Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 23:34

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:35
   
34-35. Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրեալ Որդին»:
   
   Հիսուսի առաջին բերան բացելն անհիշաչարության երկնայինզգացման բացատրությունն է։ Խաչի վրա գամված, ջղաձգումից թուլացած ու կքված անգութ վերքերից իր ծանրությամբ կախված, կարծես ինքն իրեն մոռացած, նա առաջին հայցն իր թշնամիների, հալածողների, չարչարողների, սպանողների համար է անում։ Ինքն իրեն բռնադատում է, գլուխը դեպի վեր, աչքերը դեպի երկինք՝ «Հա՛յր,- ասում է,- Հա՛յր, ներիր սրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում, ինչ ծանր չարություն են գործում՝ չգիտեն»։
Ղուկասն է միայն այդ առաջին խոսքերը հիշում և այն անմիջապես կցում է խաչին բևեռելու գործողությանը, կարծես թե նա աղոթել էր ուղղակի խաչ հանող զինվորների համար։ Սակայն զինվորների գործը իրենց վրա պատասխանատվություն կրելու հանգամանք իսկ չուներ։ Հռոմեացի զինվորը իր հրամանատարի ձեռքում անշունչ գործիքից չէր տարբերվում, իրեն հրամայած գործը կատարելիս ոչ պատճառ, ոչ նպատակ և ոչ նշանակություն փնտրելու կարիք չուներ, իր համար Հիսուսը առարկա էր, որի վրա իր հրամանատարի կամ դատավորի դատավճիռը գործադրելու պարտավորությունը միայն գիտեր, չգործադրելու դեպքում պատժապարտ կամ մահապարտ լինելու վտանգով։ Հետևաբար չենք կարծում, որ այս զինվորները եղած լինեն Հիսուսի առաջին և մեծ աղոթքի առարկան, այլ ընդհակառակը՝ այն չարամիտ հալածողները, այն ոխերիմ թշնամիները, այդ վատհոգի ժողովականները, որոնք պատրաստեցին դավաճանությունը, մատչելին հրապուրեցին, ժողովրդին գրգռեցին, դատավորին բռնադատեցին և ամեն ջանք թափեցին, մինչև որ Հիսուսին խաչից կախված տեսնելու վատաբախտ հաջողությանը հասան։ Սրանց համար է Հիսուսի անհիշաչար աղոթքը, սրանց մտքի կուրությունն է ողբում Հիսուսը, և այն, ինչ նրանց չարության լրումն է, որպես ջատագովության փաստ առաջադրում է, որ եթե իրոք համոզված լինեն, որ
Հիսուսն ակնկալված Մեսիան է, Օծեալ Փրկիչն է, երկնավոր վարդապետն է, Աստծու Որդին է, իհարկե կզգուշանային այդ չարությունները գործելուց։
   Մենք էլ այդ մտքով է, որ Հիսուսի սրտաբուխ աղոթքը ժողովրդի և ժողովրդականների ցույցերից ու հայհոյություններից հետո հարմար գտանք զետեղել, որով ավելի ևս երևան է գալիս անհիշաչար զգացմունքների բարձրությունը՝ նրանց չարության և Հիսուսի բարության շոշափելի հակադրությամբ։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:39