Սուրբ Հովհան Ոսկեբերան
4-12․ Առաջին ամսի քսանչորսերորդ օրը ես կանգնած էի Տիգրիս, այն է՝ Դկլաթ մեծ գետի ափին: Բարձրացրի աչքերս, եւ ահա փառահեղ հագնուած մի մարդ՝ մէջքին Ոփազի ոսկուց մի գօտի կապած. նրա մարմինը ծովագոյն էր, նրա դէմքը փայլակի տեսք ունէր, նրա աչքերը կրակի ճառագայթների պէս էին, նրա բազուկներն ու զիստերը փայլուն պղնձի տեսք ունէին, եւ նրա խօսակցութեան ձայնը կարծես զօրքի ձայն լինէր: Միայն ես՝ Դանիէլս տեսայ տեսիլքը. ինձ հետ եղող մարդիկ չտեսան տեսիլքը, այլ մեծ ահ տիրեց նրանց, եւ նրանք զարհուրած փախան: Ես մենակ մնացի եւ տեսայ այդ մեծ տեսիլքը, բայց իմ մէջ էլ ուժ չմնաց, վայելչութիւնս ապականութիւն դարձաւ, եւ ուժս չվերագտայ: Ես լսեցի նրա խօսքերի ձայնը եւ երբ լսում էի նրա խօսքերը, քարացել մնացել էի՝ դէմքս գետին խոնարհած: Եւ ահա նա, ձեռքը ձգելով դէպի ինձ, կանգնեցրեց ինձ ծնկներիս եւ ձեռքիս թաթերի վրայ եւ ասաց ինձ. «Դանիէ՛լ, ա՛յր սիրելի, հասկացի՛ր խօսքերս, որ պիտի ասեմ քեզ եւ մնա՛ քո տեղում, որովհետեւ այժմ ես ուղարկուած եմ քեզ մօտ»: Երբ նա այս բաներն էր ասում ինձ, ես դողալով ոտքի ելայ: Նա ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, Դանիէ՛լ, որովհետեւ այն օրուանից, որ դու սիրտդ բացեցիր՝ խելամուտ լինելու եւ վիշտդ յայտնելու քո Աստծու առաջ, քո խօսքերը լսելի դարձան, եւ ես եկայ քո խօսքերի պատճառով:
Տեսնո՞ւմ ես արդյոք, ինչպես ես ասացի, որ նա գրեթե արդարանում է մարգարեի առաջ: «Առաջին իսկ օրվանից,− ասում է նա,− ես ուղարկվեցի: Ինչի՞ համար հապաղեց»: «Պարսից թագավորության մի իշխան հակառակվում էր ինձ քսանմեկ օր» (Դան. 10։13): Լսել ես, որ «Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, ինչպես Ադամի որդիներին էր սփռել, ազգերի սահմանները նշանակեց ըստ Աստծու որդիների (կամ հրեշտակների) թվի» (Բ Օր․ 32։8)։ Յուրաքանչյուր ազգ ունի հովանավորող հրեշտակ, որը ցանկանում է ավելի ուժեղ լինել, քան մյուսները: «Ես՝ Դանիելս, այս տեսիլքը տեսա», քանի որ արտասանված խոսքերը լսելը բավարար չէր:
Տեսնո՞ւմ եք, որ մարգարեները այլ կերպ էլ են հրահանգվել: «Եվ մեծ զորությունը»: Իսկապես մեծ, քանի որ թույլ մարդիկ հաղթահարեցին այդքան հաղթանակներ տարած Անտիոքոսին: «Եվ այս հայտնությունը ճշմարիտ է»: Սա ասվում է այն պատճառով, որովհետև կարող են չհավատալ դրան: «Ո՞վ Բաղդասար անունով էր կոչվում»: Մարգարեն հիշում է անցյալի իրադարձությունների մասին, որպեսզի արժանահավատ լինի: Նա նաև խախտում է Պասեքը, քանի որ Պասեքը պատահում էին առաջին ամսում, իսկ նա մինչև այս ամսվա քսանչորսերորդ օրը ծոմ էր պահում: Նրա պահքը սկսվում է տասնչորսերորդ օրվանից և տևում է տասնչորսերորդից մինչև քսանմեկերորդ օրը և ևս երկու օր: Տե՛ս, թե ինչպես են օրենքի դրույթներն արդեն չեղարկվում: Վախն էր արդյո՞ք, որ քեզ փախչել ստիպեց, Դանիե՛լ: «Ո՛չ»,− ասում է նա: Ուշադրությո՛ւն դարձրու, թե նա որտեղ է տեսիլքը տեսնում. անապատում, ինչպես Մովսեսը, քանի որ քաղաքները լի են աղմուկով և խառնաշփոթով: Նույն կերպ էլ Քրիստոսն է լեռան վրա այլակերպվում կամ պայծառակերպվում:
Այդ դեպքում ինչպե՞ս ես դու (հրեա) այժմ ծոմ պահում, ասա՛ ինձ, երբ քո նախնիները զոհեր չէին մատուցում, ծոմ չէին պահում և տոն չէին նշում: Արդեն այստեղից էլ պարզ է դառնում, որ նրանք նաև Պասեքը չէին նշում, քանզի այնտեղ, որտեղ զոհ չկար, տոն էլ չկար, որովհետև բոլոր տոները պետք է տոնվեին զոհեր մատուցելով: Բայց դրա ապացույցը ձեզ ներկայացնելու համար լսի՛ր, թե ինչ է ասում Դանիելը. «Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չդրեցի իմ բերանը, յուղով չօծվեցի մինչև երեք շաբաթների ավարտը: Առաջին ամսի քսանչորսերորդ օրը ես կանգնած էի Տիգրիս, այն է՝ Դկլաթ մեծ գետի ափին» (Դան. 10։2−4): Այստեղ ուշադի՛ր լսիր ինձ. քանզի այս խոսքերից ակնհայտ է, որ հրեաները (Բաբելոնում) չէին նշում Պասեքը: Ես հիմա կասեմ ձեզ, թե դա ինչպես է եղել: Բաղարջակերաց օրերին հրեաներին թույլ չէին տալիս ծոմ պահել. բայց Դանիելը քսանմեկ օր ոչինչ չճաշակեց: Ասա՛, թե ինչից է պարզ դառնում, որ այս քսանմեկ օրերը բաղարջակերաց օրերն էին: Այն բանից, որ նա ասաց. «Առաջին ամսվա քսանչորսերորդ օրը», իսկ Պասեքը ավարտվում է քսանմեկերորդ օրը. որովհետև առաջին ամսվա տասնչորսերորդ օրվանից սկսելով և յոթ օր նշելով՝ հրեաները հասնում են քսանմեկերորդ օրվան: Բայց Դանիելը, նույնիսկ Պասեքից հետո, շարունակեց չուտել, որովհետև առաջին ամսի երրորդ օրվանից սկսելով և քսանմեկ օր շարունակ (ծոմ պահելով)՝ նա այդպիսով անցկացրեց տասնչորս օրը, իսկ դրանից հետո՝ յոթ և երեք օր ևս: Այսպիսով՝ մի՞թե անօրինություն և չարություն չէին գործում հրեաները, որ մինչ այդ սրբերը օտար երկրում ոչ մի ծես չէին կատարում, նրանք համառորեն հակառակն էին անում: Ի վերջո, եթե որոշ անզգույշ և անբարեխիղճ մարդիկ խոսեին և սա անեին, ապա նրանց՝ տոներին չհետևելը կարող էր վերագրվել նրանց անզգուշությանը. բայց եթե սրանք բարեպաշտ և աստվածասեր մարդիկ էին, այնպիսի մարդիկ, որոնք նույնիսկ իրենց հոգին կտային Աստծո պատվիրանների համար, ապա ակնհայտ է, որ նրանք տոների վերաբերյալ օրենքը չէին պահում ոչ թե անզգուշության պատճառով, այլ հենց օրենքից բխող այն մասին համոզմամբ, որ այդ ծեսերից ոչ մեկը չպետք է պահվեր Երուսաղեմից դուրս: Սրանից բացահայտվում է նաև մեկ այլ կարևոր ճշմարտություն, այն է, որ զոհաբերությունների, շաբաթ օրվա, ամսամուտների և բոլոր նման տեսակի բաների պահպանումը, որոնք պահանջում էին այդ ժամանակի (հրեական) օրենքները, պարտադիր չեն, և որ ո՛չ դրանք պահպանելը կարող էր ինչ−որ առանձնահատուկ առաքինություն տալ, և ո՛չ էլ չպահպանելը՝ լավ մարդուն վատ դարձնելը կամ հոգևոր իմաստությունից ինչ−որ բան խլել: Այսպիսով՝ նրանք (սուրբ մարդիկ), որոնք երկրի վրա ապրում էին հրեշտակային իմաստությանը հավասար կյանքով, չնայած որ սրա համար ոչինչ չէին անում, այսինքն՝ զոհ չէին անում, տոն չէին նշում, այդպիսի ծոմ չէին պահում, սակայն այնքան էին գոհացնում Աստծուն, որ հենց բնությունից (ենթադրաբար իրենց մարդկային բնությունից) ավելի մեծ բարձրության էին հասնում, և իրենց հետ կատարվածով ամբողջ տիեզերքը ուղղում էին դեպի Աստվածճանաչողություն: Ի՞նչը կարող է համեմատվել Դանիելի հետ:
Ա․ Լոպուխին
4-6․ «Իսկ առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես մեծ Տիգրիս գետի եզերքին էի»։ [4] «Եվ աչքերս բարձրացրի ու տեսա. ահա մի մարդ՝ կտավ հագած, և նրա մեջքին Ուփազի ոսկուց գոտի էր կապած»: «Նրա մարմինը ոսկեքարի նման էր, նրա դեմքը կայծակի տեսք ուներ, աչքերը վառվող ճրագների պես էին, նրա ձեռքերն ու նրա ոտքերը՝ փայլուն պղնձի նման, և նրա խոսքերի ձայնը մարդկանց բազմության ձայնի պես էր»։
(Սինոդական թարգ․)
Դանիելին հայտնված մարդու արտաքին տեսքը հիշեցնում էր Մարդու Որդու տեսքը (Հայտ. 1։13−15), այդ իսկ պատճառով ոմանք նրան Աստվածային անձնավորություն են համարում: Բայց ինչպես երևում է Դան․ 10։11 համարից, հայտնվածը ծառայող հոգիներից մեկն է, իսկ նրա ամբողջ խոսքը (Դան. 10։11, 12) հիշեցնում է, ավելի ճիշտ, վերարտադրում է Գաբրիել հրեշտակապետի խոսքը (Դան. 9։21, 22), որի հետևանքով էլ հնարավոր է ներկայիս տեսիլքի մարդուն նույնականացնել վերջինիս հետ:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Առաջին ամսի քսանչորսերորդ օրը ես կանգնած էի Տիգրիս, այն է՝ Դկլաթ մեծ գետի ափին:
(Արարատ թարգ․ 10։4) Եվ առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես մեծ գետի՝ Տիգրիսի եզերքին էի։
(Գրաբար) Յաւուրն քսաներորդի և չորրորդի ամսեանն առաջնոյ. կայի ես առ ափն գետոյն մեծի՝ որ է Տիգրիս Դկլաթ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: