Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ահա Ես հրաման եմ տալիս և Իսրայելի տունը ցրելու եմ բոլոր ազգերի մեջ, ինչպես որ հեծանոցով ցորենն են ցրում, և ոչ մի հատիկ գետին չի ընկնում»: (Սինոդական թարգ․)[9]
Մարգարեն բացատրում է նախորդ համարի խոսքերը․ «Հակոբի տունն ամբողջությամբ չեմ վերացնի» արտահայտությունը պետք է այն իմաստով հասկանալ, որ կործանվելու են միայն մեղավորները: Ժողովրդին սպասվող փորձությունները (ակնհայտորեն գերությունն ու ցիրուցան լինելը) մարգարեն, ըստ ռուսերեն տեքստի, համեմատում է հեծանոցով ցորենը մաքրելու գործողության, կամ էլ սլավոներեն տեքստի՝ «քամահրելու» հետ. «Ինչպես երբ մաղով ցորենն են ցրում, և ոչ մի հատիկ գետին չի ընկնում»․ եբրայերենում՝ «kaascher innoa bakebarah velo ippol zeror arez» («ինչպես մաղում են հեծանոցով, և ոչ մի « zeror» գետնին չի ընկնում»): Այս պատկերի իմաստն անհասկանալի է, քանի որ 9−րդ համարում «zeror» (ռուսերեն տեքստում՝ «ցորեն») բառի իմաստը կասկածելի է: Յոթանասնիցն այն թարգմանել է «σύντριμμα» բառով: Երանելի Հերոնիմոսը «zeror» բառին տալիս է lapillus` «փոքրիկ քար» իմաստը, այսպես է նաև Բ Թագ. 17։13 համարում: Այս իմաստով են ընկալում 9−րդ համարում տեղ գտած «zeror» բառը նաև որոշ մեկնիչներ: Միևնույն ժամանակ, մարգարեի կիրառած պատկերն այն իմաստով են բացատրում, որ ինչպես մաղի մեջ են միայն քարեր մնում, այնպես էլ գերության երկրում են միայն մեղավորները մնալու (Հոֆման): Ստուգաբանությամբ «zeror» արտահայտությունը (ծագում է «zarar»`«սեղմել, կապել, միացնել» բառից) նշանակում է ինչ−որ պինդ, հավաք, ամբողջական զանգված: Բառը այս ընդհանուր իմաստով է ընդունում Գոոնակերը, որը 9−րդ համարի վերջին մասը՝ «(Ես ցնցելու եմ Իսրայելի տունը) ինչպես ցնցում են մաղով, և այն զանգվածաբար գետնին չի ընկնելու» տարբերակով է թարգմանում: Արտահայտության իմաստն այն է, որ մաղի կամ փորձությունների միջոցով հասնելու են ժողովրդի՝ բարի և չար տարրերի առանձնացմանը: Համեմատությունը, ինչպես տեսնում ենք, բռնազբոսիկ է, և, հետևաբար, այն մեր տեքստում ընդունված տարբերակից գերադասելու հիմք չկա:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ահա ես հրաման եմ տալիս ձեզ, ո՛վ Իսրայէլի տուն, ես պիտի ցրեմ ձեզ բոլոր ազգերի մէջ այնպէս, ինչպէս հեծանոցով ցորենն են զատում, եւ ոչ մի մանրուքը գետին չի ընկնի:
(Արարատ թարգ․)-որովհետև ես ահա հրամայում եմ և Իսրայելի տունը պիտի մաղեմ բոլոր ազգերի մեջ, ինչպես որ մաղով է մաղվում, և ոչ մի հատիկ գետնին չի ընկնում։
(Գրաբար) Զի ահաւասիկ ես հրաման տամ, և ցրուեցի՛ց զձեզ ընդ ամենայն ազգս տո՛ւնդ Իսրայէլի. Զոր օրինակ հոսի հոսչաւ, և մի՛ անկցի մանրուած նորա յերկիր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: