Ա․ Լոպուխին
Ու վեր կացավ Հովնանը, որպեսզի Տիրոջից փախչի դեպի Թարսիս, և եկավ Հոպպե ու այնտեղ մի նավ գտավ, որը Թարսիս էր գնում, վճարեց տեղափոխության գինը ու բարձրացավ նրա վրա, որպեսզի նրա հետ նավարկի դեպի Թարսիս` փորձելով փախչել Տիրոջ ներկայությունից: (Սինոդական թարգ․)[3]
«Ու վեր կացավ Հովնանը, որպեսզի Տիրոջից փախչի դեպի Թարսիս»: Թարսիսի ներքո, որտեղ փախչում էր Հովնանը, պետք է հասկանալ այն երկիրը, որը բնակեցված էր Թարսիսի` Հովնաթանի որդու հետնորդների կողմից ( Ծննդ. 10:11): Սկզբնական շրջանում Թարսիսի հետնորդները բնակվել են Կիլիկիայում, որտեղ կառուցել են Տարսոն քաղաքը։ Սակայն այս պարագայում պետք է նկատի ունենալ ոչ թե Պաղեստինին մոտ գտնվող Տարսոն քաղաքը, այլ, ամենայն հավանականությամբ, հեռավոր Իսպանիան` փյունիկեցիների ծովային առևտրի գլխավոր վայրը ( Ես. 23:1−14, Եր. 10:9), որի անունով հեռավոր նավարկություններ կատարելու համար նախատեսված նավերն անվանվում էին թարսիսական ( Սաղմ. 71:10, Գ Թագ. 10:22): Հովնանի Թարսիս փախչելու շարժառիթը, անկասկած, այն էր, որ նա ցանկանում էր իրենից հեռացնել Նինվեի առաքելությունը: Հին Կտակարանի մարգարեների պատմության մեջ աստվածային առաքելությունից խուսափելու փորձի այս օրինակը միակը չէ (Ելք. 3:11, 4:10−13, Եր. 1:6), սակայն այն առանձնահատուկ է իր շարժառիթներով և մասամբ էլ իր ձևով (փախուստ): Մարգարեն այն պատճառով է որոշում Նինվե չգնալ, քանի որ դրա փրկությունը չի ցանկանում․ նաև չի ցանկանում, որ այդ փրկությունը իրագործվի իր միջոցով: «Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ Դու գթասիրտ ու ողորմած Աստված ես» ( Հովն. 4:2),− զայրացած ասում է նա, երբ տեսնում է, որ Նինվեն չի կործանվել: Նմանատիպ մտքերն ու զգացողություններն արդյոք վայե՞լ են հինկտակարանյան մարգարեին, և արդյո՞ք կարելի է պատկերացնել, որ դրանք Տիրոջ բանբերի բնավորության գծեր են: Այս հարցը ճիշտ կերպով լուծելու համար անհրաժեշտ է հրաժարվել այն կարծրատիպից, համաձայն որի աստվածաշնչյան սուրբ անձինք իրենց սրբության լուսապսակը պահպանելու համար մեզ հայտնվում են ինչ−որ հոգևոր անշարժության մեջ: Պետք է հասկանալ, որ Աստվածաշնչում գործող սրբերը «մեզ նման կրքեր ունեցող մարդիկ են» և իրենց բարոյական բարձր աստիճանին հասել են ո՛չ անմիջապես, ո՛չ առանց պայքարի ու տանջանքների, ո՛չ առանց ժամանակի և շրջակա միջավայրի ազդեցություններին ենթարկվելու: Հովնան մարգարեն նույնպես իր ժամանակաշրջանի ու իր ժողովրդի [մտածելակերպը կրող] անձնավորություն էր: Հրեաներն այդ ժամանակ առհասարակ մտածում էին, որ բոլոր հեթանոս ժողովուրդները Տեր Աստծու թշնամիներն են և միայն Նրա բարկությանն ու պատիժներին են արժանի: Հեթանոսների հանդեպ նմանատիպ վերաբերմունքը նրանց մեջ մասամբ դաստիարակվել է օրենքով․ դրա նպատակը նրանց՝ հեթանոսական ցանկացած ազդեցությունից հեռու պահելն էր: Միանգամայն բնական է, որ նախքան իր կանչվելը Հովնան մարգարեն էլ էր հեթանոսների մասին խորհում այնպես, ինչպես իր ազգակիցները: Այժմ, երբ մարգարեի մեջ Տիրոջ ձայնը ապաշխարության ու փրկության քարոզով նինվեացիների մոտ գնալ է հորդորում, նրա հոգում խոր պայքար է սկսվում: Նա պետք է հաղթահարեր ծննդյան ակնթարթից իր մեջ սերմանված նեղ կրոնական ազգայնականությունը (ըստ այս գաղափարի՝ միայն հրեաներն էին համարվում Աստծո ժողովուրդը) և յուրացներ դրան հակառակ տեսակետը (ըստ այս տեսակետի՝ Տերը գթասիրտ է բոլորի նկատմամբ, ուստի հեթանոսները նույնպես կանչված են և կարող են ընկալել Աստծո փրկությունը): Առանց այս համոզումների մեջ խորամուխ լինելու մարգարեն չէր կարող գնալ և քարոզել Նինվեում. Տեր Աստծուն նրա հնազանդությունը չէր կարող ինքնաբերաբար լինել: Եվ ահա մարգարեն մեզանից չի թաքցնում մարդկային այն տկարությունները, որոնք նա հայտնաբերում է այս հոգևոր պայքարի ժամանակ. առանց Աստվածային հատուկ նշանների նա չէր կարող վերադաստիարակել իրեն և այդ իսկ պատճառով էլ որոշում է «Տիրոջից փախչել դեպի Թարսիս»: Հովնանը հավանաբար այն պատճառով է առաքելությունից խուսափելու նմանատիպ ճանապարհ ընտրում, քանի որ կարծում է, որ Տիրոջ ներկայության հատուկ վայրը համարվող ( Ծննդ. 4:14, 16) ավետյաց երկրի սահմաններից դուրս նա իր մեջ արդեն չի լսի հեթանոսներին քարոզելու կոչ անող ձայնը:
Ուղղափառ եկեղեցին իր երգեցողության մեջ Հովնան մարգարեի փախուստի դրդապատճառների մասին արված դիտարկումը լրացնում է նրանով, որ մարգարեն փախուստի է դիմում «որպեսզի մարգարեությունը ստի չվերածվի» (Անդրեյ Կրիտսկիի կանոնը): Սա նշանակում է, որ Հովնան մարգարեն հույս չուներ, թե հեթանոսների զղջումը անկեղծ ու հաստատուն կլինի։ Նա կարծում էր, որ ակնթարթային զղջման համար փրկության արժանանալուց, իսկ այնուհետև նորից դեպի իրենց մեղքերը վերադառնալուց հետո հեթանոսները կսկսեն ծիծաղել իրենց մասին արված ու չիրագործված մարգարեության վրա, կսկսեն ծաղրել հրեաների Աստծու անզորությանը և կվիրավորեն Նրան: Այսպիսով՝ մարգարեի փախուստը ոչ թե գիտակցաբար Տիրոջ պատվիրաններին հակադրվելն էր, այլ հեթանոսների մեջ Տեր Աստծու փառքի հանդեպ հատուկ նախանձախնդրության դրսևորում:
«Եկավ Հոպպե…» Սողոմոնի ժամանակներից ի վեր սա հրեաների միակ նավահանգիստն էր ( Գ Թագ. 5:23, Բ Մնաց. 2:16, Ա Եզր. 3:32, Ա Մակ. 10:76, 14:5):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս: Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու:
(Արարատ թարգ․) Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։
(Գրաբար) Եւ յարեաւ Յովնան փախչել ի Թարսիս յերեսաց Տեառն։ Էջ ի Յոպպէ եւ եգիտ նաւ որ երթայր ի Թարսիս. ետ գինս եւ եմուտ ի նա՝ նաւել ընդ նոսա ի Թարսիս յերեսաց Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: