Նավումի մարգարեության մեկնություն 3:8

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

8-10. «Մի՞թե դու ավելի լավն ես, քան Նո-Ամոնը, որը գտնվում է գետերի միջև, շրջապատված է ջրով, որի պատնեշը ծովն էր, և ծովը՝ նրա պարիսպը»: [8] «Եթովպիան և Եգիպտոսը, ուրիշների հետ անթիվ բազմությամբ, նրա զորությունն էին, փութացիներն ու լիբիացիները քեզ օգնության էին գալիս»: «Սակայն նա ևս աքսորվեց, գնաց գերության․ նույնիսկ նրա մանուկները կոտորվեցին բոլոր փողոցների խաչմերուկներում, իսկ նրա ազնվականների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին»: (Սինոդական թարգ․)
   
    Որպեսզի փարատվի մարգարեի նկարագրած Նինվեի ամբողջական կործանման (տե՛ս 1−3−րդ համարներ) և նրա ծայրահեղ նվաստացման (տե՛ս 4−7−րդ համարներ) հնարավորության վերաբերյալ յուրաքանչյուր կասկած, ինչը հատկապես անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով իրեն անառիկ և անպարտելի կարծող Նինվեի չափազանց ինքնավստահությունը (Նավ․ 2։11, հմմտ․ Սոփ․ 2։15), մարգարեն մատնանշում է Վերին Եգիպտոսի Նո քաղաքը, այլ կերպ ասած՝ Դիոսպոլիսը (Եվսեբիոս Կեսարացի. «Օնոմաստիկոն», 390), որն ավելի հզոր էր, քան Նինվեն, սակայն կործանվել էր ասորեստանյան զենքի հարվածների տակ: Այդ քաղաքը, ըստ գիտականորեն ընդունված կարծիքի, հարյուր դարպասներ ունեցող Թեբեն է (Երեմ․ 46։25, Եզեկ․ 30։14- 15), որն էլ հայտնի էր Ամոն աստծու հռչակավոր մեհյանով: Հենց հնագույն ժամանակներում հայտնի այս քաղաքին են համապատասխանում 8−րդ և հաջորդ համարներում մատնանշված հատկանիշները։ Թեբեն Վերին Եգիպտոսի մայրաքաղաքն էր, ինչպես որ Մեմֆիսը՝ Ներքին Եգիպտոսի։ Դեռևս Հոմերոսի օրոք այն հայտնի էր իր հզորությամբ և անհամար գանձերով (Իլիական IX, 381−383), ինչի շնորհիվ կոչվում էր «աշխարhի քաղաքների անդրանիկը» (Դիոդորոս Սիցիլիացի. «Պատմական գրադարան», II, էջ 2, § 4)։ «Այն,− ինչպես մատնանշվում է 8−րդ համարում,− ընկած էր Նեղոսի երկու ափերին՝ եգիպտացիների համար այդ սրբազան գետի ջրանցքների և վտակների միջև, այնպես որ անառիկ ամրոցի պես շրջապատված էր ջրերով՝ որպես պարիսպներով։ Ընդհակառակը, Նո−Ամոնը չի կարելի նույնացնել ո՛չ Ալեքսանդրիայի (այս մոտեցումը հիմնված է քաղդեական թարգմանության և երանելի Հերոնիմոսի վկայության վրա (տե՛ս «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 299-300)), ո՛չ էլ, այսպես կոչված, Ներքին Եգիպտոսում գտնվող «Փոքր Դիոսպոլիսի» հետ․ 8−րդ համարում մատնանշված հատկանիշները այդ քաղաքներից ոչ մեկին բավարար չափով չեն համապատասխանում․ ավելին, Փոքր Դիոսպոլիսի պես աննշան քաղաքի հետ աշխարհահռչակ Նինվեի համեմատությունը կլիներ տարօրինակ և ոչ համոզիչ։ Իսկ Մեծ Դիոսպոլիսի կամ Թեբեի համար արդեն բնորոշ է «Ամոնի քաղաք» անվանումը։ Այս անվանումը ծագել է XVIII դինաստիայի փարավոն Ռամզես I−ի կողմից այնտեղ կառուցված համանուն աստծու տաճարից։

    Շարունակելով խոսքը՝ 9−րդ համարում մարգարեն արտահայտում է այն միտքը, որ Նո−Ամոն քաղաքը հզոր էր ոչ միայն իր բնական դիրքի անառիկությամբ և սեփական ուժով, այլ նաև իր բազմաթիվ և հզոր դաշնակիցներով ու պաշտպաններով, որոնք այստեղ հիշատակված են հարավից հյուսիս, իսկ այնուհետև՝ դեպի արևմուտք ուղղությամբ: Դրանք Քուշ կամ Հուշ երկրի բնակիչներն են՝ եթովպիացիները (հմմտ. Ծննդ․ 2։13, Դ Թագ․ 19։9, Толковая Библия, т․ II, с. 549 - տե՛ս, վերջին հատվածի նշումը) և Միսրայիմը՝ Եգիպտոսը, որի անվան երկակի ձևի մեջ բովանդակվում է երկրի երկու մասերի՝ Վերին և Ներքին Եգիպտոսների մատնանշումը։ Եգիպտացիների և եթովպիացիների հետ միասին, Նո−Ամոնի գլխավոր դաշնակիցներ և պաշտպաններ են հիշատակվում նաև Փութը՝ ղպտիները կամ մավրիտանացիները (տե՛ս Հ․ Փլավիոս. «Հրեական հնություններ», I, 6, 2) և Լիբիան՝ լիբիացիները (վերջիններս Աստվածաշնչում սովորաբար հիշատակվում են Միսրայիմի և Քուշի հետ միասին, տե՛ս Բ Մնաց․ 12։3, 16։8, Դան․ 11։43)։ Նո−Ամոնի նկարագրված հզորությանը կտրուկ հակադրվում է քաղաքի և նրա գրավումից ու կործանումից հետո բնակիչների աղետալի ճակատագիրը՝ նրանց գերությունը և ծայրահեղ նվաստացումը (10-րդ համար)։ Մարգարեն, ակնհայտորեն, խոսում է վերջերս տեղի ունեցած և ասորեստանցիների ու հրեաների հիշողության մեջ դեռևս թարմ մնացած Նո−Ամոնի կամ Թեբեի գրավման մասին, որը կատարվել է Ասորեստանի արքա Սենեքերիմի (Մանասեին գերեվարող արքան է, տե՛ս Բ Մնաց․ 33։11) որդի Ասարհադոնի կողմից: Վերջինս ասորեստանյան հիշատակարաններում ոչ միայն թագավոր, այլ Միսրայիմի և Քուշի նվաճող է կոչվում (տե՛ս, Սիմաշկևիչ. «Նինվեի մասին Նավումի մարգարեությունը», Սանկտ․ Պ․, 1875, էջ 276−284)։ Ընդհակառակը, լիովին անընդունելի է երանելի Թեոդորետոսի, երանելի Հերոնիմոսի և որոշ նոր մեկնիչների տեսակետը, ովքեր 10−րդ համարում ակնարկ (կամ էլ ավելի ճիշտ մարգարեություն) են տեսնում Ք․ ա․ 525 թվականին Կամբյուսեսի կողմից Թեբեի վերջնական կործանման մասին: Իրադարձության սարսափելությունը մարգարեն էլ ավելի է զորացնում Նո−Ամոն քաղաքը նվաճողների բարբարոսության ևս երեք պատկերներով։ Ընդ որում, քանի որ այդ քաղաքի նվաճողները և դրա բնակիչների հետ այդքան դաժան վարվողներն ասորեստանցիներն էին, ուստի այս ընդհանուր ու սարսափելի պատկերի նոր մանրամասները, ըստ մարգարեի մտադրության, կարող էին զորացնել Նինվեի և ամբողջ Ասորեստանի վերաբերյալ իր կողմից հռչակված վրեժխնդրությունը՝ ևս մեկ անգամ մատնանշելով նրանց սպասվող պատժի լիակատար արդարացիությունն ու դրան արժանի լինելը: Արևելքում տեղի ունեցած պատերազմների և նվաճումների ժամանակ նմանատիպ պատկերների տարածվածությունը հաստատվում է Սուրբ Գրքի հետևյալ համեմատություններով, օրինակ՝ Դ Թագ․ 8։12, Ովս․ 10։14, Ես․ 13։16, Սաղմ․ 136։9, Դատ․ 5։30, Բ Օր․ 20։1, Դատ․ 16։21 և այլն։

--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ, որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած, որի սկիզբը ծովն է, եւ ջրերը՝ նրա պարիսպը:
(Արարատ թարգ․) Մի՞թե դու Նով-Ամոնից լավ ես, որ գտնվում էր Նեղոսի վրա ու շրջապատված էր ջրերով, որի խրամը ծովն էր, ծովը՝ նրա պարիսպը։
(Գրաբար) Պատրաստեա բաժին՝ կազմեա ջնար վիճակդ Ովնայ, որ բնակեալ է ի մէջ գետոց. եւ ջուրք շուրջ զնովաւ, որոյ սկիզբն ծով, եւ ջուրք՝ պարիսպ նորա։