Մաղաքիա արք. Օրմանյան
17-44. Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր: Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր: Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի. բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»: Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»: Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»: Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»: Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ: Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. «Ո՞ւր դրիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»: Եւ Յիսուս արտասուեց: Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»: Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»: Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»:
Երկու օր Հիսուս մնաց իր գտնված վայրում, երրորդ օրը ճանապարհ ելավ, չորրորդ օրը Երուսաղեմին մոտեցավ Բեթանիայի կողմից, որը, ըստ ավետարանչի, Երուսաղեմից տասնհինգ ասպարեզ էր միայն հեռու, կամ մեր չափերով՝ 2775 մետր, մոտովորապես երեք կիլոմետր: Հրեաների սովորության համաձայն, մեռածի վրա մեկ շաբաթ սուգ էին անում, և չորրորդ օրը որպես միջինք, հատուկ նշանակություն ուներ: Ղազարոսի տանն այն օրը մեծ բազմություն էր հավաքվել: Ցավակցություն հայտնելու եկողների թիվն ավելի շատ էր: Մարթան և Մարիամը մեծ հույս էին դրել Հիսուսի գալու վրա, բայց նա դեռ տեղ չէր հասել, չնայած նրա մոտից եկած խնդրակն արդեն բերել էր Հիսուսի գալու լուրը: Բայց նա չէր երևում, և այլևս չէին սպասում նրա գալուն: Եվ ահա լուր են տալիս, թե Հիսուս հեռվում երևաց: Մարթան, ում գործունյա բնավորությանն արդեն ծանոթ ենք (Ղուկ. 10:38-42), լուրն առնելուն պես, գնում է Հիսուսին դիմավորելու: Մարիամին բան չի ասում՝ թողնելով նրան այցելուների հետ, մեկնում է և Հիսուսին հասնում դեռ գյուղ չմտած:
Առաջին խոսքերը սրտի ցավն էին արտահայտում: «Ա՜խ, Հիսուս, - ասում է Մարթան, - ու՞ր էիր, ու՞ր մնացիր, եթե այստեղ լինեիր, եղբայրս հիմա գերեզմանի մեջ չէր լինի»: «Հոգ չէ, - ասում է Հիսուս, - մի՛ հուսահատվիր, Աստված մեծ է, եղբորդ չես կորցրել»: «Ա՜հ գիտեմ, - պատասխանում է Մարթան, - թե շատ բան կարող ես անել, ինչ որ Աստծու անունով ուզես, անշուշտ կլինի, քո խոսքերը Աստծու առջև իզուր չեն անցնի»: «Ուրեմն, - ավելացնում է Հիսուս, - վստահ եղիր, որ եղբայրդ հարություն կառնի»: «Գիտեմ, - ասում է Մարթան, - որ եղբայրս պիտի հարություն առնի, բայց դա աշխարհի վերջին օրը տեղի կունենա»: Իրոք, հրեաները սպասում էին վերջին հարությանը, ինչպես ասված է Դանիելի մարգարեության մեջ. «Եւ բազումք ի ննջեցելոց ի հող երկրիէ յարիցեն, ոմանք ի կեանցն յաւիտենական, եւ ոմանո ի նախատինս եւ յամօթ յաւիտենական» Դան. 12:2: Հիսուս պատասխանում է. «Նա, ով աշխարհի վերջում ամենքին հարություն պիտի տա և կյանք պիտի շնորհի մեռելներին, ես եմ. հետևաբար աշխարհի վերջին սպասելու հարկ չկա: Ով ինձ հավատում է, եթե մեռնի էլ, նորից կկենդանանա, կամ եթե կենդանի է ու հավատում է ինձ, կարող է երբեք չմեռնել: Դու՞ էլ չես հավատում այդ ճշմարտությանը, չե՞ս ընդունում, որ հարությունն էլ, կյանքն էլ ես եմ, և ինչպես հիվանդների կյանքն եմ պահպանում, այդպես էլ մեռելներին հարություն կտամ»: Մարթան շփոթված Հիսուսի ծանր խոսքերից, որոնք քաղցր հանդիմանության շեշտ ունեին, և իր թերահավատությունն էին մեջտեղ բերում, շտապում է պատասխանել. «Ինչպե՞ս չեմ հավատում, Տեր իմ, մի՞ թե միշտ չեմ հավատացել և խոստովանել, որ դու բոլորիս սպասած Մեսիան ես, օծյալ Քրիստոսը, Որդին Աստծու, որ պիտի գայիր աշխարհի փրկության համար»:
Հիսուս գոհ է մնում Մարթայի խոստովանությունից և ուզում է իմանալ, թե ինչ է մտածում մյուս քույրը՝ Մարիամը: Մարթան, գտնելով, որ լավ է ինքը՝ Մարիամը խոսի, շուտով տուն է դառնում և Մարիամի ականջին ասում, թե Հիսուս վարդապետը եկել է, դեռ գյուղ չի մտել, իր հետ արդեն խոսել է, հիմա էլ ուզում է Մարիամին տեսնել: Մարիամն իսկույն տեղից վեր է կենում և, առանց այցելուներին որևէ բան ասելու, Մարթայի հետ շտապում Հիսուսին տեսնելու այնտեղ ուր տեղի էր ունեցել Մարթայի հետ տեսակցությունը: Այցելուները չհասկանալով անցուդարձը, կարծեցին, թե քույրերը գնում են Ղազարոսի գերեզմանի վրա լաց լինելու, իրենք էլ հետևում են սգավոր քույրերին, բայց հանկարծ դեմ առ դեմ հանդիպում Հիսուսին:
Մարիամի առաջին խոսքերն էլ նույնն էին, ինչ որ Մարթայինը. «Ու՛ր էիր, վարդապետ, ու՛ր մնացիր. եթե ժամանակին եկած լինեիր, եղբայրս մեռած չէր լինի»: Մարիամը խոսում էր լալով և հեծկլտալով: Մարթայի աչքերն էօլ արցունքով լցված էին , և ներկաները չկարողացան իրենց զսպել, և բոլորը միասին լաց եղան: Ո՛չ այնքան Ղազարոսի կորուստը, որքան քույրերի խեղճ ու հուսահատ վիճակը հուզեց բոլորին: Հիսուս նույնպես ազդվեց այս սրտաճմլիկ տեսարանից և նրա աչքերն էլ լցվեցին, նրա այտերով արցունքներ հոսեցին: Հիսուս չափազանց հուզվել էր, ինքն էլ էր լաց լինում բոլորի հետ: Ավետարանում ուրիշ հիշատակություն Հիսուսի արտասվելու մասին չենք գտնում, երևում է, նրան երբեք ոչ ոք արտասվելիս չէր տեսել, որովհետև հրեաներն էլ զարմանքով իրար ասում էին. «Տեսնու՞մ եք, որքան շատ էր սիրում Ղազարոսին, և իրոք մեծ գութ ունի այդ ընտանիքի հանդեպ: Հապա ուրեմն, ինչու՞ չշտապեց գալ ու իր սիրելիին բժշկել, ինչու՞ մի բան չմտածեց, որ Ղազարոսը չմեռներ: Մի՞ թե ի ծնե կույրի բժշկությունից ավելի դժվար էր Ղազարոսին բժշկելը, որ խուսափեց գալուց: Ի ծնե կույրին բժշկողը Ղազարոսին էլ կարող էր բժշկել: Չենք հասկանում, թե այդ ի՞նչ գաղտնիք է»:
Ավետարանիչը այստեղ խիստ բառեր է օգտագործում Հիսուսի համար. «Խռովեցաւ յոգի իւր իբրեւ զայրացեալ» և թե Հիսուս երևաց «Զայրացեալ ընդ միտս իւր»: Բայց զայրույթը պետք չէ մեկնել իբրև բարկություն և ցասում, որովհետև ոչ ոք բարկության առիթ չէր տվել, այլ պետք է հասկանալ որպես սաստիկ հուզում և սրտնեղություն, զգացված ճնշում սրտի վրա, որը արցունքների դուրս հորդելու պատճառ եղավ: Հիսուսի վրա մարդկային բնության ամեն բնական երևույթ տեղի է ունեցել այնչափով, որքանով դրանք մեղանչական կերպարանք չեն ստացել, և հետևաբար խղճալի տեսարանի առաջ նրա ապրած հուզումներն էլ ամենևին խնդրո առարկա չի կարող լինել, թեպետ գործողության ավարտը իրեն անծանոթ չէր:
Ընդհանուր հուզմունքի, լացուկոծի մեջ Հիսուս ցանկություն է հայտնում գնալ Ղազարոսի գերեզմանը: «Որտե՞ղ եք թաղել Ղազարոսին, - հարցնում է նա, - ու՞ր է նրա գերեզմանը»: Բոլորը պատասխանում են. «Արի գնանք, կտեսնես թե ուր է»: Եվ բոլորը միասին ուղղվում են դեպի գերեզման, որը, անշուշտ, գյուղից դուրս մի վայրում էր և ոչ շատ հեռու այն տեղից, ուր այդ ժամանակ գտնվում էր Հիսուս:
Հիմա էլ հին Բեթանիայի (այժմ՝ Էլ-Ազարիե, երբեմն Լազարիոն) գյուղի մոտակայքում ցույց տված Մարթայի հանդիպած տեղի և Ղազարոսի գերեզմանի տեղի մոտիկությունը հաստատում են այդ:
Հիսուս, քույրերը և ժողովուրդը հասնում են գերեզման, որը ժայռի մեջ խորացված մի փոքրիկ քարայր էր, նման այդ կողմերի շատ ուրիշ գերեզմանների: Քարայրի մեջ՝ գետնի վրա հարմար փոս էր փորված, և այդ բացվածքի վրա՝ այն ծածկելու համար բավական տափակ քարեր էին ձգել՝ իբրև կափարիչ կամ գերեզմանաքար:
Հիսուսի այդտեղ գալը դիտվում է որպես բարեկամական այցելություն գերեզմանին, ինչպես որ մենք էլ սովոր ենք անել մինչև այսօր: Բայց երբ Հիսուս կողքիններին հրամայեց՝ «Վերցրեք կափարիչի քարը», առաջ է նետվում շփոթված Մարթան՝ արգելելու այդ: Ղազարոսի թաղումից չորս օր էր անցել, պիտի որ արդեն սկսված լիներ մարմնի քայքայումն ու նեխումը, այլակերպումն ու գարշահոտությունը, ինչն ամենևին հաճելի չէր լինի ո՛չ Հիսուսին, ո՛չ ներկաներին, ո՛չ էլ մանավանդ, իրեն ու քրոջը: «Ինչպե՞ս բացենք, - միջամտում է Մարթան, - չորս օրվա թաղած է, արդեն սկսել է հոտել»: Հիսուս պատասխանում է. «Քեզ արդեն ասացի, որ միայն հավատքդ հաստատուն պահիր և ուրիշ բանի մասին մի՛ մտածիր: Գիտեմ, որ չորս օրվա է, և այդ իմանալով հանդերձ, հրամայում եմ, ուրեմն պիտի հասկանաս, որ նպատակ ունեմ աստվածային փառքը հայտնելու և աստվածային գործ կատարելու»: Մարթան լռում է՝ կողքիններին ակնարկելով, որ կատարեն Հիսուսի հրամանը: Գերեզմանը ծածկող կափարիչը մի կողմ է քաշվում:
Այդ պահին, Հիսուս, աչքերը դեպի երկինք, ձեռքերը տարածած, աղոթք է ուղղում Աստծուն. «Ո՛վ իմ Երկնավոր Հայր, բյուր գոհություն քեզ, որ միշտ լսել ես և կատարել իմ խնդրանքները, որով և վստահություն ես ներշնչել, որ ամեն առիթով խնդրածներս պիտի կատարես: Ես արտաքին նշանների կարիքը չունեի և ամենևին էլ չունեմ, որպեսզի համոզված լինեմ ճշմարտությանը: Սակայն այդ նշանները պետք են ժողովրդին՝ համոզվելու համար, որ իրապես աստվածային են թե՛ իմ գալուստը, թե՛ Երկնքի Արքայության քարոզությունը: Միայն այդ նպատակով գործեցի բոլոր հրաշքները, նույն նպատակով եմ պատրաստվում նոր հրաշագործություն կատարելու Քո անունով, որպեսզի հաստատվի Ավետարանի վարդապետությունը»: Աղոթքն ավարտելով, աչքերն ուղղում է գերեզմանի կողմը, իր տխուր, սգավոր և հուզված տեսքն աստվածային փառքն է հագնում և ձայնը զորավոր շեշտ ընդունելով՝ ամուր և բարձր ձայնով հրամայում է. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դու՛րս արի գերեզմանից»: Եվ իսկույն մեռելը կանգնում է, ինչպես որ էր, երեսն ու մարմինը պատանքով փաթաթված, ձեռքերը երիզով պնդված, ոտքերն իրար կապված:
Բոլոր ներկաներին ահ ու սարսափ է պատում՝ տիրում է համընդհանուր շփոթություն, քույրերն ուրախությունից խեղակորույս վիճակում են, այնպես որ ոչ ոք չի մտածում մոտենալ հարուցյալին և ազատել նրան պատանքից ու կապերից, մինչև որ Հիսուս չի հրամայում. «Քանդե՛ք կապերը, հանեցե՛ք պատանքը, ճանապարհ բացե՛ք, որ քայլի ու գնա»: Ավետարանը չի պատմում այլ պարագաների մասին, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչ արագությամբ արձակեցին Ղազարոսի պատանքները, ինչ գուրգուրանքով քույրերը փաթաթվեցին եղբորը, ինչպիսի եռանդով Ղազարոսն ընկավ Հիսուսի ոտքերը՝ շնորհակալություն հայտնելու, ինչ իրարանցում բարձրացավ Բեթանիայում, որ լուրը վայրկյանապես անգամ մինչև Երուսաղեմ հասավ:
Ղազարոսի հարությունը Հիսուսի հարության նշանակն էր: Ժողովրդի և փարիսեցիների համար այն գրավական էր, թե Հիսուսի իր հարության մասին ասածներն էլ ճշմարտություն էին և պիտի ճշմարտվեին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: