Ովսեեի մարգարեության մեկնություն 8:13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Իմ համար զոհաբերությունների ժամանակ նրանք միս են բերում և ուտում են այն, նրանք Տիրոջը հաճելի չեն, այժմ Նա կհիշի նրանց ամբարտավանությունները և նրանց կպատժի իրենց մեղքերի համար․ նրանք կվերադառնան Եգիպտոս։ (Սինոդական թարգ․)[13]
   
    Մարգարեն իսրայելացիներին մեղադրում է ոչ թե ընդհանրապես զոհաբերության, այլ այն բանի համար, որ այդ զոհաբերությունները կատարվում էին միայն սեփական որովայնին հաճույք պատճառելու ցանկության համար: Դրանք հասարակ կերուխումներ էին, որոնց ժամանակ միս էին մատուցում, բայց ո՛չ փշրված (զղջացող) հոգի։ Ըստ մարգարեի՝ Աստծու ծառայությունն անտեսելու համար Իսրայելը կպատժվի Եգիպտոս վերադարձով (Բ Օր․ 28:68)։

    Եգիպտոս ասելով՝ մարգարեն սպառնում է ոչ թե եգիպտական գերությամբ, այլ ցանկանում է ժողովրդի համար գերության անխուսափելիության մասին ընդհանուր գաղափար արտահայտել․ ինչպես ժողովրդի ձևավորումն սկսվեց եգիպտական գերությամբ, այդպես էլ գերությունը նախորդելու է աստվածպետության վերականգնմանը:

    Սլավոներեն և հունարեն տեքստերում ապառնի ժամանակի փոխարեն (վերադառնալու են Եգիպտոս) ընթերցվում է անցյալով՝ «Եգիպտոս վերադարձան», որն էլ հստակ միտք չի փոխանցում։ Սլավոներեն և հունարեն տեքստերի վերջին՝ «և Ասորեստանում պիղծ բաներ կուտեն» խոսքերը չկան ո՛չ բնագրում, ո՛չ էլ ուրիշ հնագույն թարգմանություններում: Հավանաբար ավելի ուշ շրջանում դրանք տեղափոխվել են Ովս. 9:3 համարից։

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Թէպէտ եւ զոհեր կը մատուցեն եւ դրանց միսը կ՚ուտեն, Տէրը չի ընդունի այն: Այժմ կը յիշի նրանց անիրաւութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց անօրէնութիւնների համար, քանի որ նրանք վերադարձան Եգիպտոս եւ պիղծ բաներ պիտի ուտեն ասորեստանցիների մէջ:
(Արարատ թարգ․) Նրանք ինձ զոհեր են մատուցում և միսն ուտում, սակայն Տերը նրանց չի հավանում։ Հիմա նա պիտի հիշի նրանց անօրենությունը և պիտի պատժի նրանց մեղքերը. նրանք պիտի վերադառնան Եգիպտոս։
(Գրաբար) Սեղա՛նքն սիրեցեալք. զի թէպէտ և զոհեսցեն զոհս, և ուտիցեն զմիսն՝ Տէր ո՛չ ընկալցի զայն. արդ յիշեսցէ զանիրաւութիւնս նոցա, և զանօրէնութեանց նոցա վրէ՛ժ խնդրեսցէ. զի նոքա յԵգիպտո՛ս դարձան, և ի մէջ Ասորեստանեայց պղծութիւնս կերիցեն։