Օսեեի մարգարեության մեկնություն 2:19

Ա․ Լոպուխին

19-20․ Եվ քեզ կնշանեմ ինձ հավիտյան, և քեզ կնշանեմ ինձ ճշմարտությամբ և՛ իրավունքով, ողորմությամբ և՛ գթությամբ։ [19] Եվ քեզ կնշանեմ ինձ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։ (Սինոդական թարգ․)
   
   «Եվ քեզ կնշանեմ»։ (Aras) նշանել բայը օգտագործվում է միայն կույսի նշանվելու պարագայում (Բ Օր․ 21։7, 29։30)։ Այսպիսով մարգարեն ցանկանում է արտահայտել այն միտքը, որ Իսրայելը, որպես ողջախոհ կույս, Տեր Աստծո հետ նոր ամուսնական կապի մեջ է մտնելու, այսինքն Իսրայելի մեղավոր անցյալը, ըստ Աստծո ողորմածության, մոռացության  է մատնվելու։ «Կնշանեմ» բառի եռակի կրկնությամբ մարգարեն նպատակ ունի վստահեցնելու, որ մեծ խոստումն անպայմանորեն իրականանալու է։ Բնութագրելով Տեր Աստծո հետ Իսրայելի ամուսնական նոր կապը՝ մարգարեն ասում է, որ դրա հիմքը լինելու է ինչպես «ճշմարտությունն ու իրավունքը» (քեզ կնշանեմ ինձ ճշմարտությամբ և իրավունքով), այսինքն՝ Աստծո արդարությունը և Նրա արդարադատությունը, որը մաքրում է ցանկացած պղծությունից, այնպես էլ «ողորմությունն ու գթությունը» (սլավոներեն՝ «ողորմությամբ և առատաձեռնությամբ»)։ Միության անխախտելիության գրավականը լինելու է Աստծո հավատարմությունը (emunath), այսինքն՝ ամրությունը և անփոփոխելիությունը։ Միության վերականգնման արդյունքն էլ լինելու է այն, որ Իսրայելը ճանաչելու է (vejadath) Տիրոջը։ Եբրայերեն «jadah» բայը արտահայտում է Աստծո մասին ոչ միայն տեսական գիտելիքների, այլ նաև սիրով նրա հետ ներքին միության գաղափարը։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Քեզ կը նշանեմ ինձ յաւիտեան, քեզ կը նշանեմ ինձ արդարութեամբ եւ իրաւունքով, ողորմութեամբ եւ գթութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։
(Գրաբար) Եւ խօսեցայց զքեզ ինձ յաւիտեան. և խօսեցայց զքեզ ինձ արդարութեամբ՝ և իրաւամբք՝ և ողորմութեամբ՝ և գթութեամբք.