Ա․ Լոպուխին
Քանզի ահա, նրանք կգնան ամայության պատճառով, Եգիպտոսը կհավաքի նրանց, Մեմփիսը կթաղի նրանց, նրանց արծաթյա հարստություններին կտիրի եղինջը, փուշ կլինի նրանց վրաններում։ (Սինոդական թարգ․)[6]
6−րդ համարում ներկայացվում է ապագայում Իսրայելի կործանման պատկերը։«Եգիպտոսը կհավաքի նրանց»․ ինչպես երևում է հաջորդ (Մեմփիսը կթաղի նրանց) բառերից՝ կհավաքի թաղելու համար։ Եգիպտոսի և նրա մայրաքաղաքի՝ Ներքին Եգիպտոսի Մեմփիս քաղաքի մասին մարգարեն կրկին, Օս․ 8։13, 9։3 համարների նմանողությամբ, ընդհանուր իմաստով է խոսում։ Մարգարեի խոսքերով, ժողովրդի կործանման հետ միասին, կդատարկվի նաև երկիրը։«Արծաթից պատրաստված զարդեր» արտահայտությունը կուռքերի վերաբերյալ հասկանալու կարիք չկա (Նովակ)․ Ըստ համատեքստի (տե՛ս «նրանց վրաններում»)՝ ավելի լավ կլինի այստեղ տներում գտնվող գանձերի մասին խոսք տեսնել։
6−րդ համարի հունարեն և սլավոներեն տեքստերը շեղվում են բնագրից։ «Եգիպտոս» բառը Յոթանասնիցում առնչել են առաջին նախադասությանը, այստեղից էլ առաջացել է «Եգիպտոսի դժվարությունից (ավերածությունից)» ընթերցումը։ Յոթանասնիցում «տեկաբբեցեմ» (կհավաքի նրանց) արտահայտության համար ենթակա է համարվում «Մեմփիս»−ը։ Մաքմաս քաղաքի անվանումը հունարենում և սլավոներենում հայտնվել է թարգմանիչների սխալի պատճառով։ Վերջիններս եբրայերեն «մաքմադ» բառի փոխարեն ընթերցել են «մաքմաս», որն էլ նշանակում է ցանկալի, թանկարժեք։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար ահա կը գնան դէպի եգիպտացիների թշուառութիւնը. Մեմփիսը կ՚ընդունի նրանց, եւ Մաքմասը կը թաղի նրանց, կորստի կը մատնի նրանց արծաթը, եւ նրանց բնակարանում փուշ կը բուսնի:
(Արարատ թարգ․) Որովհետև ահա կործանումից փախչելով գնում են. Եգիպտոսը պիտի ժողովի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, եղինջը պիտի ժառանգի նրանց ցանկալի արծաթեղենը, փուշ պիտի լինի նրանց վրաններում։
(Գրաբար) Վասն այնորիկ ահա գնասցեն ի թշուառութիւն Եգիպտացւոց. և ընկալցի զնոսա Մեմփիս, և թաղեսցէ զնոսա Մաքմաս. զարծաթ նոցա կորո՛ւստ ժառանգեսցէ, և յարկս նոցա փո՛ւշ բուսցի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: