Ովսեեի մարգարեության մեկնություն 6:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ուրեմն ճանաչե՛նք, ձգտե՛նք ճանաչել Տիրոջը։ Նրա հայտնությունը կլինի առավոտյան արշալույսի պես. Նա կգա մեզ մոտ ինչպես անձրև, և ինչպես ուշացած անձրև՝ պիտի ոռոգի երկիրը։ (Սինոդական թարգ․)[3]
   
    Մարգարեն ժողովրդին աստվածճանաչողության կոչ է անում՝ նկատի ունենալով ոչ թե Աստծո մասին տեսական գիտելիքը, այլ սիրո մեջ Տիրոջ հետ միությունը, Աստծո պատվիրանների գործնական կատարումը։ «Առավոտյան արշալույսի պես կլինի Նրա հայտնությունը » բառերով մարգարեն այն միտքն է ցանկանում արտահայտել, որ ինչպես գիշերվա խավարից հետո հայտնվում է օրվա սկիզբն ազդարարող արշալույսը, այնպես էլ, գերության խավարից հետո Աստծո ողորմածությունը պայծառ օրվա պես կրկին կփայլատակի ժողովրդի գլխավերևում։ Սլավոնական տեքստի «արշալույսի պես պատրաստ է Նրա ելքը» ընթերցումն այն բանի արդյունքում է առաջացել, որ Յոթանասնիցում եբրայերեն «մոցաո» (Նրա ելքը, Նրա հայտնությունը) արտահայտությունն ընթերցվել է «նիմցեո», որն էլ առաջացել է «մացա» (գտնել−ευρήσομεν) բառից։
    Ժողովրդի համար Աստծո ողորմության նշանակությունը մարգարեն համեմատում է հողին կենդանություն պարգևող վաղ («գեշեմ») և ուշ անձրևների վերաբերյալ խոստման նշանակության հետ (Բ Օր․ 11։13, 14, 29։12, Ղևտ․ 26։4)։ Պաղեստինում  «վաղ» անձրև է անվանվում նոյեմբերից մինչև մարտ, իսկ «ուշ» անձրև (այս անձրևը շարունակվում է մի քանի օր)՝ մարտի կեսերից մինչև ապրիլի կեսերն ընկած անձրևները։ Առաջին անձրևը կարևոր է ձմեռային, իսկ երկրորդը՝ ամառային մշակաբույսերի ցանքսի համար։
    Համարի վերջում եբրայերեն «իյօրեն» բառը (առաջացել է «իյարա»՝ «նետել, ոռոգել» բառից) ակնհայտորեն Յոթանասնիցի կողմից կարդացվել է որպես գոյական, այստեղից էլ՝ ռուսերեն «ոռոգել» բառի փոխարեն սլավոներենում «վաղ անձրև» («իյորեխ»)  տարբերակն է։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Երկու օր յետոյ նա կը կենդանացնի մեզ, եւ երրորդ օրը կ՚ելնենք կը կանգնենք նրա առաջ, կը ճանաչենք Տիրոջը եւ հետամուտ կը լինենք ճանաչելու նրան: Մենք նրան պատրաստ կը գտնենք ինչպէս առաւօտը, եւ նա կը գայ դէպի մեզ՝ ինչպէս վաղ եւ ուշացած անձրեւը՝ դէպի հողը»:
(Արարատ թարգ․) Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանային անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։
(Գրաբար) և ողջացուսցէ՛ զմեզ՝ յետ երկուց աւուրց, և յաւո՛ւրն երրորդի յարիցուք և կեցցուք առաջի նորա. և ծանիցուք և զհե՛տ երթիցուք ճանաչել զՏէր։ Իբրև զառաւօտ պատրաստական գտցուք զնա. և եկեսցէ մեզ իբրև զանձրև՛ կանուխ և զանագան յերկրի։