Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։30

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:

   

   Տերը գիտեր կնոջ մտքերը նախքան դրանց հայտնվելը, թեև Նրա մասին մտածում էին, որ Նա նույնիսկ կնոջ դեմքը չգիտի: Եվ աշակերտներին հարցնելով (Ղուկ. 8։45)՝ նա արհամարհանքի առիթ չտվեց նրանց, որոնք արհամարհելու (այսինքն՝ նրա զորությունը ժխտելու) համար պատճառ էին փնտրում: Ի վերջո, թեև Իրեն մոտեցողի մասին հարցնելու պատճառով թվաց,  թե Ինքը չգիտի մոտեցողի ով լինելը, սակայն  փաստորեն նա գիտեր ծածկվածը, որովհետև ոչ մի այլ պատճառով նրան չբժշկեց, եթե ոչ  հանուն Նրա հավատի: Քանի որ Նա նախ տեսավ կնոջ գաղտնի հավատը, ապա նրան ակնհայտ ապաքինում պարգևեց: Այսպիսով, եթե Նա գիտեր անտեսանելի հավատը, ապա առավել ևս  կարող էր իմանալ  մարդու տեսանելի պատկերը: Հետևաբար, թեև Տերը, հանուն օգուտի, ձևացրեց, թե չգիտի ակնհայտ բաները, բայց անմիջապես ցույց տվեց Իր կանխատեսությունը, որի շնորհիվ էլ Նա իմացավ նաև ծածուկը:

   Եթե ​​ նույնիսկ ցավոտ հիվանդությունից բուժված կինը ծածուկ գնար, ապա, բացի այն, որ հրաշքը (շրջապատող մարդկանց) բազմությունից գաղտնի կմնար, այլ նաև մարմնով բժշկվածը հոգով հիվանդ կհեռանար: Թեև նա բուժման պատճառով հավատաց, որ Քրիստոսն արդար մարդ է, սակայն, եթե կատարված իրողությունը Տիրոջ համար անհայտ մնար, ապա կինը՝ Նրա Աստված լինելու հարցում կասկածներ կունենար: Ի վերջո, ոմանք էլ արդարների մոտ գնացին ու բժշկվեցին, սակայն այնպես չեղավ, որ արդարը իմացավ, թե ով իր մոտ եկավ և ապաքինվեց: Այսպիսով, որպեսզի մարմնով բժշկված կինը հոգով հիվանդ չմնա, միտքն ու մարմինը փրկելու համար եկած Տերը նաև նրա միտքը բուժել շտապեց: Հետևաբար ասաց. «Ով դիպավ... իմ հագուստներին...»:

   Ի՞նչ նպատակով Տերն ասաց. «Ո՞վ դիպավ ինձ»: Այն բանի համար, որ նա, ով իմացավ իր ապաքինման մասին, չմնա անտեղյակ, որ Տերն էլ գիտի իր հավատքի մասին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:

   

   Զորությունը Քրիստոսից այնպես դուրս չի գալիս, կարծես փոխում է գտնվելու վայրը: Ընդհակառակը, այն ուրիշներին հաղորդվելով, միևնույն ժամանակ  Քրիստոսի մեջ մնում է առանց նվազման, ինչպես ուսուցման համար նախատեսված դասերը, որոնք մնում են թե՛ ուսուցանողների մոտ և թե՛ փոխանցվում են ուսանողներին:

   

Ա. Լոպուխին

Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: (Սինոդական թարգմ․)[30]
   

   Տերը հիվանդ մարդու հետ պատահածի մասին իմանում է վերջինիս՝ Իր հագուստին դիպչելու շնորհիվ, սակայն այն բանի համար է հարց տալիս, որպեսզի նրան խոստովանության դրդի և ներշնչի, որ նա բժշկվել է ոչ թե «Հրաշագործի» հագուստի ինչ−որ կախարդական ազդեցության, այլ Նրա, որպես Աստծո Որդու, հանդեպ ունեցած իր հավատքի շնորհիվ:
--------------------------------
[30] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»: Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը եւ ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»:
(Արարատ թարգմ․) Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։
(Գրաբար) Եւ անդէն վաղվաղակի՝ գիտա՛ց Յիսուս յանձն իւր զզաւրութիւնն որ ե՛լ ի նմանէ, դարձա՛ւ յամբոխն եւ ասէ. Ո՞վ մերձեցաւ ի հանդերձս իմ: