Երեմիայի մարգարեության մեկնություն 9:25

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝
 
 Մինչ այժմ ասում էր նրանց, ովքեր, հաշվի առնելով տաճարը, գերություն չէին սպասում։ Եվ քանի որ նրանք թլփատությունը համարում են որպես Աստծո հետ իրենց մերձ լինելու նշան, ապա Աստված ասում է, որ պատիժ կբերի նաև մյուս թլփատված ազգերին: Ոչ թե թլփատությունն է ինձ մերձ լինել նշանակում, այլ ես կյանք եմ փնտրում:
 

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

25-26. Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝ Եգիպտոսին եւ Յուդայի երկրին, եդոմացիներին ու ամոնացիներին, մովաբացիներին եւ երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին: Եթէ բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, ապա Իսրայէլի ողջ տունն անթլփատ է իր սրտով»:
 
  Հեթանոսական շատ երկրների բնակիչները և հատկապես Հրեաստանի և Պաղեստինի հարևանները, ինչպես նաև անապատում ապրող եգիպտացիները, եդոմացիները, ամոնացիները, մովաբացիներն ու սարակինոսների ամբողջ ազգը, որոնց մասին ասվում է. «բոլոր մազերը կտրողների,  անապատում ապրողների», մինչև այժմ մասամբ թլփատվում են։ Այսպիսով, ապրելով այս ազգերի մեջ՝ Հուդան չպետք է պարծենա, որ չունի մարմնի ծայրամասը, այլ թլփատված է Աստծու օրենքի համաձայն, քանի որ դա անում են նաև մյուսները, որոնք չեն հնազանդվում օրենքի պատվիրաններին և չեն ճանաչում Իսրայելի Աստծուն։ Որպես նշան տրված թլփատությունը ոչ մի օգուտ չի ունենա, եթե չկատարվեն Տիրոջ պատվիրանները, ինչպես և մազերը, որոնք խորհրդանշում են ժողովրդին, և ոչ թե մարմնական ամրոցը և մարտիկների քաջությունը: Հետագայում ասվող  «եթե բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, ապա Իսրայելի ողջ տունն անթլփատ է սրտով» խոսքերը հետևյալ իմաստն ունեն. այն դեպքում երբ, եգիպտացիներից  բացի, մեծ  մասամբ թլփատված են նաև եդովմացիները, ամոնացիները և մովաբացիներն ու անապատում ապրող իսմայելացիները, այնուամենայնիվ, աշխարհի բոլոր մյուս ազգերը մարմնով անթլփատ են: Իսրայելի ամբողջ տունը սրտով թլփատված չէ, թեև թլպատված է մարմնով, իսկ այդպիսի անթլփատությունը հանգեցնում է մահվան. քանի որ առաջինը մարմնի, իսկ երկրորդը հոգու անթլփատությունն է:
 

Սուրբ Եփրեմ Ասորի

25-26. Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝ Եգիպտոսին եւ Յուդայի երկրին, եդոմացիներին ու ամոնացիներին, մովաբացիներին եւ երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին: Եթէ բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, ապա Իսրայէլի ողջ տունն անթլփատ է իր սրտով»:
 
  Այստեղ մարգարեն հրեաներին զրկում է թլփատության վրա դրված հույսից և ցույց է տալիս, որ այլ ազգերի կողմից կատարվող թլփատությունը նրանց օգուտ չի բերի։ Իսկ իրենց սրտի թլփատության մասին չմտածող հրեաներին սպասում է դատաստանը, ճիշտ անապատներում թափառող ազգերի նման, որոնք, մարմնով թլփատված չլինելով, կտրում են իրենց մորուքը: Կարծես Տերը մարգարեի բերանով ասում է. «Իսկ դուք, հրեանե՛րդ, թեև թլփատում եք մարմինը, սակայն սրտով անթլփատ եք մնում»:
 

Ա.  Լոպուխին

«Ահա, օրեր կգան, - ասում է Տերը, - երբ Ես պիտի այցելեմ բոլոր թլփատվածներին ու անթլփատներին»:(Սինոդական թարգմ.) [25]
 
 «Թլպատվածներին և անթլպատներին». ավելի ճիշտ՝ «թլփատվածներին, բայց միևնույն ժամանակ կարելի է ասել անթլփատներին»: Մարգարեն Աստծո բարկությունը կանխագուշակում է նրանց համար, ովքեր թլփատված են «մարմնով», բայց միևնույն ժամանակ անմաքուր կյանք են վարում, որոնց համար, հետևաբար, արտաքին թլպատությունը Աստծո հետ հաղորդակցության իրական նշան չէ, և հետևաբար չի կարող ապահովել նրանց՝ մեղավորներին սպառնացող Աստծո դատաստանից։

---------------------------------------
[25] (Էջմիածին թարգմ.) Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝
(Արարատ թարգմ.) «Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրանց, որ միայն մարմնով են թլփատված,
(Գրաբար) Ահա աւուրք եկեսցեն ասէ Տէր. եւ արարից այց ի վերայ ամենայն թլփատելոց յանթլփատութեան իւրեանց.