Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Սա նրանց ամբարտավանության համար է, այն բանի համար, որ ծաղրում և մեծամտանում էին Զորությունների Տիրոջ ժողովրդի դեմ»: (Սինոդական թարգ․)[10]
   
   10−րդ համարում մատնանշվում 9−րդ համարում պատկերված մովաբացիների և ամմոնացիների կործանման հիմնական պատճառը։ Դա նրանց արտասովոր ամբարտավանությունը, հպարտությունն էր (եբր.՝ «գաոն», հուն.՝ «ὕβρις», լատ.՝ «superbia»), որի պատճառով նրանք ծաղրում էին Զորությունների Տիրոջ ժողովրդին: Մյուս մարգարեները ևս բազմիցս դատապարտել են հրեաների հանդեպ մովաբացիների արհամարհական և մեծամիտ վերաբերմունքը (Ես. 16։6, Երեմ. 48։29-30, 49։4, Եզեկ. 25։3, 8), ավելին, նրանց մեջ այդ վերաբերմունքը եղել է նաև Տեր Աստծու հավատքի հանդեպ. «Նրանք՝ թշվառները, համարձակվել էին ամբարտավան և հայհոյական խոսքեր դուրս տալ Նրա անճառելի Փառքի դեմ և, իրենց տարօրինակ և, գործելով իրենց տարօրինակ ու անսանձ հանդգնության ազդեցության տակ, գրեթե ապստամբում էին Նրա դեմ, Ով վեր է ամեն ինչից» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 362):

   Այն միտքը, որ մովաբացիների և ամմոնացիների ծաղրանքն ու պարսավանքը վերաբերում էին ընտրյալ ժողովրդի բուն հոգևոր համոզմունքներին, ուղղակիորեն արտահայտված է Յոթանասնիցի ընդունված հունարեն տեքստում. «ἐπί τὸν Κύριον, τόν παντοκράτορα» (Տիրոջ՝ ամենակալ Աստծու դեմ), այսինքն՝ եբր.՝ «ամ» (ժողովուրդ) բառին համապատասխանող «τὸν λαόν» (ժողովուրդ) արտահայտությունն այստեղ բաց է թողնված: Սակայն Հոլմսի մոտ եղած այլ հունական ձեռագրերում, օրինակ՝ թիվ 22, 36, 51, 62, 86, 114, 147, 228, 238, 240, ընթերցվում է եբրայերեն մասորեթական տեքստի համաձայն: Այդպես է նաև սլավոներեն տեքստում՝ «на люди Господа Вседержителя» (Ամենակալ Տիրոջ ժողովրդի դեմ):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եւ դա կը պատահի նրանց՝ իրենց հպարտութեան փոխարէն, քանի որ նախատեցին եւ վատաբանեցին Ամենակալ Տիրոջը:
(Արարատ թարգ.) Սա նրանց կլինի իրենց ամբարտավանության դիմաց, որովհետև նրանք Զորքերի Տիրոջ ժողովրդին նախատեցին ու մեծամտացան։
(Գրաբար) Եւ այն նոցա փոխանակ հպարտութեան նոցա, զի նախատեցին եւ մեծաբանեցին ի վերայ Տեառն ամենակալի։