Ա․ Լոպուխին
Աբդիուի տեսիլքը: Այսպես է ասում Տեր Աստված Եդոմի մասին. մենք Տիրոջից լուր լսեցինք, և դեսպանն առաքված է, որպեսզի ասի ժողովուրդներին. «վեʹր կացեք և պատերազմի դուրս գանք նրա դեմ»: (Սինոդական թարգ․) [1]
«Աբդիուի տեսիլքը» (սլավոներենում՝ «Ավդիինո») արտահայտությունն այս գրքի մակագրությունն է: «Chazon» (տեսիլք) տերմինի միջոցով մարգարեները մատնանշում են ոչ միայն տեսիլքի կամ հայեցողության (Ամ. 7:1, 8:1, Եզ. 1:1 և այլ հատվածներ), այլ նաև բառերով (Ես. 1:1) ստացված հայտնությունները: Այս վերջին իմաստով էլ «տեսիլք» արտահայտությունը օգտագործվում է Աբդիուի գրքի մակագրության մեջ: «Այսպես է ասում Տեր Աստվածը Եդոմի մասին» (սլավոներենում՝ «եդոմայեցիների»). սա ոչ թե գրքի հետագայի հավելում համարվող մեկ այլ մակագրություն է, այլ սովորական մարգարեական արտահայտչաձև, որը նախորդում է Եհովայի խոսքին կամ էլ հաստատում է մարգարեի հաջորդող խոսքերի հայտնութենական բնույթ ունենալը: «Մենք Տիրոջից լուր լսեցինք (schamanu), և դեսպանն (zir)առաքված է (schullach) որպեսզի ասի ժողովուրդներին. «Վեʹր կացեք և պատերազմի դուրս գանք նրա դեմ»: Հոգնակի թվով կիրառվող «schamanu» արտահայտության փոխարեն Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում եզակի թվով է՝ «akoenh hkousa» (լուր լսեցի)։ Նույն պարագան է նաև Եր. 49:14 համարում (schamathi): Եբրայերեն տեքստի հետ համաձայն են քաղդերենը (արամեերեն) և ասորերենը, քանի որ «schamanu» բառի կարդալն ավելի դժվար է, քան «schamathi»−ինը, ուստի այն պետք է գերադասել վերջինից, թեև որոշ մեկնաբաններ (Կնաբենբաուեր) նախընտրությունը տալիս են Յոթանասնիցի ընթերցմանը: Եբրայերեն «zir» արտահայտությունը Յոթանասնիցը «perioch» (անջրպետ) բառի միջոցով է թարգմանում, Սյումմաքոսը` «aggelian», ասորական և քաղդեական տեքստերը՝ «angustias»: «Schullach» բայը նրանք իբրև «schillach» են փոխանցել, որտեղից էլ ծագել է սլավոներեն տեքստի «որպեսզի լեզուներով խոսի և ասի» տարբերակը: «Մենք լուր լսեցինք» արտահայտության նախորդող հատվածների հետ կապը ամբողջությամբ պարզ չէ: Ենթադրելով, որ «այսպես է ասում Տեր Աստված Եդոմի մասին» արտահայտության միջոցով անձամբ Տիրոջ խոսքն է մեջբերվում (անձամբ Տիրոջ խոսքը միայն 2−րդ համարից է սկսվում), որոշ մեկնաբաններ (Կասպաիր) 1−ին համարի երկրորդ հատվածը ներածական նախադասություն են համարում, որը լուսաբանում է այն հանգամանքները, որոնց պարագայում մարգարեն հայտնության է արժանացվում: Այդ մեկնաբանները կարծում են, որ մարգարեն ցանկանում է նշել, թե ինքը Եդոմի մասին հայտնությունը ստացել է այն ժամանակ, երբ եդոմայեցիների վրա հարձակվելու ազգերի մտադրության մասին լուրը հասել է իրեն: Սակայն «այսպես է ասում Տերը» խոսքերը կարող են նաև այն բանի մասին ընդհանուր մատնանշման իմաստով ընկալվել, որ մարգարեի հաղորդած հայտնությունը նա ստացել է Աստծուց: Այս պարագայում 1−ին համարի ավարտը կարելի է Եդոմի ճակատագրի մասին մարգարեության սկիզբ համարել: Մարգարեն հոգնակի թվով է խոսում (մենք լսեցինք), քանի որ նա իրեն իսրայելական ժողովրդի անդամ և նրա ներկայացուցիչ է համարում: Մարգարեի կողմից լսված լուրի բովանդակությունն այն է, որ ազգերը պատերազմի են դուրս գալիս Եդոմի դեմ: Մարգարեի կողմից հիշատակված ազգերի մոտ առաքվող «դեսպանի» մասին խոսքերը, Նաբուգոդոնոսորի կողմից, եդոմայեցիների վրա հարձակվել դրդելու նպատակով (Կոռնելիոս Ալպիդ), հարևան ժողովուրդների մոտ դեսպաններ առաքելու կամ նույն նպատակով ժողովուրդների մոտ Հրեշտակի դեսպանության իմաստով հասկանալու կարիք չկա: Մարգարեի կողմից կիրառվող արտահայտությունները պատկերավոր բնույթ ունեն. Եդոմի դեմ պատերազմն անխուսափելի է: Մարգարեն կարծես թե տեսնում է Տիրոջ կողմից առաքված դեսպանին, որը ազգերին Եդոմի դեմ դուրս գալու կոչ է անում: «Վե՛ր կացեք և դուրս գանք» բառերը մարգարեի կողմից դրվում են դեսպանի շուրթերին, սակայն Տիրոջ կոչը չեն (Շեգգ):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Աբդիուի տեսիլքը, որ երեւաց Աքաաբի օրօք Ասորեստանից դուրս գալուց առաջ: Սա է Աբդիուի տեսիլքը: Այսպէս է ասում Տէրը Եդոմի մասին. լուր իմացայ Տիրոջից, որ պաշարման հրահանգ ուղարկեց հեթանոսներին. «Ելէ՛ք, պատերազմի դուրս գանք նրա դէմ»։
(Արարատ թարգ․) Աբդիայի տեսիլքը.
(Գրաբար) Տեսիլ Աբդիու որ եղև յառաջ քան զելս Ասորեստանւոյն յաւուրս Աքաաբու։ Ա՛յսպէս ասէ Տէր ցԵդոմ. Լուր լուայ ի Տեառնէ. և պաշարումն առաքեաց ի հեթանոսս. արի՛ք և յարիցուք ի վերայ նորա ի պատերազմ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: