Միքիայի մարգարեության մեկնություն 1։13

Ա․ Լոպուխին

Արագաշարժներին կառքին լծիր, ով Լաքիսի բնակչուհի, դու ես Սիոնի դստեր մեղքի սկիզբը, քանզի քեզ մոտ հայտնվեց Իսրայելի հանցագործությունները։ (Սինոդական թարգ․)[13]
   
   13−րդ համարում հիշատակվող Լաքիսը Բեթ−Ջիբրինայից Գազա տանող ճանապարհի [վրա ընկած] այժմյան Ումմ−Լաքիսն է, որը հուդայական հարթավայրում է՝ Հուդայի ցեղին պատկանող տարածքում (Հս․ 10։3, 23, 30−32)։ Քաղաքը լավ ամրացված էր (Բ Մնաց․ 11։9), այնպես որ կարող էր դիմակայել Սենեքերիմի երկարատև պաշարմանը (Դ Թագ․ 18։14) և Նաբուգոդոնոսորի նվաճման ժամանակ հրեաների համար որպես վերջին ապաստարան ծառայել (տե՛ս Եր․30։7)։ Ենթադրվում է, որ Լաքիսը Սողոմոն թագավորի «ռազմակառքերի համար նախատեսած քաղաքներից» մեկն էր (Գ Թագ․ 10։26), և այնտեղ արևին նվիրաբերված ձիեր են կանգնեցված եղել (Դ Թագ․ 23։11), չնայած վերջին պնդման համար որևէ հիմք չկա։ Մարգարեի Լաքիսին դիմելու իմաստը պարզ չէ, քանի որ եբրայերեն «rethom hammerkabah larechesch» արտահայտությունը տարբեր կերպ է թարգմանվում։ Ըստ ռուսերեն տեքստի իմաստի` մարգարեն, ակնհայտորեն մոտալուտ աղետը նկատի ունենալով, Լաքիսի բնակիչներին արագաշարժ ձիերի միջոցով փախչել է առաջարկում։ Սլավոներեն տեքստում, համաձայն Յոթանասնից թարգմանության, Լաքիսին ուղղված մարգարեի կոչը հետևյալ բառերով է փոխանցվում՝ «կառքերի և ձիավորների աղմուկ», ընդ որում՝ այս բառերը առնչվել են նախորդ համարի ավարտին և Երուսաղեմի մասին են հասկացվել։ «Դու ես (եբրայերեն` «հի»՝ «նա») Սիոնի դստեր մեղքի սկիզբը, քանզի քեզ մոտ հայտնվեց Իսրայելի հանցագործությունները» ի՞նչ [պատճառով] Լաքիսը կարող է Երուսաղեմի մեղքի սկիզբ անվանվել։ Կամլետը, Շեգգը և ուրիշ մեկնաբաններ առաջարկում են 13−րդ համարի երկրորդ հատվածը հետևյալ կերպ վերափոխել․ «Սիոնի դստեր մեղքի սկիզբն այն եղավ, որ քեզ մոտ հայտնվեցին Իսրայելի հանցագործությունները» (Կնաբենբաուեր)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Կառքերի շաչիւն ու երիվարների դղրդիւն թող լինի, Լաքիսի՛ բնակիչներ, նա է Սիոնի դուստրերի մեղքերի սկիզբը, քանի որ քո մէջ կատարուեցին Իսրայէլի ամբարշտութիւնները:
(Արարատ թարգ․) Նժույգը կառքերի՛ն լծիր, ո՛վ Լաքիսի բնակչուհի. նա էր մեղքի սկիզբը Սիոնի դստեր համար, որովհետև քեզանում գտնվեցին Իսրայելի հանցանքները։
(Գրաբար)Շաչիւն կառաց՝ և դրընդիւն երիվարաց. բնակիչք Լաքիսայ, նա՛ է առաջնորդ մեղաց դստեր Սիոնի. զի ի քե՛զ գտան ամպարշտութիւնք Իսրայէլի։