Սուրբ Եփրեմ Ասորի
«Վա՜յ հովիւներին, որ կորցրին ու ցրեցին քո արօտի ոչխարներին», - ասում է Տէրը:
Այս գլուխը կարծես երկու մաս է բովանդակում:. Առաջինը վերաբերում է թագավորներին, իսկ երկրորդը՝ իշխաններին և քահանաներին:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Վա՜յ հովիւներին, որ կորցրին ու ցրեցին քո արօտի ոչխարներին», - ասում է Տէրը:
Նույն կերպ դու՝ Սեդեկիա՛, շարունակում ես անօրինություններ գործել և դառնում ես ժողովրդի կործանման մեղավորը:
Նրանց մասին շատ է խոսում ինչպես Եզեկիելը, այնպես էլ հենց Երեմիան, ուստի ուշադրություն դարձրե՛ք նրանց ծանր պատիժներին: Նրանք մահանալու են օտար երկրում, որից հետո նա հայտարարում է գայթակղվածների վերադարձի, աղետներից ազատվելու և լավ առաջնորդների մասին: Նշմարե՛ք ամեն ինչում եղած արդարությունը:
Ա. Լոպուխին
1–8. ««Վա՜յ այն հովիվներին, որոնք կորցնում և ցրում են Իմ արոտի ոչխարներին», - ասում է Տերը»։ [1] ««Սրա համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, այն հովիվներին, որոնք հովվում են Իմ ժողովրդին. «Դուք ցրիվ տվեցիք Իմ ոչխարներին ու քշեցիք նրանց և չխնամեցիք նրանց. ահա, Ես պիտի պատժեմ ձեզ ձեր չար գործերի համար», - ասում է Տերը»։ «Եվ պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին այն բոլոր երկրներից, ուր վտարել եմ նրանց, և նրանց պիտի վերադարձնեմ իրենց փարախները. և պիտի պտղաբերեն ու բազմանան»։ ««Եվ նրանց վրա պիտի նշանակեմ հովիվների, որոնք պիտի հովվեն նրանց, և նրանք այլևս չպիտի վախենան ու զարհուրեն և չպիտի կորչեն», - ասում է Տերը»։ «Ահա, գալիս են օրեր, - ասում է Տերը, - երբ Դավթի համար կբարձրացնեմ արդարության Շառավիղ, ու կթագավորի Թագավորը և կվարվի իմաստությամբ ու դատաստան ու արդարություն կգործի երկրում»։ «Նրա օրերին Հուդան կազատվի, և Իսրայելը կապրի ապահով. և սա' է Նրա անունը, որով պիտի կոչեն Նրան. «Տերը մեր արդարացումն է»։ «Սրա համար ահա օրեր են գալիս, - ասում է Տերը, - երբ այլևս չեն ասելու. «Կենդանի է Տերը, Որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից»»: «Այլ՝ «Կենդանի է Տերը, Որն Իսրայելի տան սերնդին հանեց ու դուրս բերեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր Ես վտարել էի նրանց, և պիտի բնակվեն իրենց երկրում»»։ (Սինոդականն թարգմ.)
Երեմիա 23–րդ գլխի 1–8 համարներում խոսվում է Դավթի տնից սերող ապագա հովիվների, 9–22–ում՝ Երուսաղեմի կեղծ մարգարեների, 23–32–ում՝ երազի և մարգարեության, իսկ 33–40–ում՝ «բեռ» բառի ոչ պատշաճ օգտագործման մասին:
«Հովիվները» ոչ միայն թագավորներն են, այլ նաև թագավորների կողմից նշանակված ժողովրդի կառավարիչները (Երեմ. 17:20, 21:12): «Իմ հոտի ոչխարներն» այն կենդանիներն են, որոնք արածեցվում են իմ երկրում, և նաև այն հոտի ոչխարներն են, որը պատկանում է Եհովային (Երեմ. 13:17):
Դավթի տնից սերող ապագա հովիվները
Մարգարեն վրդովմունք է արտահայտում հրեական պետության ղեկավարների վատ կառավարման վերաբերյալ: Բայց մինչ իշխանավորները կրելու են իրենց համար սահմանված պատիժը, Տերն Ինքն է հավաքելու ցրված հրեաներին և նրանց հանձնելու է լավագույն հովիվ–կառավարիչների խնամքին: Ավելի կոնկրետ՝ մարգարեն հստակեցնում է, որ հրեաների և իսրայելացիների այդպիսի իրական հովիվ կլինի Դավթի արդար ժառանգը: Նրա իշխանության ներքո ժողովուրդը արդար կյանք կվարի և, հետևաբար, Աստծո կողմից այլևս չի պատժվի:
-----------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) «Վա՜յ հովիւներին, որ կորցրին ու ցրեցին քո արօտի ոչխարներին», - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) «Վա՜յ այն հովիվներին, որոնք կորցնում և ցրում են իմ արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։
(Գրաբար) Ո հովիւք. որ կորուսին՝ եւ ցրեցին զխաշինս արաւտի քոյ, ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: