Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ձեր եղբայրներին ասացե՛ք․ «Իմ ժողովուրդ», և ձեր քույրերին՝ «Ողորմություն գտած»: (Սինոդական թարգ․) [1]
Առաջին համարն իր բովանդակությամբ առնչվում է նախորդ գլխի ավարտին և պարունակում է մխիթարական խոստում առ այն, որ Աստծու ողորմածությունը կվերադարձվի Իսրայելին։ «Ասացե՛ք»․մարգարեն տեսնում է Աստծու կողմից ողորմություն գտած ժողովրդին, և նրա անդամներից պահանջում է, որպեսզի նրանք նոր՝ Աստծու կողմից տրված անուններով («ammi»՝ Իմ ժողովուրդ, «ruchamah»՝ ողորմություն գտած), դիմեն մեկը մյուսին։ Առաջին գլխի վերջում (տե՛ս 10, 11 համարներ) և 11−րդ գլխի սկզբում բովանդակվող Իսրայելի ապագա փոփոխությունների մասին մարգարեի կանխատեսումը մասամբ իրականացավ Բաբելոնյան գերությունից նրանց վերադարձով, երբ Դավթից սերող Զորոբաբելի գլխավորությամբ տասը ցեղից կազմված թագավորության մնացորդները միացան Հուդայի բնակիչներին։ Սակայն դիտարկվող համարներում, ակնհայտորեն, մարգարեի հայացքը թափանցում է դեպի ավելի հեռավոր ապագա, որի ժամանակ էլ մարգարեն սպասում է իր կանխատեսումների իրականացմանը։ Իսրայելի որդիների քանակը ծովի ավազի չափ դարձավ միայն այն ժամանակ, երբ հայտնվեց հոգևոր Իսրայելը, երբ Քրիստոսի բոլոր հավատացյալներն սկսեցին մուտք գործել Քրիստոսի Եկեղեցի։ Մարգարեի «այնտեղ, որտեղ նրանց ասում էին՝ «դուք Իմ ժողովուրդը չեք», նրանց կասեն՝ «դուք կենդանի Աստծու որդիներն եք»» խոսքերն ամբողջությամբ իրականացան միայն այն ժամանակ, երբ Եկեղեցի մուտք գործելու միջոցով հեթանոսները դարձան Աստծու որդիներ։ Այդ պատճառով էլ Պետրոս (Ա Պետ․ 2։10) և Պողոս (Հռոմ․ 9։26) առաքյալները Ովսեե մարգարեի խոսքերը (տե՛ս 1։10) մեջբերում են որպես հեթանոսներին ուղղված Քրիստոսով Աստծուն որդեգրվելու կոչի մարգարեություն։
--------------------------------
[1] (Էջմիածին թարգ․) Ձեր եղբօրն ասացէք «Իմ ժողովո՛ւրդ» եւ ձեր քրոջը՝ «Ողորմած»:
(Արարատ թարգ․) «Ձեր եղբայրներին ասացե՛ք Ամմի և ձեր քույրերին՝ Րուհամա։
(Գրաբար) Ասացէ՛ք ցեղբայր ձեր՝ Ժողովուրդ իմ. և ցքոյրն Չողորմեալ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: