Ա․ Լոպուխին
Եփրեմը իմ Աստծո մոտ պահակէ, մարգարեն՝ թռչուններ որսացողի ցանց է նրա բոլոր ճանապարհներին, գայթակղությունը նրա՝ Աստծո տան մեջ է։ (Սինոդական թարգ․)[8]
8− համարը, ինչպես նախորդները, բավականին դժվար է հասկացվում, և տարբեր ձևերով է մեկնաբանվում։
«Եփրեմը իմ Աստծո մոտ պահակ է», «ցոֆե եֆրայիմ իմ ելոհայ»։ «Ցոֆե» (պահապան) բառը Աստվածաշնչում օգտագործվում է աշտարակի վրա իր համար նախատեսված տեղում կանգնող պահապանի մասին խոսելիս (Դ Թագ․ 9։17․ 20, Բ Թագ․ 13։24, 27, Ա Թագ․ 14։16), իսկ փոխաբերական իմաստով՝ մարգարեի մասին է, որը սպասում է աստվածային հայտնությանը (Երեմ․ 6։17, Եզեկ․ 3։17, Ամբ․ 2։1)։ Ըստ որոշ մեկնաբանների (Հիտցիգ, Բրոդովիչ)՝ 8−րդ համարում «ցոֆե» բառը օգտագործված է հատկապես վերջին իմաստով, և մարգարեի միտքն այսպիսին է․ Իսրայելը աստվածային հայտնություններ է սպասում ոչ թե Տեր Աստծուց, այլ «Աստծո մոտ (կամ կողքին)», այսինքն՝ Բահաղից՝ սուտ մարգարեներից։ Մյուս մեկնաբանները (Ումբրեյտ, Էվալդ) «ցոֆե» բառը ընդունում են «պահապան», «պաշտպան», իսկ «իմ» (ռուսերեն՝ «մոտ») մասնիկը՝ «ընդդեմ» իմաստով։ Այդպիսի ընկալման պարագայում մարգարեի միտքը այն իմաստն է ստանում, որ Եփրեմը հարձակվում է հենց Աստծո վրա, ընդ որում՝ Ովսեեն նկատի է ունենում ժողովրդի կողմից մարգարեների հալածանքը (Ամովս․ 7։10, 17)։ Ըստ Գոոնակերի՝ «ցոֆե եֆրայիմ իմ ելոհայ» բառերը հաջորդիվ դրված «նավի» բառի համար որպես հավելում են ծառայում և հաջորդ բառերի հետ հարաբերելիս դրանց իմաստը կարող է այսպես փոխանցվել․ «նա, ով Աստծո հետ միասին (անունից) Եփրեմի պահապանն է (այսինքն՝ մարգարեն), թռչուններ որսացողի ցանց է իր բոլոր ճանապարհներին, այսինքն՝ որոգայթ և թշնամություն է ընդդեմ նրա»։
«Նրա Աստծո տան մեջ»․ ակնհայտորեն մարգարեն Աստծո տուն է անվանում ամբողջ իսրայելական երկիրը։ 8−րդ համարում հունական տեքստի տարբերությունը եբրայերենից այն է, որ «պահ յակոշ»՝ «թռչուններ որսացողի ցանց» բառերի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «պահ իկկեշ», և թարգմանել է «παγίς σκολιά» (սլավոներեն՝ «գայթակղության թակարդ»)։ Եբրայերեն «մաստեմա» (թշնամություն) բառը 7-րդ համարի նմանությամբ Յոթանասնիցը թարգմանել է «μανία» բառով, այստեղից էլ գալիս է սլավոներենի «մոլորություն»−ը, իսկ κατέπηξαν «տնկեցին» բայը 8−րդ համար է տեղափոխվել հաջորդ համարից (եբրայերեն՝ «հեէմիկու»)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եփրեմը դիտորդ է Աստծու հետ, մարգարէն գայթակղութեան թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրայ.նրանք մոլորութիւն հաստատեցին Աստծու տան մէջ,
(Արարատ թարգ․) Եփրեմն իմ Աստծու հետ դիտում է, իսկ մարգարեն լարված որոգայթ է նրա բոլոր ճանապարհների վրա, հակառակություն՝ իր Աստծու տան մեջ։
(Գրաբար) Դէ՛տ է Եփրեմ ընդ Աստուծոյ մարգարէ՝ որոգայթ գայթագղութեան յամենայն ճանապարհս նորա. մոլորութիւն ի տա՛ն Աստուծոյ տնկեցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: