Ա․ Լոպուխին
Եվ այնտեղ նրան կտամ իր խաղողի այգիները և Աքորի հովիտը, որպես հույսի դուռ, և նա այնտեղ կերգի, ինչպես իր երիտասարդության օրերին և ինչպես եգիպտական երկրից իր դուրս գալու օրը։ (Սինոդական թարգ․) [15]
«Եվ այնտեղ նրան կտամ իր խաղողի այգիները»։ Խաղողի որթատունկը Աստծո կողմից առաքված շնորհների պատկերն է։ Մարգարեն ցանկանում է ասել, որ ինչպես մի ժամանակ Իսրայելը, անցնելով անապատով, մտավ խաղողի այգիներով հարուստ երկիրը, այդպես էլ ապագայում կվայելի թանկարժեք շնորհները։
«Աքորի հովիտը որպես հույսի դուռ»։ Պատկերը վերցված է հրեաների կողմից քանանացիների երկիրը մտնելու ժամանակաշրջանից։ Աքորի հովիտը (եբրայերեն «աքոր» բառը նշանակում է «շփոթմունք») Հուդայի ցեղին պատկանող տարածքի հյուսիսային սահմանին է՝ Երիքովի մոտակայքում (Հեսու․ 15։7)։ Նզովված իրը թաքցրած Աքարի հանդեպ սահմանված Աստծո դատավճիռը իրականացվեց հենց այստեղ (Հեսու․ 7)։ Այս դատաստանից հետո Աստծո բարկությունը «հեռացավ» Իսրայելից։ Այսպիսով՝ Աքորի հովիտը դարձավ հուշարձանն այն բանի, թե ինչպես Տերը հանցագործին պատժելով, ժողովրդի մեղքերը մաքրված է համարում և կրկին ողորմում է նրան (Բրոդովիչ)։ Ըստ մարգարեի Իսրայելը ապագայում կրկին անգամ կվայելի Աստծո այս ողորմածությունը։
«Եվ նա այնտեղ կերգի, ինչպես իր պատանեկության օրերին», այսինքն՝ փրկության համար շնորհակալական երգ կերգի։ Ակնհայտորեն մարգարեն հիշում է Կարմիր ծովն անցնելու ժամանակ երգված երգը (Ելք․ 15։1) և այստեղից էլ վերցնում է իր պատկերը։
Եբրայերեն բնագրի «և այնտեղ նրան կտամ իր խաղողի այգիներ» բառերի փոխարեն սլավոնականում կարդում ենք «և այնտեղ նրան կտամ իր ունեցվածքը»։ Յոթանասնիցը հաճախ է օգտագործում բառի ընդհանրական իմաստը մասնավորի փոխարեն։ Իսկ «Եվ նա այնտեղ կերգի» բառերի փոխարեն սլավոներենում և հունարենում գրված է՝ «և նա այնտեղ կխոնարհվի»։ Օգտագործված եբրայերեն բայը մի քանի նշանակություն ունի՝ պատասխանել, երգել, խոնարհվել։ Այս բայը «երգել» ու «պատասխանել» իմաստով է հասկացվում հնագույն թարգմանությունների մեծ մասում (Ակյուղաս՝υπακούσει, Թեոդոտիոն՝ άποκριθήσεται, Վուլգաթա՝ canеt)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) ապա կը տամ նրան իր ունեցուածքը եւ Աքորի հովիտը, կը բացեմ նրա միտքը, եւ նա խոնարհ կը դառնայ այնտեղ, ինչպէս իր մանկութեան օրերին, եւ ինչպէս նրա՝ Եգիպտացիների երկրից ելնելու օրերին:
(Արարատ թարգ․) Եվ ես այնտեղ նրան կտամ իր այգիները և Աքորի ձորը հույսի դուռ կդարձնեմ, և նա այնտեղ կպատասխանի ինչպես իր պատանեկության օրերին, ինչպես Եգիպտոսից իր դուրս գալու օրերին։
(Գրաբար) Եւ տաց նմա զստացուածս իւր անտի. և զծործորն Աքովրայ՝ բանալ զմիտս նորա. և խոնարհեսցի անդ ըստ աւուրց տղայութեան իւրոյ, և ըստ աւուրց ելանելոյ նորա յերկրէն Եգիպտացւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: