Ա․ Լոպուխին
29-31. «Սահմանված ժամանակին նա նորից հարավ պիտի գնա, բայց այս վերջին ընթացքը չի լինելու այնպես, ինչպես նախորդն էր»։[29] «Որովհետև միևնույն ժամանակամիջոցում նրա հետ պիտի գնան Կիտտիմի նավերը, և նա պիտի հուսալքվի և պիտի հետ դառնա ու պիտի չարանա սուրբ ուխտի դեմ և պիտի կատարի իր մտադրությունն ու նորից համաձայնության պիտի գա սուրբ ուխտն ուրացողների հետ»։ «Եվ նրանից կազմվելու է զորքի մի մասը, որը պղծելու է զորության սրբարանը և դադարեցնելու է ամենօրյա զոհաբերությունն ու ամայի գարշելիություն է հաստատելու»։ (Սինոդական թարգ․)
Շուտով Անտիոքոսը կրկին շարժվեց Եգիպտոսի դեմ (Բ Մակաբ. 5։1), սակայն այս արշավանքն էլ անհաջող եղավ: Միաժամանակ ժամանած հռոմեացի լեգատները պահանջեցին, որ Անտիոքոսը դուրս գա հռոմեական ժողովրդի բարեկամների սահմաններից: Լիվիի և Հուսթինի պատմության համաձայն՝ Հռոմեական նավատորմի («Կիտացիների նավեր») ղեկավար Պոպիլիուս Լենը, Ալեքսանդրիայից չորս մղոն հեռավորության վրա հանդիպելով Անտիոքոսին, շրջապատեց նրան և ասաց. «Դու չես հեռանա այստեղից, քանի դեռ խոսք չես տվել, որ կթողնես Եգիպտոսը»: Անտիոքոսը լքեց Եգիպտոսը, բայց իր ձախողման վրեժը լուծեց հրեաներից. Նա կողոպտեց և այրեց նրանց քաղաքները, խլեց անասունները և այլն (Ա Մակաբ. 1։29–32): Պայմանագիր կնքեց «սուրբ ուխտը լքողների» հետ, որոնք «միաբանվեցին հեթանոսների հետ և հոժարեցին չարիքներ գործել» (Ա Մակաբ. 1։11–15): «Զորքի մի մաս», որը «անմեղ արյուն թափեց սրբարանի շուրջը» և ամեն կերպ պղծեց սուրբ վայրը, բնակեցրեց Երուսաղեմում (Ա Մակաբ. 1։33–37, Բ Մակաբ. 6։4, 5) և, վերջապես, դադարեցնելով ամենօրյա աստվածապաշտությունը, Երուսաղեմի տաճարում տեղադրեց Յուպիտեր Օլիմպիացու արձանը և բուն Տաճարը կոչեց այս աստծո տաճար (Ա Մակաբ. 1.54, Բ Մակաբ. 6.2):
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Պիտի վերադառնայ ժամանակին, պիտի գայ Հարաւի դէմ, բայց վերջինս առաջինի նման չի լինելու:
(Արարատ թարգ․ 11։29) Սահմանված ժամանակին պիտի վերադառնա և հարձակվի հարավի վրա, բայց այս անգամ նախկինի նման չի լինելու։
(Գրաբար) Ի ժամանակի դարձցի՝ և եկեսցէ ի վերայ հարաւոյ. և ո՛չ եղիցի իբրև զառաջինն վերջինն։
Պատմամշակութային մեկնություն
Մ.թ.ա. 168 թվականին տեղի ունեցած Եգիպտական երկրորդ պատերազմը։ Մ.թ.ա. 168–ի գարնանը Անտիոքոսը ստիպված եղավ կրկին պաշարել Մեմֆիսը։ Նա գրավեց քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Ստորին Եգիպտոսի վրա: Պատրաստվելով թուլացած Ալեքսանդրիայի պաշարմանը՝ նա, փաստորեն, արդեն իրեն տեսնում էր որպես Եգիպտոսի օրինական թագավոր: Բայց այս անգամ հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Եգիպտոսը օգնության համար դիմեց Հռոմին, և հռոմեական նավերը Ալեքսանդրիա հասան այն ժամանակ, երբ նա նոր էր մոտենում քաղաքին: Հռոմեացի հյուպատոս Գայոս Պոպիլիուս Լենը նրան դիմավորեց Ալեքսանդրիայի պատերի մոտ և հրամայեց Անտիոքոսին լքել Եգիպտոսը: Երբ Անտիոքոսը պատասխանեց, որ պետք է խորհրդակցի իր խորհրդականների հետ, հռոմեական հյուպատոսը թագավորի շուրջ գտնվող գետնի վրա մի շրջան գծեց և նրանից պատասխան պահանջեց նախքան այս շրջանից նրա դուրս գալը: Ուժեղ ճնշման տակ նվաստացած Անտիոքոսը հանձնվեց և խուճապահար նահանջեց՝ չիմանալով՝ ում վրա թափել իր զգացմունքները: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել մ.թ.ա. 168–ի հուլիսին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: