Ովսեեի մարգարեության մեկնություն 4:15

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եթե դու, Իսրայե՛լ, պոռնկանում ես, ապա թող գոնե Հուդան մեղք չգործի, և Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք ու մի՛ երդվեք՝ «կենդանի է Տերը»։ ։ (Սինոդական թարգ․) [15] Մարգարեն հորդորում է Հուդային (Հուդայի թագավորությանը) հաղորդ չլինել իսրայելացիների կռապաշտությանը և պոռնկությանը։
   
    «Գաղգաղա մի՛ գնացեք»։ Սկզբնական շրջանում Գաղգաղներ (եբրայերեն «գալգալ»՝ անիվ, շրջան) էին անվանվում հատուկ հուշակոթողները, որոնք բաղկացած էին շրջանաձև կողք կողքի դրված մեծ քարերի խմբից։ Հետագայում այդ բառը դարձավ այն վայրերի անվանումը, որոնք հայտնի էին դարձել այսպես կոչվող հուշակոթողներով (Հեսու․ 4:19, 12:23, Բ Օր․ 11:30)։ Մեկնիչների մեծամասնության կարծիքով՝ Ովսեեի մարգարեության դիտարկվող համարում նկատի է առնվում այն Գաղգաղան, որը Հորդանանի և Երիքովի միջև է՝ Ջելջուլ բլուրի տեղում։ Այս Գաղգաղան լի էր սրբազան հիշողություններով․ այստեղ էր Նավեյան Հեսուի կողմից կանգնեցվել Հորդանան գետի վրայով հրաշալի անցման հիշատակը հավերժացնող հուշակոթողը (Հեսու․ 4:1)․այստեղ էր ժամանակավոր կանգնել վրանը (Հեսու․ 18:1)․ այստեղ էր իրականացվել ժողովրդի առաջին թլփատությունը և քանանական երկրում զատկի առաջին տոնախմբությունը (Հեսու․ 5:3-10)․ այստեղ էր Սամուելը դատ անում (Ա Թագ․ 7:16, 10:8, 11, 15

    Բնական է, որ այս Գաղգաղան էր դարձել հորթերի պաշտամունքի վայր։

    «Բեթավան մի՛ բարձրացեք» արտահայտության փոխարեն սլավոներենում՝ «Ովնի տուն» է։ Բեթավանի անվան տակ մարգարեն նկատի ունի Բեթելը  (Ամո․ 4:4, 5:5), որը հորթերի պաշտամունքի մեկ այլ վայր էր։ Այս պատմական հիշողություններով հայտնի քաղաքը (Ծննդ․ 12:8, 13:3, 28:11−19, 31:13, Դատ․ 20:18, 26, 27, Ա Թագ․ 7:16, Դ Թագ․ 2:3), ինչպես ցույց է տալիս նրա անվանումը, մի ժամանակ ծառայել է որպես «Աստծու տուն», սակայն Հերոբովամ Առաջինի կողմից Բեթելում հորթերի պաշտամունք հաստատելուց հետո այն դարձավ կուռքերի տուն՝ «beitu aven»։

    Քաղաքի էությունն արտահայտող վերջին անվանումով էլ մարգարեն փոխարինում է դրա գլխավոր պատմական անունը։ Եբրայերեն «beitu aven»−ը Յոթանասնիցում փոխանցվել է որպես «τον οιώνων» (սլավոներեն՝ «Ովնի տուն»)։

    Յոթանասնից թարգմանությունն առաջացել է այլ ենթադրություններից, որոնցում «аvn» բառն ունի մասորեթական տեքստում դրված ձայնավորներից տարբեր ձայնավորներ։ «Аvn»−ը Յոթանասնիցում  կարդում ենք որպես «ών»։ Հնարավոր է, որ Յոթանասնիցում ցանկացել են ցույց տալ Բեթելի և եգիպտական Ովնի կամ Հելիոպոլիսի նմանությունը։ Ինչպես Բեթելում, այնպես էլ եգիպտական Ովնում կամ Հելիոպոլսում երկրպագում էին «սրբազան» ցուլին (Մնևիսին)։ Հուդայի թագավորության բնակիչներին հորթերի պաշտանմունքի չմասնակցել հորդորելով՝ մարգարեն նրանց արգելում է նաև երդվել Աստծու անունով, քանի որ կռապաշտության հակվածության պարագայում այդպիսի երդումը միմիայն կեղծավորություն և պնակալեզություն կհամարվեր։

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Բայց դո՛ւ, Իսրայէ՛լ, տգէտ մի՛ լինիր, եւ Յուդայի՛ որդիներ, մի՛ մտէք Գաղգաղա, մի՛ բարձրացէք Ովնի տուն եւ մի՛ երդուէք կենդանի Տիրոջ անունով,
(Արարատ թարգ․) Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։
(Գրաբար) Բայց դու Իսրայէլ մի՛ տգէ՛տ լինիր. և Յուդա՝ մի՛ մտանէք ի Գաղգաղա, և մի՛ ելանէք ի տուն Ովնայ. և մի՛ երդնուցուք ի Տէր կենդանի։