Ամոսի մարգարեության մեկնություն 7։4

Ա․ Լոպուխին

4-6. Տեր Աստված այսպիսի մի տեսիլք ցույց տվեց ինձ. ահա Տերը դատաստանի համար կրակ է ստեղծում, և այն լափում է մեծ անդունդը, լափում է նաև երկրի մի մասը: [4] Եվ ես ասացի. «Տեʹր Աստված, դադարեցրու այն: Ինչպե՞ս պետք է դիմակայի Հակոբը. նա շատ փոքրաթիվ է»: Եվ զղջաց Տերը այդ ամենի համար ու ասաց. «Դա չի լինի»: (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի երկրորդ՝ կրակի, տեսիլքի նկարագրությունը: Նկարագրության ընդհանուր միտքն ու նրա առանձին մասերի իմաստն ամբողջությամբ պարզ չեն: «Ահա Տերը դատաստանի («լարիվ») համար կրակ («բաեշ») է ստեղծում («կորե»)». մեջբերված հատվածի եբրայերեն տեքստը տարբեր   ձևերով է թարգմանվում` «դատաստանի համար կրակ է ստեղծում» (Յոթանասնից և սլավոներեն՝ «կրակով դատաստան արեց»), «հայտարարեց, որ Նա գալիս է կրակով պատժելու համար» (Էվալդ), «կրակ կանչեց պատժելու համար» (Հարպեր) և այլն: «Եվ այն լափում է մեծ անդունդը («էտ տեխոմ ռաբբա»), լափում է նաև երկրի մի մասը («էտ խախելեկ»)»։  «Տեխոմ ռաբբա»−ն («անդունդ, օվկիանոս») այն քաոսն է, որից ստեղծվել է երկիրը (Ծննդ. 1։2), կամ էլ այն ստորգետնյա ջրերն են, որոնք, ըստ հին հրեաների պատկերացման, սնում էին աղբյուրներն ու գետերը: Վերջին ընկալման պարագայում` անդունդները լափող կրակի ներքո  պետք է արևի առաջացրած տապն ու սարսափելի երաշտը հասկանալ, որի պատճառով էլ ցամաքում են ստորգետնյա ջրերը: «Խեխլեկ» (մաս, հողաբաժին) արտահայտությունը մեկնաբանները սովորաբար ընկալում են որպես երկրի, ուղղակի իսրայելական երկրի  մի մասի վերաբերյալ ասված խոսք: Կրակի կողմից իսրայելական երկրի մի մասը լափելու հանգամանքն էլ մարգարեին ստիպում է աղետներին վերջ տալու  համար բարեխոսել Տիրոջ առաջ: Վերը ասված խոսքերին պետք է ավելացնել, որ որոշ մեկնաբաններ (երանելի Թեոդորիտ, սուրբ Եփրեմ Ասորի, Կեյլ) նաև երկրորդ տեսիլքն են փոխաբերական, պատկերավոր կերպով թշնամիների ներխուժման կամ ընդհանրապես Աստծո բարկության մասին կանխագուշակման  իմաստով ընկալում. կրակը Տիրոջ բարկությունն է, մեծ անդունդը` հեթանոսական աշխարհը, երկրի մի մասը` իսրայելական ժողովուրդը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպիսի մի տեսիլք ցոյց տուեց ինձ Տէր Աստուածը. ահա կրակով դատաստան արեց Տէր Աստուածը, կրակը լափեց շատ խորութիւններ եւ կերաւ երկրի մի մասը:
(Արարատ թարգ․) Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։
(Գրաբար) Ա՛յսպէս եցոյց ինձ Տէր Տէր. և ահա կոչեաց դատաստան հրով Տէր Տէր. և եկեր զխորս բազումս, և եկեր զվիճակն։