Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է: Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները եւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին:
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում։
Զոհաբերությունը չորս դեպքում է հաճելի Աստծուն. նախ՝ եթե մատուցողը մաքուր հոգի ունի, որովհետև Աստված հոժարում է նախ մատուցողին, և ապա՝ նայում զոհաբերությանը, համաձայն այն խոսքի, թե՝ «Աստված նայեց Աբելին ու նրա զոհաբերությանը» (Ծննդ. 4։4): Իսկ եթե նախ իր անձը չմաքրի, կլսի այստեղ ասված խոսքը, թե եզի ու ոչխարի զոհաբերությունը մարդու և շան սպանության նման է, և խունկը հայհոյանք է, որովհետև Աստծուն ոչինչ այնպես չի բարկացնում, ինչպես անարժանությամբ մատուցված զոհաբերությունը: Եվ այլուր ասում է. «Ո՞վ խնդրեց այդ ձեր ձեռքից: Ձեր խունկը պիղծ է, և ձեր ալյուրն՝ իզուր», ապա ավելացնում է պատճառը. «որովհետև ձեր ձեռքերը շաղախված են արյամբ»: Նաև Մաղաքիան է ասում. «Ձեր երեսին եմ շաղ տալու ձեր աղտն ու կեղտը» (Մաղ. 2։3):
Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ զոհաբերությունն իրենց արդար քրտինքից լինի, ըստ այն խոսքի, թե՝ «Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ Քեզ» (Սաղմ. 65։15): «Պատվի՛ր Տիրոջը» Քրիստոսով եղած «քո արդար վաստակից» (հմմտ․ Առակ. 3։9): «Ահավասիկ ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Զորությունների Տիրոջ ականջին» (Հակ. 5։4):
Երրորդ՝ հարկ է, որ զոհաբերությունը ընտիրներից լինի, ըստ այս խոսքի. «Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ Քեզ» (Սաղմ. 65։15): Նաև՝ «եթե Տիրոջ համար ողջակիզվողը գառ կամ ուլ է, թող այն պարարտ լինի» (հմմտ.Ղեվ. 1։10), որովհետև Աստծո համար պետք է գեղեցիկն առանձնացնել և այն առատորեն ու զվարթ երեսով մատուցել, որպեսզի նրա տալը այնպիսի առատությամբ լինի, ինչպիսին վերցնելը կլիներ: Եվ դա իսկ է Աստծո համար սիրելին, ըստ այն խոսքի, թե՝ «Աստված սիրում է ուրախ և առատ ընծաներ» (Առակ. 22։9): Այլև՝ «Ով ճշտությամբ սերմանի, ճշտությամբ էլ կհնձի» (Բ Կորնթ. 9։6), ինչպես ասում է Պողոսը:
Չորրորդ՝ որպեսզի Աստծո փառքի համար մատուցի, և ոչ թե ի ցույց մարդկանց: Սա նախ այն է մատնացույց անում, որ մեկը գովաբանվելու համար է ինչ-որ մի բան անում, որպեսզի, ինչպես ասում է Տերը, «մարդկանցից փառավորվեն» (Մատթ. 6։2):
Երկրորդ՝ դա նշանակում է այն, որ մեկը փոխարինաբար է կատարում՝ կանչելով մեծամեծներին ու բարեկամներին, ինչպես ասում է Տերը (Ղուկ. 14։12-14): Այլև նա՛ է Աստծո փառքի համար գործում, ով աղքատներին է բարիք գործում և դա անում է հանուն հոգևորի:
Ա. Լոպուխին
«Եզ մորթողը նույնն է, ինչ մարդ սպանողը, իսկ նա, ով գառ է զոհաբերում, նույնն է, թե շուն է խեղդում, ալյուրի ընծա նվիրաբերողը նույնն է, ինչ խոզի արյուն մատուցողը, կնդրուկ վառողը նույնն է, ինչ կուռքին աղոթողը, և ինչպե՜ս նրանք ընտրեցին իրենց ճանապարհները, ու նրանց հոգուն հաճելի են իրենց այդ գարշելի բաները»: [3] (Սինոդական թարգ․)
«Եզ մորթողը նույնն է, ինչ մարդ սպանողը, իսկ նա, ով գառ է զոհաբերում, նույնն է, թե շուն է խեղդում, ալյուրի ընծա նվիրաբերողը նույնն է, ինչ խոզի արյուն մատուցողը, կնդրուկ վառողը նույնն է, ինչ կուռքին աղոթողը, և ինչպե՜ս նրանք ընտրեցին իրենց ճանապարհները, ու նրանց հոգուն հաճելի են իրենց այդ գարշելի բաները: Այդպես էլ Ես պիտի օգտագործեմ նրանց գայթակղությունն ու նրանց վրա սարսափելի բաներ պիտի բերեմ, որովհետև Ես կանչեցի, և պատասխանող չկար, խոսեցի, և նրանք չլսեցին, այլ չարիք գործեցին Իմ աչքի առջև և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր Ինձ» - Այս երկու համարներում բովանդակվում է կեղծավոր և անհոգի ծիսակատարությունների ամենավճռական դատապարտումը, քանի որ այդպիսի ծիսակատարությունն է, որ Աստծո կողմից արդարացման արժանանալու փոխարեն իր ետևից բերում է մի ավելի մեծ դատապարտություն: Այս հատվածն իր բովանդակությամբ ու հնչերանգով հիշեցնում է նմանատիպ մեկ այլ հատված՝ վերցված Եսայի մարգարեի գրքի նախաբանից (1:11-15): Մարգարեն այստեղ գույներ չի «խնայում», որպեսզի որքան հնարավոր է ավելի արտահայտիչ կերպով նկարագրի նմանատիպ զոհաբերության ողջ անպտղաբերությունն ու նույնիսկ «զազրելիությունն» Աստվածային արդարության աչքերում. մարգարեն այդ զոհաբերությունները կաʹմ համեմատում է անմիջական հանցագործությունների, մինչև անգամ մարդասպանության հետ («Եզ մորթողը նույնն է, ինչ մարդ սպանողը»), կա՛մ էլ միևնույն հարթության վրա է դնում այն բանի հետ, ինչը հրեաների համար անմաքուր կամ պիղծ էր համարվում (Բ Օրին. 14:8, հմմտ․ Մատթ. 7:6):
«Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները․․․», այլ ոչ թե ընթացան Աստծո պատվիրանների ճանապարհներով, որոնց ճշմարիտ կատարումը, առաջին հերթին, պահանջում էր համապատասխան ներքին տրամադրվածություն, որի փոխարեն, սակայն, նրանց մեջ միանգամայն այլ, հակադիր մտքերն ու զգացումներն էին տիրապետում: Այդ ամենի պատճառով էլ Տերն Իր արդար դատաստանն է տեսնելու անօրենների հանդեպ, ինչի մասին որ խոսվում է հաջորդ համարում:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է: Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները եւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին:
(Արարատ թարգ․) Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերող է, ընծա նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։
(Գրաբար) Բայց անաւրէնն որ մատուցանէ ինձ եզն պատարագ` այնպէս է որպէս թէ որպէս թէ հարկանիցէ ոք զկառափն մարդոյ. եւ որ մատուցանէ զոչխար պատարագ, այնպէս է որպէս թէ զշուն ոք մորթիցէ. եւ որ մատուցանէ ոք նաշիհ, այնպէս է որպէս թէ հեղուցու ոք զարիւն խոզի. եւ որ տայցէ զկնդրուկն ի խունկս յիշատակաց, այնպէս է` որպէս զհայհոյիչն: եւ ինքեանք ընտրեցին զճանապարհս իւրեանց, եւ զգարշելիս իւրեանց զոր անձինք իւրեանց ախորժեցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: