Ս. Գրիգոր Տաթևացու խմբագրած հավատքի դավանությունը

Ս. Գրիգոր Տաթևացու խմբագրած «Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք» հավատքի դավանությունը, որը զետեղված է «Ժամագրքի» սկզբում
 
Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք, որ Հայր Աստված անստեղծ է, անծին և անսկիզբ, այլև ծնողը Որդու և բխողը Սուրբ Հոգու:
Հավատում ենք, որ Խոսքն Աստված անստեղծ է, Հորից նախքան հավիտյանները ծնված ու սկսված, Նրանից ո՛չ ավագ և ո՛չ կրտսեր, այլ որքանով Հայրը հայր է, այնքանով Որդին՝ որդի:
Հավատում ենք, որ Սուրբ Հոգի Աստվածն անստեղծ է, անժամանակ, չի ծնված, այլ բխում է Հորից, Հորն էակից է և Որդուն՝ փառակից:
Հավատում ենք, որ Սուրբ Երրորդությունը մի բնություն է, մի աստվածություն. ո՛չ թե երեք աստված, այլ մի՛ Աստված, մի՛ կամք, մի՛ թագավորություն, մի՛ իշխանություն, արարիչ երևացող ու աներևույթ արարածների:
Հավատում ենք սուրբ Եկեղեցուն և մեղքերի թողությանը՝ սուրբերի հաղորդությամբ:
Հավատում ենք, որ Երեք Անձերից Մեկը՝ Հորից նախքան հավիտյանները ծնված Խոսքն Աստված, ժամանակի մեջ իջավ Աստվածածին Կույս Մարիամի մեջ և նրա արյունից վերցնելով՝ միավորեց Իր աստվածության հետ: Ինն ամիս մնալով անարատ Կույսի արգանդում՝ կատարյալ Աստվածը եղավ կատարյալ մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, մի անձ, մի դեմք և միավորված մի բնություն: Աստված մարդացավ առանց փոփոխության ու փոխարինման: Հղիացումն անսերմ էր, և ծնունդն՝ անապական: Ինչպես սկիզբ չունի Նրա աստվածությունը, այդպես էլ անվախճան է Նրա մարդկությունը. «Քանզի Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» [Եբր. ԺԳ 8]:
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը շրջել է երկրի վրա: Երեսուն տարեկան դառնալով՝ եկել է մկրտվելու, Հայրը վկայել է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին», իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է Նրա վրա: Փորձվել է սատանայից և հաղթել նրան: Փրկություն է քարոզել մարդկանց: Մարմնով աշխատել է, հոգնել, քաղցել ու ծարավել: Ապա կամովին եկել է չարչարվելու, խաչվել է և մարմնով մեռնելով հանդերձ՝ աստվածությամբ մնացել կենդանի: Մարմինը՝ աստվածության հետ միավորված, դրվել է գերեզմանի մեջ, իսկ հոգով ու աստվածությունից անբաժան` իջել է դժոխք, հոգիներին քարոզել, դժոխքն ավերել և հոգիներն ազատագրել: Երեք օրից հետո մեռելներից հարություն է առել և աշակերտներին հայտնվել:
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն այդ նույն մարմնով բարձրացել է երկինք և նստել Հոր աջ կողմում: Բայց և գալու է այդ նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին, ինչը նաև բոլոր մարդկանց հարությունն է:
Հավատում ենք նաև, որ հատուցում է տրվելու [մարդկանց] գործերին. արդարներին՝ հավիտենական կյանք, իսկ մեղավորներին՝ հավիտենական տանջանք: