Մաղաքիա արք. Օրմանյան
11-19․ Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով: Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»: Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին: Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»: Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»:
Ավետարանի այդ հատվածում քիչ են բժշկությունների մասին պատմությունները, ոչ թե նրա համար, որ բժշկություններ չէին կատարվել, այլ որովհետև Ղուկասը սկզբից բժշկությունները քաղվածաբար պատմել է և վերջում էլ ամփոփում է վարդապետական հատվածները։ Ամեն մի բժշկության հետ հանգամանորեն տեղն ու ժամանակը նշանակված չլինելու պատճառով, պարտավորված էին Ավետարանների օահած կարգով և ըստ այդմ էլ կազմել մեր «Համապատում»-ը։ Այստեղ միջանկյալ ձևով պատմվում է տասը բորոտների բժշկությունը։ Բայց մենք չենք կարող պնդել, թե ճշտությամբ կատարվել է այդ առակների խոսված օրը, մանավանդ, որ Ղուկասը տեղն էլ է ճշտում, թե կատարվեց Սամարայի և Գալիլիայի սահմանագլխին գտնվող մի գյուղում, երբ Հիսուսը ճանապարհորդում էր դեպի Երուսաղեմ։ Այդ տեղագրությունը դժվարությամբ է համապատասխանում Հիսուսի Բերեայում գտնվելու ժամանակին և ավելի ճիշտ կլիներ ասել, որ տասը բորոտների բժշկությունը կատարվեց, երբ Հիսուս վերջին անգամ մեկնեց Գալիլիայից և Սամարիայի ճամփով ուղևորվեց դեպի Երուսաղեմ, ինչպես իր տեղում պատմեցինք (Մատթ. 19:1): Սակայն մեկնիչներն ընդհանրապես չեն սիրում տեղափոխել տասը բորոտների բժշկությունը և այդ ենթադրությամբ հարմար է ասել, որ բժշկությունը կատարվեց, երբ Հիսուս վերջացրեց Բերեայի քարոզությունը և պատրաստվեց մեծ շրջանով վերադառնալ Երուսաղեմ, անցավ Հորդանանը, առանց Գալիլիա մտնելու, Գալիլիայի սահմաններից մոտից մտավ Սամարիա և ճանապարհը նորից ուղղեց դեպի Երուսաղեմ։ Այդ տեղագրական բացատրությունը և Հիսուսի ուղեգիծն Ավետարանի ընթացքին էլ է հարմար, որովհետև վարդապետական մասերից մի համառոտ հատված էլ այլևս չի մնացել և դրանց Բերեայում խոսված լինելը ցույց տվող նշան չունենք։ Մենք էլ հետևում ենք ավետարանների համաձայնության այդ ձևին և տասը բորոտների բժշկությունը պահում ենք Դուկասի դրած կարգում։
Հիսուս այս ուղևորության ժամանակ մոտենում էր մի գյուղի որի անունն ասված չէ։ Այն գտնվում էր Սամարիայի և Գալիլիայի սահմանագլխին։ Եվ ահա այդ կողմերում գտնվող տասը բորոտները, որոնք իրենց հիվանդության պատճառով գյուղից դուրս էին հանվել և թափառում էին շրջակայքում, հազիվ Հիսուսին ճանաչեցին, սկսեցին հեռվից բարձրաձայն աղաղակել․ «Յիսուս վարդապետ, ողորմեաց մեզ»։ Հեռվից գոռալու պատճառը բորոտների մարդու չմոտենալու պայմանն էր, որպեսզի ուրիշներն էլ չպղծվեն և չվարակվեն։ Խեղճերի վիճակը և հավատով լեցուն եռանդով աղաղակը ազդեց Հիսուսի վրա և հեռվից հեռու Ինքն էլ պատասխանեց․ «Գնացեք քահանաների մոտ և օրինական քննության պայմանը կատարեք, դրանից իսկ կբուժվեք»։ Բոլորն էլ ուրախությամբ Հիսուսի խոսքն ընդունելով իբրև կատարյալ գործողություն, գնում են գյուղ, գտնում քահանային, որ, օրինական քննություն անելով, իրենց հռչակի բժշկված և սրբված։ Տասից ինն ուրախ, զվարթ տուն են շտապում՝ տնեցիներին ուրախացնելու և վայելելու ընտանեկան հանգիստը։ Այդ ինն էլ հրեա էին։ Տասներորդը, որ սամարացի էր մտածում է տուն գնալուց առաջ իրեն բժշկողին շնորհակալություն հայտնել։ Գտնում է Հիսուսին, որ արդեն գյուղ էր մտել և երկրպագություններով իր երախտագիտությունն է հայտնում, Հիսուսի փառավորության համար բարեմաղթություններ անում և Աստծուն էլ օրհնաբանություններ մատուցում, որ Հիսուսի ձեռքով իրեն բժշկություն շնորհեց։ Երբ Հիսուս տեսնում է սամարացի բժշկվածի վերաբերմունքը և սրտաբուխ զգացմունքը չի կարողանում լռել և դիտողություններ չուղղել նրա մոտիկներին։ «Տասը հոգի չէի՞ն այդ բորոտները, որ բժշկեցի, ինչո՞ւ այն ինը հոգին չմտածեցին վերադառնալ և շնորհակալություն հայտնել ու փառաբանել Աստծուն։ Այս եկողը սամարացի է, այնինչ այն ինը հոգին հրեա էին։ Սամարացիներն իբրև անարժաններ ամբաստանվում են, բայց ահա վկայում են իրենց արժանի լինելը։ Մինչ մյուսները, որ հրեա էին և իրենք իրենց ուզում են արժանավորներ ցույց տալ, այսքան փոքրիկ բան չմտածեցին»։
Այս գիտությամբ Հիսուս ցանկանում էր հասկացնել հրաների ոչ ճշտապահ լինելը, չնայած որ նրանք հակառակն էին ցանկանում ցույց տալ և, ընդհակառակը, լավ գործ կատարողները իրենցից անարգված սամարացիներն ւ հեթանոսներն են, ովքեր և՛ մտածում են, և՛ իրագործում։ Սրան է անդրադառնում Հիսուս և օրհնում սամարացի բժշկվածին․ «Վեր կաց,- ասում է,- գնա՛, Աստված քեզ հետ․ Աստծուն գոհություն ընծայիր, որովհետև բժշկությանդ պատճառը քո զորավոր հավատքը եղավ»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: