Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):30

Ա․ Լոպուխին

«Որովհետև միևնույն ժամանակամիջոցում նրա հետ պիտի գնան Կիտտիմի նավերը, և նա պիտի հուսալքվի և պիտի հետ դառնա ու պիտի չարանա սուրբ ուխտի դեմ և պիտի կատարի իր մտադրությունն ու նորից համաձայնության պիտի գա սուրբ ուխտն ուրացողների հետ»։ (Սինոդական թարգ․)[30]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):29
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Նրա զօրքի մէջ պիտի մտնեն կիտացիների բանակները, եւ նա պիտի թուլանայ ու պիտի վերադառնայ՝ բարկութեամբ լցուած սուրբ ուխտի դէմ. այդպէս պիտի անի եւ վերադառնայ ու նորից պիտի զօրք գումարի նրանց դէմ, որոնք լքեցին սուրբ ուխտը:
(Արարատ թարգ․ 11։30) Որովհետև Կիտտիմի նավերը նրա դեմ պիտի գնան, և նա պիտի հուսալքվի։ Նա պիտի հետ դառնա ու ցասումով գործի սուրբ ուխտի դեմ։ Ետ պիտի դառնա և ուշադրություն դարձնի սուրբ ուխտը լքողներին։
(Գրաբար) Եւ մտցեն ի նա բանակք Կիտացւոց, և խոնարհեսցին. և դարձցի և բարկասցի ի վերայ ուխտին սրբոյ. և արասցէ և դարձցի և գումարեսցի ի վերայ այնոցիկ ոյք թողին զուխտն սուրբ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Սուրբ ուխտի դեմ ուղղված զայրույթը: Երուսաղեմում լուր տարածվեց, որ Անտիոքոսը սպանվել է մարտում: Քահանայապետի պաշտոնից հեռացված Յասոնը, օգտվելով առիթից, ապստամբություն կազմակերպեց Մենելաուսի դեմ, որն այդ ժամանակ քահանայապետ էր (այս մասին ընթերցի՛ր 11.22 մեկնաբանությունը): Երբ Անտիոքոսը լսեց խռովության մասին, հնարավոր է, որ ապստամբությունը ճնշելու համար անձամբ եկավ Երուսաղեմ: Ապստամբությունը ճնշելու ժամանակ տասնյակ հազարավոր հրեաներ սպանվեցին, իսկ տաճարը թալանվեց (Մենելաուսը, ըստ ամենայնի, ինքն էլ է մասնակցել կողոպուտին): Այլ աղբյուրներում (հնարավոր է հետագա գործողությունների մասին) ասվում է, որ ապստամբությունը ճնշելու համար Անտիոքոսը Ապոլոնիոսին մեծ զորքով ուղարկել է Երուսաղեմ: Ըստ Մակաբացիների գրքերի՝ սա ձևակերպվեց որպես խաղաղ գործողություն, բայց ավարտվեց մասայական կոտորածներով: Սա կարող է առանձին միջադեպ լինել, և դժվար է ասել, թե արդյո՞ք դա կապ ունի 11.28 համարում հիշատակվող իրադարձությունների հետ: Հավանական է, որ հենց այդ ժամանակ սիրիացի մարտիկները Տաճարի լեռան ստորոտում կառուցեցին միջնաբերդը (Ակրու):