Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:40

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և քեզնից խլել շապիկդ, բաճկո՛նդ էլ տուր նրան»։
   
   Փրկիչը ցանկանում է, որ մենք ցույց տանք նույն անչարությունը ոչ միայն այն ժամանակ, երբ մեզ ծեծում են, այլ նաև այնժամ, երբ ցանկանում են խլել մեր ունեցվածքը: Դրա համար էլ Հիսուս կրկին առաջարկում է նույնքան վսեմ մի կանոն: Ինչպես այնտեղ Նա հրամայում էր հաղթանակել համբերատարությամբ, այդպես էլ այստեղ պատվիրում է հաղթել` զիջելով ավելին, քան ակնկալում է ագահ մարդը: Սակայն Քրիստոս այս վերջին կանոնը պարզապես (առանց վերապահումների) չի առաջարկել, այլ որոշակի պայմաններով. Հիսուս միայն չասաց՝ «բաճկո՛նդ էլ տուր նրան», այլ նախ նշեց պայմանը՝ «և եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ», այսինքն՝ այն դեպքում, եթե նա քեզ դատարան է տանում և ցանկանում է քո դեմ դատական գործ սկսել: Եվ, ինչպես «եղբորդ անմիտ մի´ անվանիր» և «առանց պատճառի մի´ բարկացիր նրա վրա» պատվիրաններից հետո, Իր վերջին քարոզում Նա ավելին է պահանջում՝ հրամայելով նաև աջ այտը դարձնել, այնպես էլ հիմա, արդեն իսկ ասված պատվիրանից հետո, որ էր՝ «հաշտվի´ր հակառակորդիդ հետ» պատգամը, Հիսուս կրկին ընդլայնում է Իր պահանջը՝ կարգադրելով ոչ միայն տալ հակառակորդին այն, ինչ նա ցանկանում է վերցնել, այլ նաև` ցուցաբերել ավելի մեծ առատաձեռնություն: Ի՞նչ է, - կասես, - ես մե՞րկ պետք է մնամ: Մենք մերկ չէինք լինի, եթե ճշգրիտ կատարեինք այս պատվիրանները այլ դեռ, ընդհակառակը, մենք բոլորից ավելի լավ հագնված կլինեինք: Նախ՝ որովհետև ոչ ոք չէր հարձակվի հոգու այդպիսի տրամադրվածություն ունեցող մարդու վրա, և երկրորդ՝ եթե անգամ գտնվեր այնքան դաժան և անողոք մեկը, որ համարձակվեր դա անել, անկասկած, ավելի շատերը կգտնվեին, որոնք իր ունեցածը դիմացինին տվող իմաստուն մարդուն (որը հասել էր իմաստության այդօրինակ բարձր աստիճանի) ոչ միայն հագուստով կզգեստավորեին, այլև, եթե անհրաժեշտ լիներ, նույնիսկ իրենց մարմնով կպաշտպանեին:
   Իսկ եթե մեկին վիճակված լիներ մերկանդամ քայլել նման իմաստության հասնելու համար, ապա նրա այդ քայլը բնավ էլ խայտառակություն չէր դիտվի: Ադամը դրախտում մերկ էր և չէր ամաչում (տե´ս Ծննդ. 2:25): Եսային նույնպես, որ մերկ և առանց կոշիկների էր քայլում, բոլոր հրեաներից առավել փառավորված էր (տե´ս Ես. 20:3): Հովսեփն իր [առաքինությամբ] հատկապես փայլեց այն ժամանակ, երբ զրկվեց իր հագուստից: Նման կերպ մերկ լինելը բոլորովին էլ վատ բան չէ, մինչդեռ ամոթալի և ծիծաղելի է այնպես հագնվել, ինչպես որ մենք հագնվում ենք այժմ, այսինքն՝ զարդարվում ենք թանկարժեք հագուստներով: Ահա թե ինչու Աստված նրանց փառավորեց, իսկ մեզ դատապարտում է թե´ մարգարեների և թե´ առաքյալների միջոցով: Ուստի, Տիրոջ պատվիրաններն անհնարին չհամարե´նք: Դրանք և´ օգտակար են, և´ դյուրությամբ իրագործելի, եթե միայն մենք զգոն լինենք: Դրանք այնքան փրկարար են, որ ոչ միայն մեզ, այլ նաև մեզ վիրավորողներին են մեծամեծ օգտակարություն բերում:
   Այս պատվիրանների առանձնահատուկ արժանիքն այն է, որ մեզ ասես տարհամոզելով հաշտվել վիրավորանքների հետ՝ միաժամանակ իմաստություն են ուսուցանում նաև այդ վիրավորանքները հասցնողներին:
վԻսկապես որ, երբ վիրավորողը կարևոր է համարում ուրիշի ունեցվածքը խլելը, իսկ դու իրականում ցույց ես տալիս նրան, որ քեզ համար դյուրին է տալ նույնիսկ այն, ինչ նա չի խնդրում, և այդպիսով նրա աղքատամտությանն ու ագահությանը հակադրում ես քո առատաձեռնությունն ու իմաստությունը, ապա պատկերացրո´ւ, թե որքան ավելի ազդու խրատ կստանա նա՝ ոչ թե խոսքերով, այլ գործերո´վ սովորելով արհամարհել չար հակումները և սիրել առաքինությունը:
   Աստված ցանկանում է, որ մենք օգտակար լինենք ոչ միայն ինքներս մեզ, այլև մեր բոլոր մերձավորներին: Ուստի, եթե դու տաս պահանջվածn առանց որևէ վիճաբանության և դատի, ապա այդ դեպքում միայն դու օգուտ կքաղես: Իսկ ահա եթե պահանջվածից բացի էլի ինչ-որ մի բան տաս, ապա հակառակորդիդ էլ ավելի լավը կդարձնես քո այդ արարքի շնորհիվ: Ահա թե ինչ է նշանակում ա´յն «աղը», որի դերում Փրկիչը ցանկանում է տեսնել Իր աշակերտներին. այն և´ ինքն իրեն է պահպանում, և´ պահպանում է այն ամենը, ինչ դրանով աղվում է: Ահա թե ինչ է նշանակում նաև այն «լո´ւյսը». այն լուսավորում է և´ ինքն իրեն, և´ ուրիշներին: Ուստի, քանի որ Տերը քեզ դասել է Իր աշակերտների շարքում, լուսավորի´ր խավարում նստողին:    Սովորեցրո´ւ նրան, որ նույնիսկ այն, ինչ նա քեզանից պահանջել է, չի վերցրել բռնի ուժով (այլ քո հոժար կամքով), և համոզի´ր նրան, որ դու քեզ նրա կողմից վիրավորված չես համարում: Այդպես դու ավելի մեծ հարգանքի և պատվի կարժանանաս, երբ նրան համոզես, որ նա ոչինչ չի խլել քեզանից, այլ դու ինքդ ես հոժարակամ նրան տվել իր ուզածը: Հեզությանդ շնորհիվ նրա մեղքը վերածի´ր քո ազնվականությունը դրսևորելու պատեհ հնարավորության: Եթե սա քեզ շատ վսեմ է թվում, ապա սպասի´ր, դու դեռ կտեսնես, որ սա ամենևին էլ կատարելության գագաթնակետը չէ:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող:
   

   Եվ եթե մեկը կամենում է բռնադատել և շապիկդ խլել, թող նրան նաև բաճկո՛նդ:

   [Տերը] կամենում է, որ անոխակալ ու կատարյալ լինենք ո՛չ միայն հարվածվելիս, այլև ունեցվածքից ու հագուստից զրկվելիս: Բայց տես, որ չի ասում, թե ինչ մարդ էլ պատահի, [նրա հետ այդպես վարվիր], այլ ով որ բռնադատի, քեզ տանի ատյան և նեղություն պատճառի: Իսկ խոսքը, ինձ թվում է, թարգմանիչների կամ գրիչների կողմից սխալ է կազմված, որովհետև բաճկոնը վրայի [հագուստն] է, իսկ շապիկը՝ տակի, ինչպես ասում է Ղուկասը. «Եվ ով բաճկոնդ հանում է քո վրայից, մի՛ արգելիր [հանել] և շապիկը» (Ղուկ. 6։29): Եվ կամ՝ սրանով [Տերն] ավելի մեծ համբերություն է սովորեցնում. եթե մեկը վրայի [հագուստը] չի հավանում, այլ հակառակելու համար տակինն է հանում, դրան և՛ս համբերիր: Կամ էլ՝ տակինն ավելի մաքուր է լինում, դրա համար է [այն հանել կամեցողը քեզ] նեղություն պատճառում:

   Իսկ ովքեր վիճելով ընդդիմանում են, թե ի՞նչ է, մե՞րկ պիտի շրջենք, նրանց սա՛ կասենք: Նախ՝ եթե մեր կամքով հնազանդվեինք այս օրենքին, բնավ չէինք մերկանա, որովհետև իբրև Տիրոջ հրամանով եղած պահպանություն՝ ահն ու երկյուղը կընկնեին բռնություն գործադրողի վրա, և նա չէր մոտենա մեզ, ուր մնաց թե համարձակվեր մերկացնել. կամ էլ բաճկոնով կբավարարվեր: Երկրորդ՝ եթե անգամ պատահեր այնպիսի գազանաբարո մեկը, որ այդքանը հանդգներ գործել, ապա կգտնվեին շատեր, ովքեր այսպիսի զգոն մարդուն ոչ միայն հագուստով, այլև իրենց մարմնով կծածկեին, ինչպես Հովսեփն ու Նիկոդեմոսը՝ Տիրոջ մարմինը և հավատացյալները վկաներինն էին ծածկում: Եվ երրորդ՝ եթե նույնիսկ հարկ լինի մերկ շրջել, ամոթ չէ բնավ, քանի որ Ադամը մերկ էր շրջում ու չէր ամաչում, Եսային նույնպես մերկ էր ու բոկոտն (Ես. 20։2), Մարկոսն էլ մեն-մի կտավով էր ծածկվել, որը բռնվելիս թողեց ու մերկ փախավ, (Մարկ. 14։51) 1, և Պողոսն էլ պարծենում է. «Մերկ էինք շրջում» (հմմտ. Բ Կոր. 11։27): Որովհետև սա գովեստի պատճառ է և ոչ թե պարսավանքի, ասես երկրավորն ամբողջապես արհամարհելով՝ տենչում են երկնային կյանքը, որում ծածկվելու և [այլ] կարիքներ հոգալու պետք չկա:

   Այլաբանորեն՝ երկու տեսակ կյանք կա՝ հոգևոր և մարմնավոր, որոնք ասես ծածկում են մեզ, ինչպես հագուստը՝ մարմինը: Հետևաբար, [Տերն] ասում է՝ եթե մեկը քեզնից խլում է վերևինը, որը [Տերը] «բաճկոն» է կոչում, այսինքն՝ սկսում է գայթակղվել քո կյանքի երևացող վարքով, ինչպես Հեղին՝ Աննայի աղոթքով, քանի որ նրան շառագունած տեսավ և կարծեց, թե հարբած է, ապա թո՛ղ նրան նաև տակի շապիկդ, այսինքն՝ առաքինություններդ բացահայ տիր ու ցո՛ւյց տուր նրան, որպեսզի գայթակղվածը նորից շինվի, ինչպես որ Աննան հայտնեց. «Աստծո ջերմ սիրով եմ հարբած ու վշտով համակված և ո՛չ թե գինով, ինչպես կարծում ես», որն իմանալով՝ Հեղին, որ նախ քննադատել էր, օրհնեց [նրան]  (Ա Թագ. 1։9-18):

   Բայց ըստ այս խոսքի կազմության՝ կարելի է այսպես հասկանալ այս այլաբանությունը: Ասում է. «Ով կամենում է շապիկդ խլել, թող նրան նաև բաճկոնդ», այսինքն՝ եթե մեկը ջանում է [քո] ներքին խորհուրդները հափշտակել և գցել հավատի ուրացության և անմաքուր գործերի զազրության մեջ, թող նրան արտաքին հագուստդ՝ մարմնավոր ունեցվածքդ, հարստությունդ և անգամ մարմինդ, և հոգիդ ու քո ներքին հարստությունն անկապուտ կպահես:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17