Ա․ Լոպուխին
Այսպիսի մի տեսիլք ինձ ցույց տվեց Տեր Աստված. «Ահա Նա մորեխներ արարեց խոտի ուշ հնձի ժամանակ, ու դա թագավորական հունձից հետո աճած խոտն էր»: (Սինոդական թարգ․)[1]
7−րդ գլխից սկսվում է Ամոսի մարգարեության երրորդ հատվածը, որը բովանդակում է այն տեսիլքների նկարագրությունը, որոնց արժանացել է մարգարեն: Այս տեսիլքներում այնպիսի գաղափարներ են բացահայտվում, որոնք արտահայտվել են նաև մարգարեի նախորդ խոսքերում: 7−րդ գլխում տեսիլքների շարքն ընդհատվում է Բեթելի Ամասիա քրմի կողմից մարգարեի քարոզչությանը ընդդիմանալու մասին պատմական հիշատակությամբ, և ավարտվում է 9−րդ գլխում Դավթի խորանը վերականգնելու վերաբերյալ մեսիական խոստմամբ:
1−3−րդ համարներում խոսվում է մորեխների տեսիլքի մասին: «Նա մորեխներ («գովայ») արարեց խոտի ուշ հնձի ժամանակ («լեկեշ»)». «լեկեշ» բառը (ռուսերենում՝ «ուշ հունձ») հունարեն «pax legomenon»−ն է, խալդերենում (արամերեն) «լեկեշ» բայը նշանակում է «ուշանալ» և վերաբերում է ուշ անձրևներին, ուշ աշնանային շրջանին, հացահատիկի ցանքսին և բերքահավաքին (Levy J. Neuhebräisches und chaldäisches Wörterbuch. Leipzig, 1875–86. Lex. 415), այդ իսկ պատճառով ռուս թարգմանիչները Ամոս 7:1 համարի «լեկեշ» արտահայտությանը «ուշ խոտ» կամ էլ, ըստ Նովակի, «երկրորդ հունձ» (Nachurichs) իմաստն են հաղորդել։ Սակայն, ըստ երևույթին, ավելի ճիշտ կլինի «լեկեշ»−ը զուգադրել «միլկոշ» («գարնանային անձրևներ») արտահայտության հետ և ընկալել որպես վաղ խոտի անվանում, որն աճում է վաղ գարնանը՝ գարնանային անձրևների շնորհիվ: Ցանկանալով ավելի հստակ նշել, թե ինչ նկատի ունի «լեկեշ» արտահայտության ներքո, մարգարեն հաջորդիվ հավելում է. «դա թագավորական հունձից հետո աճած խոտն էր» («ախար գիզզե խամմելեխ»): Թագավորական հունձը հօգուտ արքայի` նրա ձիերին կերակրելու համար կատարվող հունձն է (տե՛ս Գ Թագ. 18:5): Հավանաբար այս հունձը ամեն տարի չէր կատարվում, քանի որ իր դիտարկմամբ մարգարեն ցանկանում է մատնանշել հանգամանքների բացառիկ լինելը, այլ ոչ թե նշել այն, ինչն ամեն տարի տեղի է ունենում: Իրադարձությունների բացառիկությունը, հավանաբար, այն բանումն էր, որ նախորդ տարի հունձը կատարվել էր հօգուտ թագավորի, իսկ թագավորական հնձից հետո եկող նոր տարում խոտը կերել էր մորեխը։ Այսպիսով՝ ժողովուրդը երկու տարի անընդմեջ զրկվել էր հնձից: Բացի այդ՝ գարնանը՝ բուսականության աճի սկզբնական շրջանում, ի հայտ եկած մորեխը սպառնում էր ամբողջությամբ ոչնչացնել այն: Այդ իսկ պատճառով էլ մարգարեն աղոթքով դիմում է Տիրոջը: Հունարեն ու սլավոներեն թարգմանությունները զգալի կերպով հեռանում են 1−ին համարի բնագրային տարբերակից. «Ահա մորեխի մի պարս էր գալիս արևելքից առավոտյան դեմ, ու ահա մի ջորյակ` մի Գոգ արքա»: Յոթանասնիցը եբրայերեն «յոցեր» («արարեց») արտահայտությունը, հավանաբար, ընթերցել է իբրև «յեցեր» ու թարգմանել է որպես «epigonh» («ծնունդ, ծնաճ»)։ Յոթանասնիցը այլ կերպ է ընթերցել նաև եբրայերեն «բիտխիլլատ ալոտ» («աճի սկզբնական շրջանում») արտահայտությունը և թարգմանել է իբրև «ercomenh ewqinh»: «Լեկեշ ախար գիզզե խամմելեխ» (խոտը եղավ արքայական հնձից հետո) արտահայտությունը Յոթանասնիցը «յելեխ էխադ գոգ խամմելեխ»` broucojei Gwg o basileuj (սլավոներեն՝ «ահա մի ջորյակ` մի Գոգ արքա») տարբերակով է ընթերցել։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպիսի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուած, ահա մորեխի մի պարս էր գալիս արեւելքից առաւօտեան դէմ. եւ ահա մի ջորեակ՝ մի Գոգ արքայ:
(Արարատ թարգ․) Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։
(Գրաբար) Ա՛յսպէս եցոյց ինձ Տէր Տէր. և ահա ծնունդ մարախոյ գա՛յր ընդ առաւօտս. և ահա ջորեակ մի Գո՛վգ արքայ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: