Երեմիայի մարգարեության մեկնություն 18։1

Ա. Լոպուխին

1–12․ «Այն խոսքը, որը հասավ Երեմիային Տիրոջ կողմից»:[1] «Վե՛ր կաց և իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ Ես քեզ կհայտնեմ Իմ խոսքերը»։ «Եվ ես իջա բրուտի տունը, և ահա, նա իր գործն էր անում ճախարակի վրա»։ «Եվ այն անոթը, որը բրուտը պատրաստել էր կավից, ավերվեց նրա ձեռքում. և նա դրանից դարձյալ պատրաստեց մի ուրիշ անոթ, ինչպես որ հաճելի թվաց բրուտի աչքին»։ «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»: «Մի՞թե Ես չեմ կարող վարվել ձեզ հետ, Իսրայելի՛ տուն, այս բրուտի պես, - ասում է Տերը: Ահա, ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ Իմ ձեռքին, Իսրայելի՛ տուն»։ «Երբեմն Ես մի ժողովրդի և մի թագավորության մասին կասեմ, որ արմատախիլ եմ անելու, քանդելու եմ և կործանելու եմ»: «Բայց եթե այդ ժողովուրդը, որի մասին Ես ասացի դա, դարձի գա իր չար գործերից, Ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որը խորհել էի անել նրան»։ «Եվ երբեմն կասեմ մի ժողովրդի և մի թագավորության մասին, որ կառուցելու եմ և հաստատելու եմ այն»: «Բայց եթե նա չարություն անի Իմ աչքի առաջ և չլսի Իմ ձայնը, Ես էլ կհրաժարվեմ այն բարիքից, որով կամենում էի օրհնել նրան»։ «Ուստի Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա՛. «Այսպես է ասում Տերը. «Ահա, Ես չարիք եմ պատրաստում ձեզ համար և մի խորհուրդ եմ խորհում ձեր դեմ. ուստի ամեն մեկդ դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհից և ուղղե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր արարքները»»։ «Բայց նրանք ասում են. «Հույս մի՛ ունեցիր. մենք ապրելու ենք մեր սեփական խորհուրդների համաձայն, և յուրաքանչյուրս գործելու է իր չար սրտի համառության համաձայն»»։ (Սինոդական թարգմ.)
    
    Կավագործները ներքևում՝ քաղաքի տակ էին ապրում, քանի որ այնտեղից կարող էին իրենց համար կավ գտնել։ Հնարավոր է, որ այդ վայրը Գինոմի հովտի մոտակայքում էր:
    Աստված՝ որպես Գերագույն Տեր, խոստումներ տալու և դրանք չեղյալ հայտարարելու լիակատար իրավունք ունի, ճիշտ կավագործի պես, որն իր ցանկությամբ կարող է  տնօրինել իր ձեռքում գտնվող կավը։ Եթե փոխվում է այս կամ այն ժողովրդի վիճակը, ապա նշանակում է, որ այդ ժողովրդի նկատմամբ փոխվել է Աստծո վերաբերմունքը: Բայց մարգարեի կողմից ժողովրդին փոխանցված այս հորդորը հանդիպեց հակազդեցության:

-----------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասաց.

(Արարատ թարգմ.) Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով.

(Գրաբար) Բանն որ եղեւ առ Երեմիա ի Տեառնէ, եւ ասէ.