Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 23:13

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

13-16. Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին եւ ժողովրդին ու ասաց. «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան: Եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն: Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»
   
    Պիղատոսի ակնկալությունն ու հաշվարկը իզուր եղան: Նա կարծում էր, թե, Նազովրեցի Հիսուսի գործը Հերովդեսի վրա գցելով, այդ ձանձրություններից կազատվի, բայց ահա տեսնում է, որ նորից Հիսուսին իրեն են վերադարձնում՝ առանց գործի լուծումը քայլ անգամ առաջ տանելու: Հերովդեսն էլ մահապարտության արժանի պատճառ չգտնելը ցույց տալով, ո՛չ որոշակի մերժում էր հայտնում և ո՛չ էլկնճռոտ խնդրից դուրս գալու ճանապարհ բացում:
    Պիղատոսն այս անգամ էլ դրսի քարահատակըտ ելավ և, ներկայանալով Հիսուսի հետևից խռնված բազմությանը, առաջ կանչեց զողովրդական քահանայապետերին ու իշխանավորներին և սկսեց նրանց իր միտքը բացատրել: «Այս Նազովրեցին,- ասում է,- վերցրիք ու ինձ մոտ բերեցիք՝ պնդելով, թե ժողովրդին ապստամբության մղող և կայսերական իշխանության դեմ ըմբոստ մեկն է: Քիչ առաջ դուք ևս ներկա էիք, երբ իրեն հարցաքննեցի և ամենևին ձեր ասած ամբաստանությունների վերաբերյալ նշան իսկ չգտա: Դուք իր դեմ շատ բաներ ասացիք, սակայն ձեր ասածները պարզ չարախոսությունից այն կողմ չանցան, որովհետև օրինավոր վկայություններով և վավերական փաստերով որևէ բան չհաստատեցիք: Քանի որ գալիլիացի է և Գալիլիայում է գործել, ինչպես ասում էիք, ուղարկեցի Գալիլիայի թագավորին, որպեսզի քննիձեր ամբաստանությունների ստուգությունը և որոշի, բայց ահա Հերովդեսն էլ ձեր ամբաստանությունները հաստատուն չի համարել, և ծաղրական ձևով՝ կարևորության արժանի որևէ բան չգտնելով, հայտնել է այդ: Ըստ այդմ, ես այդ մարդու վրա չարագործություն չեմ գտնում. Վնաս ինչ ոչ գտի յառնս յայսմիկ: Հետևաբար, չեմ կարող նրա դեմ մահապարտության վճիռ արձակել. Ոչ ինչ մահու արժանի է գորեալ դորա:: Ուստի ձեր խնդրի հետ չեմ կարող համաձայնվել, առավելագույնը կարող եմ ընդունել, որ անզգույշ ընթացք է ունեցել, որով չեմ կարող ոճրագործության համար նախատեսված մահապատիժ վճռել, այլ կարող եմ իրեն զգաստացուցիչ և ուղղիչ պատիժ տալ, ինչպես ասում է օրենքը թեթև հանցավորների համար և այդպես գործը կվերջացնեմ ու այդ մարդուն էլ ազատ կարձակեմ»:
    Պիղատոսը կարծում է, թե մի նոր ձև է գտել՝ Հիսուսի գործը ավարտելու համար, ո՛չ անմեղին դատապարտել, ո՛չ պահանջկոտ ու կատաղի ամբաստանողներին գրգռել, ո՛չ իր խղճի դեմ գործել և ո՛չ էլ հրաների առաջարկը բոլորովին մերժված համարել: Արդեն Պիղատոսի մասին խոսելիս նկատեցինք (Մատթ. 27:2), թե որքան անիրավ ու ամբարտավան, նույնքան էլ երկչոտ ու վարանոտ բնավորություն ուներ: Նախ հրեաներին թողեց, որ իրենց օրենքով դատեն, հետո ձևակերպեց դատավարությունը, վերջում կամեցավ գործը Հերովդեսի վրա գցել, հիմա էլ հանցանքը և պատիժը մեղմացնելով, մտածուր էր գոհացնել հրաներին:
    Բայց այս պայմանն էլ ընդունելի չեղավ: Ամբաստանողների պնդումը և ամբոխի ժխորը չդադարեց և Հիսուսի մահապարտությունը պահանջող ձայները գնալով բարձրացան: Պիղատոսը դեռևս չի փոխում իր ընթացքը և աշխատում է մի նոր եղանակ էլ գտնել: