Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):28

Սուրբ Հովհան Ոսկեբերան

28-30․ Մինչ խօսքը թագաւորի բերանում էր, երկնքից ձայն լսուեց եւ ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուքոդոնոսոր արքայ, քո թագաւորութիւնը խլուած է քեզանից: Մարդկանց միջից պիտի հալածեն ու վտարեն քեզ: Դու պիտի բնակուես անապատի գազանների հետ, եւ որպէս արջառի՝ խոտով պիտի կերակրեն քեզ: Եօթը ժամանակներ պիտի անցնեն քո վրայից, մինչեւ ճանաչես, որ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեանը եւ այն պիտի տայ, ում որ կþամենայ»: Հէնց նոյն ժամին այդ բանը կատարուեց Նաբուքոդոնոսորի հետ. նա հալածուեց ու վտարուեց մարդկանց միջից, ինչպէս արջառ՝ նա խոտ էր ուտում, եւ նրա մարմինը թրջուեց երկնքի ցօղից, մինչեւ որ նրա մազերը երկարեցին առիւծի մազերի չափ, եւ նրա եղունգները՝ թռչունների մագիլների պէս:
   
   Սա է անձամբ Նաբուգոդոնոսորին հասած ի վերուստ որոշումը: Եվ ամեն ինչ մինչև վերջ իրականացավ: «Դու չգնահատեցիր,– ասում է,–  մարդկային ազնվազարմությունը, այդ պատճառով էլ ընկար գազանների ստորության մեջ (այսինքն՝ թողեցիր մարդու բարձր արժանապատվություը և իջար կենդանիների աստիճանի)»: Աստծու կողմից նրան ո՛չ աղքատ, ո՛չ գերի և ո՛չ էլ նմանատիպ այլ բան դարձնելը սրանից ավելի ամոթալի չէր կարող լինել: Սակայն  Նա թագավորին չզրկեց իր բնական ազնվազարմությունից, նրա մարմինը կենդանու մարմին չդարձրեց, բայց այն, ինչով մարդը տարբերվում է անասունից, Նա հասցրեց մինչև կենդանական վիճակի: Եվ այնպես արեց, որ մյուսները, նրա ուտելիքից և տեսքից, ևս կարողանան իմանալ եղածի մասին: Ի՞նչ ենք մենք սովորում դրանից: Հպարտության կամ մեկ այլ դաժան կրքի մեջ ընկնելու և մեզ հետ նման մի բան չպատահելու փաստը  դեռ չի նշանակում, որ մենք անասուններից ավելի լավն ենք: Այսօր շատերը Նաբուգոդոնոսորի նման գազանի հոգի ունեն: Լսի՛ր Մաթեոսին, որն ասում է. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ» (Մատթ. 23։33), նաև մարգարեն է ասում. «Նրանք դարձան իգամոլ ձիեր, և ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա էր վրնջում» (Երեմ. 5։8),  մեկ ուրիշը հավելում է. «Ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել» (Ես. 56։10),  մեկ ուրիշն էլ մարդկանց «աղվեսներ» (Եզեկ. 13։4) է անվանում,  մեկն էլ՝ «իժեր ու քարբեր» (Սաղմ. 90։13)։ Բայց սովորական կյանքում վայրագության հասնելը շատ ավելի վատ է, քան Նաբուգոդոնոսորի հետ պատահածը զգալը: Նրա մեջ հոգին ամենևին չէր տառապում:  Իսկ մենք, այսքան շատ մեղքեր կուտակելով, շատ ավելի վատն ենք դարձել, ինչպես արդեն ասվել է: Հեթանոս իմաստունները,  ինչպես  ասում են,  մարդկանց գազան էին դարձնում: Սակայն դա առակ է, իսկ սա՝ ճշմարտություն: Ինչո՞ւ  են նրանք գազանի վերածում: Առանց որևէ նպատակի: Իսկ Սուրբ Գիրքը նշում է նաև դրա պատճառը. «Որպեսզի բոլորն իմանան, որ Բարձրյալն է իշխում մարդկանց ստեղծած թագավորությունների վրա»: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Աստծու համար ամեն ինչ հնարավոր։ Տերը կարող է մարդկանց կենդանիների վերածել և բանականությունը փոխել: Պատկերացրո՛ւ, թե որքան զարմանալի կլինի նախկինում այսպիսի շքեղության մեջ ապրած մարդուն մերկ ու գազանների հետ ապրելիս տեսնել: Նա չփոխեց իր արտաքին տեսքը. այլապես այստեղ ոչ մի սարսափելի բան չէր լինի: «Կենդանու սիրտ» ստանալը չի ​​նշանակում, որ նա զրկվել էր բանականությունից, այլ նշանակում է, որ, մարդկային հոգի ունենալով, նա զգացել էր իր վիճակը: Եթե ​​նա գազանի վերածվեր, ապա կատարվածի իմաստը չէր հասկանա: Ի՞նչ է նշանակում «նրան կենդանու սիրտ կտրվի» արտահայտությունը: Սա նշանակում է, որ նա վայրենի էր և չէր ցանկանում կամ վախենում էր մարդկանց հետ լինել  կամ էլ կենդանիների նման վախենում էր մարդկանցից: Այն ժամանակ ի՞նչն էր նրանից բարձր, իսկ հիմա ի՞նչն է նրանից ցածր: «Եվ նա ժողովրդից  հեռացվեց»:

   Իշխանությունը նրան ամենևին էլ չպաշտպանեց: Նա չդարձավ մսակեր գազան, այլ խոտ կերավ և նմանվեց անխոս կենդանու: Դու կարող ես խոտը որպես սովորական սնունդ օգտագործել: Ինչպե՞ս կենդանիները չկերան նրան: Ինչպե՞ս կարող էր նրա մարմինը հանդուրժել նման սնունդը: Ինչպե՞ս նա չմահացավ: Այն էլ քիչ ժամանակ չէր անցել: Նա շրջում էր խայտառակվածի նման, իր վրա կրում էր պատժի նշանները և նվաստացման մոդելը ներկայացնում էր բոլորին: Կարող են ասել, որ ավելի լավ կլիներ, որպեսզի թագավորն այդ ամենի միջով անցներ մարդկանց հետ մնալով: Սակայն նրա պատիժն ավելի ծանրացնելու համար դա թույլ չտրվեց: Բայց խրատել, այնուամենայնիվ, հաջողվեց, քանի որ բոլորը պատմում էին նրա հետ կատարվածի մասին, և միգուցե անձամբ էին նրան  քաղաքից դուրս տեսել: Սա տեսնելը շատ ավելի սարսափելի էր: Ավելին, ոչ թե քիչ ժամանակ էր անցել, այլ մի ամբողջ յոթնյակ: «Մինչև նրա վրա,–  ասում է,–  յոթ ժամանակներ չանցնեն»: Սա մոտավորապես լինում է երեքուկես տարի:
   

Ա. Լոպուխին

28-30․ «Այս խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն լսվեց. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ հեռացավ քեզնից»։ [28] «Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, ու քո բնակությունը դաշտի անասունների հետ պիտի լինի, և քեզ արջառների նման խոտով են կերակրելու, ու յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»: «Նույն ժամին և այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ, և նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառի պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, այնպես որ նրա մազերը երկարեցին առյուծի մազերի պես, իսկ եղունգները՝ թռչունների եղունգների նման»։ (Սինոդական թարգ․)

   

   Աստվածային զորության ժխտումը խելագարություն էր՝ մարդկային բանականությունից զրկում: Աստծո կամքով այս վիճակը կարճաժամկետից դառնում է «յոթ անգամ» ավելի երկարա ժամկետ ունեցող: Նաբուգոդոնոսորը ենթարկվում է հոգեկան հիվանդության ամենավատ տեսակներից մեկին՝ այսպես կոչված լիկանտրոպիային: Նա կորցնում է բանականությունը (Դան. 4։31) և իրեն ցուլի տեղ է դնում, որի արդյունքում մարդկային ցանկություններն ու կարիքները փոխարինվում  են կենդանականով: Մարդկային հասարակությունից հեռանալուց հետո թագավորը սկսում է խոտով սնվել և մթնոլորտային փոփոխությունների ազդեցության շնորհիվ գազանի տեսք է ձեռք բերում. չկտրված մազերը աճում են առյուծի բաշի պես (սլավոնական ընթերցում), իսկ եղունգները դառնում են գիշատիչ թռչունների ճանկերի նման:

   Նաբուգոդոնոսորի  հիվանդությունն աննախադեպ և անհավատալի բան չէր: Խելագարության նմանատիպ ձևերը հայտնի են դեռ հին ժամանակներից: Այսպիսով՝ Հերոդոտոսը պատմում է նյարդերի մասին, որոնք, ըստ նրա, վերածվել են գայլերի. լիկանտրոպիաների գոյության մասին հայտնում են Հուլիանոս կայսեր պալատական ​​բժիշկ Օրիբազին և 14–15 դարերի հուշարձանները, որոնք խոսում են այս հիվանդության Եվրոպայում հայտնվելու մասին: Այս ապացույցների հիման վրա Նաբուգոդոնոսորի խելագարությունը համարվում է իրական փաստ, այլ ոչ թե Դանիելի գրքի հեղինակի կողմից հորինված: Ըստ էկզեգետների՝ նրա պատմության հավաստիությունը հաստատվում է նաև Նաբուգոդոնոսորի գրություններից մեկով, որում նա խոսում է իր թագավորության ընթացքում եղած չորսամյա ընդմիջման մասին: «Չորս տարի,– նշում է նա,– թագավորությանս գահի  համար իմ սիրտը չի ուրախացել. ես ոչ մի շինարարություն չեմ ձեռնարկել, Մերոդաքի պատվին փառաբանական հիմներ չեմ երգել, նրան զոհ չեմ մատուցել, ջրանցքները չեմ մաքրել»: Նաբուգոդոնոսորի թագավորության ընթացքում եղած այս ընդմիջումը հիվանդության պատճառով կառավարության գործերից հեռանալու իմաստով հասկանալով՝ էկզեգետները նրա մասին նշում են գտնում Նաբուգոդոնոսորի երկրորդ իրավահաջորդ Ներիգլիսորի այն գրության մեջ, որում նա իրեն անվանում է «Բաբելոնի թագավոր Բիլուսումիսկունի որդի»: Բաբելոնյան տարեգրություններում վերոնշյալ թագավորի անունը չկա, որի հիման վրա ենթադրվում է, որ Բիլուսումիսկունը ոչ թե իրական թագավոր է եղել, այլ  Նաբուգոդոնոսորի հիվանդության ընթացքում իշխած ժամանակավոր կառավարիչ: Հպարտ որդին էլ (Ներիգլիսոր) հորը «թագավոր» է կոչում: Ինչ վերաբերում է հիվանդության տևողությանը, ապա դրա աստվածաշնչային սահմանումը` «յոթ ժամանակներ», տարբեր ձևերով է հասկացվում: Ոմանք (Գենգստենբերգ, Գեֆերնիկ, Քեյլ), ելնելով այն կարծիքից, որ յոթը ամբողջություն նշանակող թիվ է, և եբրայերեն «իդան» արտահայտությունը Դանիել մարգարեի գրքում օգտագործվում է ընդհանուր առմամբ անորոշ իմաստով ժամանակը նշելու համար (Դան. 2։8–9, 3։5, 15), «յոթ ժամանակների»  ներքո հասկանում են անորոշ, բայց թագավորի խրատման և լուսավորության համար միանգամայն բավարար  ժամանակաշրջան: Մյուսները, (Գիթզիգ, Ռոսենմյուլլեր և Ֆուերս), հղում անելով Դան․ 7։25 և 12։7, 11 համարներին, որտեղ «ժամանակ, ժամանակներ և կես ժամանակ» արտահայտությունը սահմանվում է որպես 1290 կամ 1260 օր, «յոթ ժամանակները»  հասկանում են յոթ տարվա իմաստով: Եվ, վերջապես, երրորդ խմբի ներկայացուցիչները (հին եկեղեցու հայրերից՝ Հովհան Ոսկեբերան և Եփրեմ Ասորի) «յոթ ժամանակները» հասկանում են որպես 3–ից 12 տարի: Որպես այս տեսակետի հիմնավորում՝ ներկայացվում է իր թագավորության ընթացքում եղած չորսամյա ընդմիջման մասին անձամբ Նաբուգոդոնոսորի վկայությունը:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Մինչ խօսքը թագաւորի բերանում էր, երկնքից ձայն լսուեց եւ ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուքոդոնոսոր արքայ, քո թագաւորութիւնը խլուած է քեզանից:
(Արարատ թարգ․ 4։31) Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։
(Գրաբար) Եւ մինչդեռ բանքն’ի բերա՛ն էին թագաւորին, ձայն եղև յերկնից և ասէ. Քե՛զ ասեմ Նաբուքոդոնոսո՛ր արքայ. թագաւորութիւն քո անցեալ է’ի քէն.