Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Եվ նախ պիտի հատուցեմ նրանց իրենց անիրավության և իրենց խոր մեղքի համար, որովհետև նրանք պղծեցին Իմ երկիրը, իրենց պիղծ դիակներով և իրենց պղծություններով լցրին Իմ ժառանգությունը»։
Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։
Վերոնշյալը կարող է վախեցնել շատերին, մանավանդ եթե, Աստծո մարդասիրությանը հուսալով, պատժի չենք սպասում: Իսկ նա խոսում է շատ մեծ (անօրինությունների) մասին, քանզի Եսային ասում է. «Քանի որ իր բոլոր մեղքերի համար Տիրոջից կրկնակի հատուցում ստացավ» (Ես․ 40։2): Որպեսզի ասվածը սպառնալիք չհամարեք, նա՝ մարգարեն, վկայում է, որ դա տեղի է ունեցել: Ի՞նչ է: Մարդիկ պատժում են մեղքերի ծանրությանը համապատասխան, իսկ Աստված դրանից վե՞ր է: Ո՛չ, իսկ ի՞նչ է նշանակում. «Կրկնակի մեղք են գործել, կրկնակի էլ պատիժ են ստանում»: Հնարավոր է՝ կրկնակի են անվանում, որովհետև ոչ միայն զրկվելու են շնորհից, այլ նաև անթիվ աղետների են ենթարկվելու: Նաև մեր պատիժը կրկնակի կլինի՝ Թագավորությունից զրկում և դժոխքի տանջանք, քանզի այս չարիքներից յուրաքանչյուրն ինքնին մեծ է և ծանր:
Ա. Լոպուխին
«Եվ նախ պիտի հատուցեմ նրանց իրենց անիրավության և իրենց խոր մեղքի համար, որովհետև նրանք պղծեցին Իմ երկիրը, իրենց պիղծ դիակներով և իրենց պղծություններով լցրին Իմ ժառանգությունը»։ (Սինոդակ. թարգմ.) [18]
«Նախևառաջ», եբրայերենից ավելի ճշգրիտ՝ «նախապես» (Ես․ 65։7), այսինքն՝ մինչև 14–15–րդ համարների խոստումների կատարվելը: «Նրանց կրկնակի մեղքերի համար» (Ես. 40։2)… Հրեաների մեղքը կրկնապատիկ կամ կրկնակի է համարվում՝ այդ մեղքի զորությունը ցույց տալու համար։ «Գարշելի մեռելոտիներ»… Կուռքերին մեռելոտի է կոչում, որպեսզի ցույց տա դրանց պղծությունը, քանի որ հրեայի աչքում դիակն ամենամեծ պղծությունն էր:
---------------------------------------
[18] (Էջմիածին թարգմ.) Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»:
(Արարատ թարգմ.) Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։
(Գրաբար) Եւ հատուցից նոցա նախ կրկին զանիրաւութիւնս նոցա. եւ զմեղս նոցա որովք պղծեցին զերկիր իմ մեռելոտւովք գարշելեացն իւրեանց. եւ անաւրէնութեամբք նոցա՝ որովք լցին զժառանգութիւն իմ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: