Ա․ Լոպուխին
Այժմ զորք կազմիր, զորքի դուստր, պաշարումով ծածկել են մեզ, գավազանով պետք է հարվածեն Իսրայելի դատավորի ծնոտին։ (Սինոդական թարգ․)[1]
Եբրայերեն Աստվածաշնչում 1−ին համարը առնչված է նախորդ գլխի ավարտին՝ որպես 9−13−րդ համարների եզրափակում։ Սակայն ավելի լավ է այն որպես նոր խոսքի սկիզբ դիտարկել։ 1−ին համարի իմաստը պարզ չէ, և մեկնաբանների կողմից տարբեր կերպերով է սահմանվում։ «Այժմ զո՛րք կազմիր («thithgoddi»), զորքի՛ դուստր»․ բերված բառերում պարզ չէ. 1) թե ո՞ւմ է դիմում մարգարեն և 2) ո՞րն է մարգարեի հրավերի էությունը։ Ըստ հունարեն և սլավոներեն տեքստի իմաստի, որտեղ «զորքի դուստր» արտահայտության փոխարեն ընթերցվում է «Եփրեմի դուստրեր», մարգարեն 1−ին համարում դիմում է Իսրայելական (տասնացեղյան) թագավորությանը։ Մարգարեի դիմումը հենց այս իմաստով են հասկանում սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին և բազմաթիվ մեկնաբաններ (Յունգերով)։ Թեև «Εφραίμ» բառը առկա է Ալեքսանդրյան ձեռագրում, Կյուրեղ Ալեքսանդրացու մոտ և Հոլմսի որոշ ձեռագրերում, սակայն ձեռագրերի մեծ մասում, այդ թվում նաև Վատիկանյան կանոնում, ինչպես նաև երանելի Թեոդորոս Կյուրոսացու և երանելի Հերոնիմոս մոտ, այն բացակայում է։ Այդ պատճառով այն պետք է ինչ−որ մեկնաբանի կողմից ուշ շրջանում արված հավելում համարվի։ 1−ին համարի՝ Իսրայելական թագավորության վերաբերյալ հասկացումը խոսքի համատեքստին չի համապատասխանում։ Չի կարելի նաև որոշ մեկնաբանների հետ միասին (Ակկերման, Չեյն և այլք) 1−ին համարը առնչել Երուսաղեմը պաշարող թշնամիներին, օրինակ՝ բաբելացիներին, որովհետև, ինչպես երևում է 2−րդ համարից, խոսքը ընտրյալ ժողովրդի մասին է։ Ըստ Գոոնակերի կարծիքի՝ «bath gedud» («զորքի դուստր») արտահայտության փոխարեն պետք է ընթերցել «beth−gader», այսինքն՝ մի քաղաքի անուն, որն էլ նշանակում է «պարսպի տեղ»։ Քաղաքի անունը տրվում է ամբողջ հրեական երկրի փոխարեն, որպեսզի բառախաղ ստացվի։ Սակայն 1−ին համարի դիմումը Երուսաղեմին շատ ավելի հեշտությամբ է առնչվում։ Երուսաղեմը «beth−gader» վերանվանելու գաղափարը վիճելի է։ Ռուսերեն թարգմանության «զորքի դուստր» արտահայտությունը կարող է հասկացվել հետևյալ աստվածաշնչյան արտահայտությունների հետ համանմանությամբ՝ «գիտելիքի մարդ» (Առ 24։5), «խոսքի մարդ» (Ելք 4։10), «մահվան որդի» (Ա Թագ. 20։31). «Զորքի դուստր», այսինքն՝ պատերազմի պատրաստված և պատերազմական պատրաստվածության մեջ գտնվող թագավորություն։ Մարգարեն, ըստ ռուսերեն թարգմանության իմաստի, Երուսաղեմին թշնամիների դեմ պայքարի դուրս գալ, «զորք կազմել» է հրավիրում, քանզի դրանով հատկապես ցանկանում է ցույց տալ առաջիկա պայքարի ծանրությունը։ Սակայն այս թարգմանությունը միմիայն ենթադրական է։ Յոթանասնիցը համարի սկիզբը «'Εμφραχθὴσεται ἡμφραγμφ» (սլավոներեն՝ «պարսպով կպաշարվի») տարբերակով է թարգմանել. այդպես է թարգմանում նաև Գոոնակերը։ Վուլգաթայում դիտարկվող արտահայտությունը «vastaberis filia latronis−դու կամայանաս ավազակի դուստր» տարբերակով է թարգմանվում։ Նորագույն մեկնաբանները (Նովակ, Վելհաուզեն, Մարտի) «gadad» («զորք կազմել») արտահայտությունը «տանջել ինքդ քեզ, ի նշան սուգի՝ կտրվածքներ անել» իմաստով են հասկանում և, «bath−vgedud» բայաձևի փոխարեն «hithgoded hithgoddi» ընթերցելով, «ինքդ քեզ տանջիր ցավալի սգի մեջ» տարբերակով են թարգմանում։ Սակայն, ինչպես որ արդարացիորեն նշում է Գոոնակերը, նման թարգմանությունը համատեքստին չհամապատասխանող միտք է փոխանցում, քանի որ մարգարեն պայքարի բարենպաստ ելք է կանխատեսում։ «Պաշարումով ծածկել են մեզ», սլավոներեն՝ «բանակ (հունարեն՝ «συνοχὴ−պաշարման աշխատանքներ»՝ տե՛ս Եր. 52։3, Դատ. 2։3) բերեց ձեզ վրա», սակայն բազմաթիվ հունարեն ձեռագրերում առկա է նաև եբրայերեն ընթերցմանը համապատասխանող «'Εφ᾿ ἡμᾶζ−մեզ վրա» արտահայտությունը։ «Գավազանով պետք է հարվածեն Իսրայելի դատավորի ծնոտին»։ Մարգարեն մատնանշում է ժողովրդին սպասվող ստորացումը։ Իսրայելի դատավորի ներքո հասկանում են կա՛մ Սեդեկիային՝ հրեաների վերջին թագավորին, կա՛մ Օսեին՝ իսրայելացիների վերջին թագավորին, կա՛մ էլ, ավելի ճիշտ՝ ընդհանրապես թագավորին։ Քանի որ մարգարեն դատավորի մասին խոսում է առանց անմիջական սահմանումների, ապա ենթադրում են, որ նա նկատի ունի օրենքում հիշատակվող (տե՛ս Բ Օր. 19։9) գլխավոր դատավորին, այդ կոչումն էլ, կարծում են, որ պատկանում էր թագավորներին։ Եբրայերեն «schopheth» (դատավոր) կամ, հնարավոր է, «achophthej» (դատավորներ) բառի փոխարեն Յոթանասնիցը, ինչպես երևում է, ընթերցել է «schivthej»՝ «ցեղեր, տոհմեր»։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «գավազանով կհարվածեն Իսրայելի ցեղերի ծնոտներին» տարբերակը։ Մյուս հունարեն թարգմանիչները, եբրայերենի համաձայն, «τὸν κριτην» («դատավորին») են ընթերցում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Արդ, դուստրը պիտի ցանկապատուի, քանի որ նեղութիւն բերեց ձեզ վրայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի ազգի ծնօտներին:
(Արարատ թարգ․) Հիմա դու քեզ համար գո՛ւնդ կազմիր, ո՛վ գնդի դուստր, պաշարել են մեզ, գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։
(Գրաբար) Արդ պաշարեսցի դուստրն ցանգով. զի նեղութիւն կարգեաց ի վերայ ձեր. գաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: