Ամոսի մարգարեության մեկնություն 7։7

Ա․ Լոպուխին

7-8. Նա ինձ այսպիսի մի տեսիլք ցույց տվեց. «Ահա Տերը կանգնած էր ուղղաբարձ մի պարսպի վրա ու Նրա ձեռքին արճիճե մի ուղղալար կար»: [7] Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես դու տեսնում, Ամոս»: Ես պատասխանեցի. «Ուղղալար»: Ու Տերն ասաց. «Ահա ես ուղղալար պետք է դնեմ Իմ ժողովրդի` Իսրայելի մեջ. այլևս չեմ ներելու նրան»: (Սինոդական թարգ․)
   
   7−9−րդ համարներում նկարագրած մարգարեի տեսիլքը տարբեր կերպ է ընկալվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տեքստում իբրև «արճճե ուղղալար» թարգմանված «անախ» բառի իմաստը վիճելի է, քանի որ «անախ» բառը  «apax legomenon»−ն է:  Յոթանասնիցն այն «adamaj»՝ «ադամանդ» (երկաթի տեսք ունեցող ամուր քար)  արտահայտությամբ է թարգմանում (սլավոներեն՝ «ահա մի մարդ կանգնած էր ադամանդյա պարսպի վրա, ու նրա ձեռքին մի ադամանդ կար»): Ակյուղասն այս արտահայտությունն ընկալում է որպես «ganwsijող»` «փայլող իր», իսկ Թեոդոտոնը` որպես «thkomenon»: Յոթանասնիցի թարգմանության տարբերակի հետ համաձայնում են նաև որոշ ժամանակակից մեկնաբաններ, որոնք «անախ» բառը հասկանում են երկաթ իմաստով, որի պատկերը տեսիլքում խորհրդանշում է մոտալուտ կործանումը (Condamin A. Revue biblique. 1900, p. 586): Երանելի Հիերոնիմոսը «անախ» բառը հասկանում է «ողորկող ուղղալար» իմաստով, որի միջոցով ավելի ամուր և գեղեցիկ դարձնելու համար հարթեցնում և ծեփում էին պարիսպները: Ըստ երանելի Հիերոնիմոսի` մարգարեն Տիրոջը տեսել է՝ արճիճով պատված (եբրայերեն՝ «ալ խոմատ անախ») պարսպի վրա կանգնած և ձեռքում՝ արճիճ բռնած: Արճիճով պատված պարիսպը Աստծո ժողովրդի պատկերն է։ Ձեռքում արճիճ բռնած Տիրոջ պարսպի վրա կանգնելն այն բանի պատկերն է, որը Տերը պահպանում է Իր ժողովրդին ու կարծես թե նրան զարդարում է Իր բարերարություններով: Տիրոջ՝ «ահա ես ուղղալար պետք է դնեմ Իմ ժողովրդի մեջ» խոսքերը նշանակում են, որ այսուհետ Տերը դադարում է ամրացնել և գեղեցկացնել պարիսպը, այսինքն՝ Իսրայելի ժողովրդին, որ Նա ուղղալարը փոխանցում է անմիջապես ժողովրդին, որն էլ արդեն ինքը պետք է հոգ տանի իր մասին: Այս հատվածի երանելի Հիերոնիմոսի մեկնությունն ընդունում են նաև կաթոլիկ մեկնաբանները (Կնաբենբաուեր, Գոոնակեր): Ռուսերեն տեքստում «անախ» բառը «արճճե ուղղալար» իմաստով է ընկալվել, որն էլ օգտագործվում է կորությունները հարթեցնելու համար, իսկ «ալ խոմատ անախ» արտահայտությունը «ուղղաբերձ (ուղղահայաց) պարսպի վրա» տարբերակով է փոխանցվել: Նմանատիպ թարգմանության համաձայն` մարգարեական տեսիլքի իմաստն այն է, որ Տեր Աստված իսրայելական ժողովրդի կյանքում («Ահա ես ուղղաքար պետք է դնեմ Իմ ժողովրդի մեջ») ուղղալար է դնում,  որպեսզի որոշի, թե որքան ուղիղ է նրա ճանապարհը։ Եվ ահա ամենուր թեքություններ և անհարթություններ են, որոնք մինչ այժմ ներում էր Տերը, սակայն դրանց համար Նա հիմա պատժելու է: Մեկնաբաններից շատերը (Հարպեր, Վելհաուզեն, Նովակ, Յունգերով) 7−8−րդ համարների նմանատիպ ընկալման կողմնակիցներ են: Սակայն հազիվ թե նմանատիպ ընկալումը նախընտրելի լինի երանելի Հիերոնիմոսի առաջարկած մեկնաբանությունից: Եթե «անախ» բառը հասկանանք «ուղղաձիգ» իմաստով, ապա անհասկանալի է դառնում, թե ինչ իմաստ ունի «խոմատ անախ» («ուղղաձիգ պարիսպ») արտահայտությունը, և հետո մարգարեն նշում է, որ պարիսպը ուղղահայաց էր, մինչդեռ այլ կերպ չէր էլ կարող լինել։Նման դեպքում ամբողջությամբ պարզ չէ, թե ինչպես «ահա ես ուղղալար պետք է դնեմ Իմ ժողովրդի մեջ» միտքը  կարող է մատնանշել ապագա կործանումները, երբ ուղղալարը [պարզապես] շինարարության մեջ օգտագործվող գործիք է: Որպես կործանման համար նախատեսված գործիքներ Աստվածաշնչում հիշատակվում են «կործանման թոկ»−ը («կավ տոխու») և «ոչնչացման ուղղալար»−ը («ավնե ոխու») (Ես. 34։11, Դ Թագավորություններ. 21։13):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա մի մարդ կանգնած էր ադամանդեայ պարսպի վրայ, ձեռքին՝ մի ադամանդ:
(Արարատ թարգ․) Եվ ինձ այսպես ցույց տվեց. Տերն ահա կանգնել էր կապարալարով կառուցված պատի վրա, ձեռքին՝ մի կապարալար։
(Գրաբար) Ա՛յսպէս եցոյց ինձ Տէր Տէր. և ահա այր մի կայր ի վերայ ադամանտեա՛յ պարսպի, և ի ձեռին իւրում ադամանտ։