանք բարիք գործեն: Այլ նաև բարերարություն էր դրախտից արտաքսելը, նախ՝ որպեսզի կյանքի պտուղն ուտելով տևապես չարիքի մեջ չմնանք, երկրորդ՝ որպեսզի ապաշխարությամբ վերստին ժառանգենք խոստացվածը: Նույնպես իմացի՛ր և այլ պատուհասների մասին, որպիսին են մահը, անեծքը և այլ բաները, որովհետև «բարերար պատուհասը» մեզ համար փրկություն եղավ, ինչպես ասում է մեր սուրբ հայրերից մեկը 5: Դարձյալ, ջրհեղեղը և Սոդոմին ու փարավոնին [ճարակած] կրակը և մյուս բաները նույնպես բարերարություն էին երկու պատճառով. նախ՝ որպեսզի կարճվի նրանց չարիքը, երկրորդ՝ որպեսզի օրինակ լինեն ուրիշներին:
Ա. Լոպուխին
«Պիտի հիշեմ Տիրոջ ողորմությունները և Տիրոջ փառքը՝ այն ամենի համար, ինչ Տերը տվել է մեզ, և այն մեծ բարիքի համար, որ նա գործեց Իսրայելի տան հանդեպ՝ ըստ Իր ողորմածության ու Իր առատաձեռնության»: [7] (Սինոդական թարգ․)
«Պիտի հիշեմ Տիրոջ ողորմությունները և Տիրոջ փառքը՝ այն ամենի համար, ինչ Տերը տվել է մեզ, և այն մեծ բարիքի համար, որ նա գործեց Իսրայելի տան հանդեպ՝ ըստ Իր ողորմածության ու Իր առատաձեռնության։ Նա ասաց. «Նրանք իսկապես Իմ ժողովուրդն են, զավակներ, որոնք չեն ստում», ու Նա նրանց համար Փրկիչ եղավ։ Նրանց բոլոր նեղությունների ժամանակ Նա չի թողել նրանց, ու Նրա երեսի Հրեշտակը փրկել է նրանց, Իր սիրով և Իր բարեհոգությամբ Նա փրկագնեց նրանց, նրանց բարձրացրեց և կրեց վաղնջական բոլոր օրերում» - Այս 7-9-րդ համարներում ներառյալ ներկայացված է Իր խստասիրտ ժողովրդի կողմից Աստծուն հասցեագրված գոհաբանական-ապաշխարողական աղոթքի այն առաջին հատվածը, որում Բարձրյալին ուղղված փառաբանություն ու երախտագիտություն է արտահայտվում պատմական («վաղնջական բոլոր օրերում» - 9-րդ համար) այն բոլոր բարեգործությունների համար, որոնք տեղի են ունեցել ընտրյալ ժողովրդի նկատմամբ: Դժվար չէ գտնել այս հատվածի կապը նախորդի հետ: Հեթանոսների նկատմամբ այն դատաստանը, որի մասին մարգարեն շատ վառ գույներով խոսում էր սույն գլխի սկզբնահատվածում, միևնույն ժամանակ արդարացի հատուցման օր էր լինելու իսրայելական ժողովրդի հանդեպ ցուցաբերված բոլոր բռնությունների համար, հատուցում՝ նրանց թշնամիների նկատմամբ: Հետևաբար բնական է դառնում այն, որ Իսրայելը, գիտակցելով այս ամենը, պետք է լցվեր Տիրոջ հանդեպ ուրախության և երախտագիտության զգացումներով և, միևնույն ժամանակ, ջանասիրական-ապաշխարողական առանձնահատուկ բերկրանքով, ինչը և գտավ իր համապատասխան արտահայտությունը սույն աղոթքի կամ սաղմոսի մեջ, որը մարգարեի շուրթերով հնչեցվում է կատարյալ Իսրայելի անունից, ա՛յն Իսրայելի, որը խորապես զգում էր իր սեփական մեղավորությունն ու շատ բարձր էր գնահատում Աստվածային ողորմածության և սիրո մեծությունն ու զորությունը:
Եսայի մարգարեի գրքի մեկնաբաններն ուշդրություն են դարձնում նաև այն հանգամանքին, որ այդ աղոթքը, սկսվելով սույն գլխի 7-րդ համարից, շարունակվում է մինչև գլխի ավարտն ու ընդգրկում է նաև հաջորդ ամբողջ գլուխը (գլուխ 64): Վերլուծության ենթարկելով այդ աղոթքի բովանդակությունը՝ մեկնաբանները հնարավոր են համարում այն բաժանելու հետևյալ չորս մասերի. առաջին՝ 63-րդ գլխի 7-14-րդ համարներ, երկրորդ՝ 15-րդ համարից մինչև սույն գլխի ավարտը, երրորդ՝ 64-րդ գլխի 1-7-րդ համարներ, չորրորդ՝ 8-րդ համարից մինչև 64-րդ գլխի ավարտը: Մասնավորապես, նշված բաժանումներից առաջինում ներկայացվում է ընտրյալ ժողովրդի համառոտ, կանոնակարգված պատմությունը, որում ամենուր նկատելի են Իսրայելի հանդեպ Աստվածային հատուկ առաջնորդության, ինչպես նաև այդ նույն Իսրայելի՝ Տիրոջ նկատմամբ ցուցաբերած խստասրտության հետքերը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տիրոջ ողորմութիւնը պիտի յիշեմ, Տիրոջ մեծագործութիւնը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տէրն է հատուցելու մեզ: Տէրն Իսրայէլի տան բարերար դատաւորն է, որ իր ողորմածութեամբ եւ իր մեծ արդարութեամբ վարձատրելու է մեզ:
(Արարատ թարգ․) Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։
(Գրաբար) Զողորմութիւն Տեառն յիշեցի, զքաջութիւն Տեառն յուշ արարից. յամենայնի զոր հատուցանէ մեզ Տէր: Տէր դատաւոր բարերար տանն Իսրայէլի, որ ածէ ի վերայ մեր ըստ ողորմութեան իւրում եւ ըստ բազում արդարութեան իւրոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: