Ովսեեի մարգարեության մեկնություն 7:13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

13-14. Վա՜յ նրանց, որովհետև հեռացան Ինձնից, կործանում նրանց, որովհետև երես դարձրին Ինձնից։ Ես փրկում էի նրանց, իսկ նրանք ստում էին Իմ դեմ։ (Սինոդական թարգ․) Եվ իրենց սրտով Ինձ չկանչեցին, երբ աղաղակում էին իրենց մահիճերում, հավաքվում են հացի և գինու համար, իսկ Ինձնից հեռանում են։ [13]
   
    Տեր Աստծուց հեռանալու համար ժողովրդին նախատելով և կործանումով սպառնալով (սլավոներեն՝ «боязливи суть»՝,  «ողորմելի են», «δείλαιοι»՝ դժբախտ են, խղճուկ են)՝ մարագարեն նկատի ունի 13−րդ համարում իսրայելացիների վարած կեղծ քաղաքականությունը՝ հեթանոս ժողովուրդների մոտ օգնություն փնտրելը և Իսրայելին բազմիցս փրկած Տեր Աստծու հանդեպ անհավատությունը։ Խուսափելով Աստծու օգնությունից՝ ժողովուրդը դրանով կարծես թե վկայում է, որ Տերը չի կարող իրեն փրկել, իսկ դա Տիրոջ մասին սուտ վկայություն է («նրանք ստում էին Իմ դեմ»

    Եվ ընդհանրապես, Աստծուն ամբողջ սրտով դառնալու փոխարեն իսրայելացիները միայն աղաղակում են իրենց մահիճներում՝ անհանգստանալով («itgoraru» արտահայտությունը ծագել է «gur» բառից՝ հավաքվել, ժողովվել, ինչպես նաև վախենալ, դողալ  (Հոբ․ 19։29, Օս․ 10։5) թշնամու համար ավար դարձած հացի և գինու համար։

    Ենթադրվում է, որ սլավոներեն տեքստի՝ «պատառոտվում են ցորենի և գինու համար» (κατετέμνοντα) ընթերցումն առաջացել է այն պատճառով, որ Յոթանասնիցը «itgoraru» (հավաքվում են, անհանգստանում են) արտահայտությունը ծագեցրել է «garar» բառից, որն արաբերենով նշանակում է «բաժանել», «կտրատել»։

    Յոթանասնիցի թարգմանիչները, հավանաբար, մարգարեի այս խոսքերում արևելյան այն սովորությունն են մատնանշում, ըստ որի՝  ծանր վշտի ժամանակ սգավորները խոշտանգում էին իրենց և կտրվածքներ էին անում («պատառոտել»)։ «Իսկ Ինձանից հեռանում են» միտքը, որով ավարտվում է 14−րդ համարը, սլավոներենում և Յոթանասնիցում բացակայում է։

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Վա՛յ նրանց, քանի որ նրանք խոյս տուեցին ինձնից, ողորմելի են, քանի որ ամբարշտացան իմ դէմ: Ես փրկեցի նրանց, իսկ նրանք ստութեամբ բամբասեցին ինձ:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրանց, որովհետև խոտորեցին ինձանից, ավերու՜մ նրանց, որովհետև իմ դեմ ապստամբեցին, թեև ես նրանց փրկեցի, բայց նրանք իմ դեմ սուտ են խոսում։
(Գրաբար) Վա՛յ նոցա զի վազեցին զինև. և եղո՛ւկ են՝ զի ամպարշտեցան յիս։ Ե՛ս փրկեցի զնոսա և նոքա բամբասեցին զիս սուտ,