Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եփրեմն իմ Աստծու մոտ պահապան է, մարգարեն՝ թռչնորսի ցանց նրա բոլոր ճանապարհներին, գայթակղությունը նրա Աստծու տան մեջ է։ (Սինոդական թարգ․)[8]
8−րդ համարը, ինչպես նախորդները, բավականին դժվար է հասկացվում, և տարբեր ձևերով է մեկնաբանվում։
«Եփրեմն իմ Աստծու մոտ պահապան է», «zōp̄eh ’Efrayim ‘im-’ĕlōhāy»։ «Zōp̄eh» (պահապան) բառը Աստվածաշնչում օգտագործվում է աշտարակի վրա իր համար նախատեսված տեղում կանգնող պահապանի մասին խոսելիս (Դ Թագ․ 9։17․ 20, Բ Թագ․ 18։24, 27, Ա Թագ․ 14։16), իսկ փոխաբերական իմաստով՝ մարգարեի մասին է, որը սպասում է աստվածային հայտնությանը (Երեմ․ 6։17, Եզեկ․ 3։17, Ամբ․ 2։1)։
Ըստ որոշ մեկնիչների (Հիտցիգ, Բրոդովիչ)՝ 8−րդ համարում «zōp̄eh» բառն օգտագործված է հատկապես վերջին իմաստով, և մարգարեի միտքը հետևյալն է․ Իսրայելն աստվածային հայտնություններ է սպասում ոչ թե Տեր Աստծուց, այլ «Աստծու մոտ (կամ կողքին)», այսինքն՝ Բահաղից՝ սուտ մարգարեներից։
Մյուս մեկնիչները (Ումբրեյտ, Էվալդ) «zōp̄eh» բառն ընդունում են «պահապան», «պաշտպան», իսկ «im» (ռուսերեն՝ «մոտ») մասնիկը՝ «ընդդեմ» իմաստով։ Այսպիսի ընկալման պարագայում մարգարեի միտքն այն իմաստն է ստանում, որ Եփրեմը հարձակվում է հենց Աստծու վրա, ընդ որում՝ Ովսեեն նկատի է ունենում ժողովրդի կողմից մարգարեների հալածանքը (Ամովս․ 7։10-17)։
Ըստ Գոոնակերի՝ «zōp̄eh ’Efrayim ‘im ’ĕlōhāy» բառերը հաջորդ՝ «nabi» բառի համար որպես հավելում են ծառայում և հաջորդ բառերի հետ հարաբերելիս դրանց իմաստը կարող է այսպես փոխանցվել․ «նա, ով Աստծու հետ միասին (անունից) Եփրեմի պահապանն է (այսինքն՝ մարգարեն), թռչնորսի ցանց է իր բոլոր ճանապարհներին, այսինքն՝ նրա դեմ ուղղված որոգայթ և թշնամություն»։
«Նրա Աստծու տան մեջ»․ ակնհայտորեն մարգարեն Աստծու տուն է անվանում ամբողջ Իսրայելի երկիրը։ 8−րդ համարում հունական տեքստի տարբերությունը եբրայերենից այն է, որ «pōḥ yaqōš»՝ «թռչնորսի ցանց» բառերի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «pāḥ ‘iqqēš», և թարգմանել է «παγίς σκολιά» (սլավոներեն՝ «գայթակղության թակարդ»)։ Եբրայերեն «mastēmāh» (թշնամություն) բառը 7-րդ համարի նմանությամբ Յոթանասնիցը թարգմանել է «mania» բառով, այստեղից էլ գալիս է սլավոներենի «մոլորություն»−ը, իսկ κατέπηξαν «տնկեցին» բայը 8−րդ համար է տեղափոխվել հաջորդ համարից (եբրայերեն՝ «he‘emīqū»)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եփրեմը դիտորդ է Աստծու հետ, մարգարէն գայթակղութեան թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրայ.նրանք մոլորութիւն հաստատեցին Աստծու տան մէջ,
(Արարատ թարգ․) Եփրեմն իմ Աստծու հետ դիտում է, իսկ մարգարեն լարված որոգայթ է նրա բոլոր ճանապարհների վրա, հակառակություն՝ իր Աստծու տան մեջ։
(Գրաբար) Դէ՛տ է Եփրեմ ընդ Աստուծոյ մարգարէ՝ որոգայթ գայթագղութեան յամենայն ճանապարհս նորա. մոլորութիւն ի տա՛ն Աստուծոյ տնկեցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: