Մաղաքիա արք. Օրմանյան
12-14. Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի: Այլ, երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը»:
Երկրորդ առակը կոչնատիրոջն է ուղղված ոչ թե պատմական ոճով, ինչպես նախորդն ու հաջորդը, այլ՝ խրատական և հորդորական։ «Երբ հացկերույթ պիտի տաս, - ասում է Հիսուս՝ կոչնատիրոջն ուղղելով խոսքը, - մի՛ հրավիրիր եղբայրներիդ, ազգականներիդ, բարեկամներիդ, դրացիներիդ և կարող անձանց, որովհետև սրանով առիթ ես տալիս, որպեսզի նրանք էլ քեզ հրավիրեն և հրավերը հրավերով կհատուցվի, և դու բարեգործություն արած չես լինի։ Ընդհակառակը, եթե ընդունելություն պիտի անես և հացկերույթ տաս, հավաքիր աղքատներին ու խեղանդամներին, կաղերին ու կույրերին և նրանց համար սեղան բաց արա, ովքեր քեզ համար փոխադարձ սեղան բաց անելու կարողություն չունեն։ Տվածիդ հատուցումը այստեղ չստանալով՝ հանդերձյալ կյանքում, մեռյալների հարությունից հետո, արդարների հետ մեկտեղ Աստծուց կստանաս բարեգործությանդ փոխարենը»։
Հիսուսի խոսքն անհնար է ընկալել բարեկամական և ընտանեկան հացկերույթների առումով, որոնք օրինապես կարող են կատարվել՝ պարկեշտ զվարճություններ կազմակերպելով։ Այլապես անկարելի է մտածել, թե բարեկամական կամ ընտանեկան ուրախության ժամանակ մարդը կարող է մի կողմ թողնել իր ազգականներին ու բարեկամներին և աղքատներով ու խեղանդամներով սեղան նստել։ Հիսուսի խոսքը վերաբերվում է այն ճաշերին կամ ընթրիքներին, որոնք կազմակերպվում են բարեգործական կամ բարեհիշատակման նպատակներով, ինչպիսին էր այդ պահին շաբաթվա քարոզությունից հետո տրված սեղանը, ինչպես նույն ձևով մեր օրերում էլ դեռևս հոգեհաց տալու և մատաղներ անելու սովորությունը կա։ Սրանք փոխանակ բարեգործական ձև ունենալու՝ վերածվում են բարեկամական հացկերույթի և ամփոփվում ազգականների ու բարեկամների շրջանակներում, և նույնիսկ մատաղին կամ հոգեհացին մասնակից են դարձնում կարող անձանց։ Այսպիսի սեղանները իրենց նպատակից դուրս են և ստանում են կենցաղավարական գործողության ձև․ հրավիրյալները ստիպված են լինում հացկերույթի փոխարեն իրենք էլ նույնատիպ հացկերույթ կազմակերպել, որով հոգեհաց կամ մատաղ պատրաստողները ստանում են իրենց փոխհատուցումը և Աստծուց հատուցում ստանալու իրավունք չեն ունենում։ Ահա առակաձև հորդորակի բարոյական իմաստը։
Իսկ ավետարանական իմաստով առակը դարձյալ ակնարկում է Աստծու կողմից հրեաների անարգվելը և առաջ հեթանոսների կանչվելը։ Հրեաների ըմբռնմամբ՝ իրենք Երկնքի Արքայության կոչնատիրոջ մերձավորներն ու բարեկամներն են, իսկ հեթանոսները՝ օտարներ և անարժաններ։ Սակայն Աստված, որ Ավետարանի քարոզությամբ բարի գործի նպատակն ունի, պիտի նախադասի այդ օտար և անարժան կարծվածներին և դա անելով՝ ուղղակի պիտի գործած լինի Իր նպատակի համապատասխան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: