Օսեեի մարգարեության մեկնություն 2:16

Ա․ Լոպուխին

16-17․ Եվ այդ օրը կլինի այնպես, ասում է Տերը, որ դու կկանչես Ինձ՝ «իմ ամուսին», և այլևս Ինձ «Բահաղներ» չես կոչի։ [16] Եվ Ես կհեռացնեմ նրա շուրթերից բահաղների անունները , և  այլևս չեն հիշվի նրանց անունները։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն կանխատեսում է Տեր Աստծո հետ Իսրայելի ամուսնական հարաբերությունների վերականգնումը, այսինքն՝ Ուխտի վերականգնումը։ 16−րդ համարում Բահաղի անունը, ինչպես երևում է, օգտագործված է «տեր» հասարակ անվան իմաստով,  քանի որ այն զուգորդվում է «իմ ամուսին» հասարակ անվան հետ։ Մարգարեն ցանկանում է արտահայտել այն միտքը, որ Տեր Աստծո հետ Իսրայելի ամուսնական անարատ ու մաքուր կապի վերականգնումով, այդ հարաբերությունների հիմքը կլինի ոչ այնքան վախը (այլևս ինձ «իմ տեր» չես կանչի), որքան սերը (իմ ամուսին)։ Եթե Բահաղի անունը հատուկ անվան իմաստով ընդունենք, ապա մարգարեի միտքը այսպիսին կլինի՝ ժողովուրդը ոչ միայն կդադարի Տեր Աստծուն Բահաղ կոչել ու այսպիսով շփոթել նրանց, ու Տեր Աստծո պաշտամունքի մեջ հեթանոսական հավելումներ կատարել, այլ ընդհանրապես կմոռանա Բահաղի անունը։
--------------------------------
[16] (Էջմիածին թարգ․) Այն օրը, - ասում է Տէրը, - ինձ կ՚անուանի՝ «Իմ ամուսին» եւ Բահաղիմ չի կոչի ինձ:
(Արարատ թարգ․) Այն օրը,- ասում է Տերը,- ինձ «այրս» կկոչես և ինձ այլևս «Բահաղս» չես ասի։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր, կոչեսցէ զիս Ա՛յր իմ, և ո՛չ կոչեսցէ զիս Բահաղիմ։