Ովսեեի մարգարեության մեկնություն 11:8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

8-9․Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ, Եփրե՛մ, ինչպե՞ս եմ մատնելու քեզ, Իսրայե՛լ։ Մի՞թե քեզ հետ վարվեմ ինչպես Ադամայի հետ, մի՞թե քեզ նույնն անեմ, ինչ որ Սեբոյիմին։ Ինձ մեջ շուռ եկավ Իմ սիրտը, բորբոքվեց Իմ ամբողջ խղճահարությունը։ [8] Չեմ վարվի ըստ Իմ զայրույթի, չեմ կործանի Եփրեմին, որովհետև Ես Աստված եմ, այլ ոչ թե մարդ, քո Սուրբն եմ, Ես քաղաք չեմ մտնի։ (Սինոդական թարգ․)
   
    Ադաման և Սեբոյիմը Սիդդիմ հովտի քաղաքներ են, որոնք կործանվել են Սոդոմի և Գոմորի հետ միասին (Ծննդ․ 19։24, 25, Բ Օր․ 29։23)։ Իսրայելը նույնպես արժանացել է այս քաղաքների ճակատագրին, սակայն ընտրյալ ժողովրդի հանդեպ Իր սիրո համար Տերը կողորմի նրան։

    Համարի՝ «Ես քաղաք չեմ մտնի («ve lo abo beir»)» վերջնահատվածը տարբեր ձևով է թարգմանվում և մեկնաբանվում։ Որոշ մեկնիչներ (Բրոդովիչ)  քաղաքի ներքո հասկանում են Իսրայելի ժողովուրդը և ամբողջ արտահայտությանն այն իմաստն են հաղորդում, որ Տերը մահվան մատնելու համար չի մտնի Իսրայելի ժողովրդի մեջ ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ մտավ Ադամա և Սեբոյիմ։ Մյուսները (Կեյլ, Նովակ) «ir» (քաղաք) բառն ընդունում են «բորբոքում», «ցասում», «բարկություն» իմաստով և դրանում Իսրայելի նկատմամբ Աստծու բարկության դադարեցման վերաբերյալ մատնանշում են տեսնում։ Գոոնակերը ուղղում է եբրայերեն  տեքստում եղած արտահայտությունը․ այն ընթերցում է «velo obeh aveir» ձևով և թարգմանում «Ես չեմ սիրում ոչնչացնել» տարբերակով։

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ, Եփրե՛մ, ինչպէ՞ս պաշտպան լինեմ քեզ, Իսրայէ՛լ, ինչպէ՞ս վարուեմ քեզ հետ. քեզ կը դարձնեմ ինչպէս Ադամ եւ ինչպէս Սեբոյիմ:
(Արարատ թարգ․) Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է իմ ներսում. բորբոքվում է կարեկցությունս։
(Գրաբար) Զի՞նչ անցուցից ընդ քեզ Եփրեմ. այլ պաշտպա՛ն լինիցիմ քեզ Իսրայէլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ. եդից զքեզ իբրև զԱդամա՝ և իբրև զՍեբոյիմ։